Մատչելիության հղումներ

Կառավարությունը հաստատեց փոքր եւ միջին ձեռնարկատիրության աջակցության 2004 թվականի ծրագիրը


Հինգշաբթի օրը կառավարության նիստում հաստատվեց 2004 թվականի փոքր եւ միջին ձեռնարկատիրության պետական աջակցության ծրագիրը։ Նախատեսվում է գալիք տարի միայն պետական բյուջեից այդ բնագավառի ենթակառուցվածքների ստեղծման ու ամրապնդման նպատակին ուղղել 250 միլիոն դրամ։

Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանի տեղեկացմամբ, անցնող տարվա ընթացքում երկրի երեք մարզերում՝ Շիրակում, Սյունիքում եւ Տավուշում արդեն ստեղծվել են Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի տարածաշրջանային մասնաճյուղեր։ Հաջորդ տարի եւս երեք նման մասնաճյուղեր կհիմնվեն Արագածոտնի, Լոռու եւ Կոտայքի մարզերում:

«Միջազգային կազմակերպությունների հետ պայմանավորվածություն կա որոշակի ֆինանսավորում ստանալու, եւ հույս ունենք, որ հաջորդ տարի կավարտենք Հայաստանի բոլոր մարզերում տարածաշրջանային կենտրոնների ստեղծումը», - հայտարարեց Ճշմարիտյանը:

Հաստատված ծրագրի համաձայն, եկող տարվա ընթացքում Գյումրիում կհիմնվի «բիզնես ինկուբատոր», որը, ըստ նախարարի՝ «նոր ստեղծվող ու զարգացող փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին տրամադրում է տարածք եւ կենտրոնացված գործարար ծառայություններ, ինչպես նաեւ շուկայական ենթակառուցվածքներից օգտվելու առավել բարենպաստ պայմաններ»:

Ծրագիրը ենթադրում է ուղղորդված պետական օժանդակություն հատկապես նորարարությունների վրա հիմնված ու ավելի մեծ ռիսկ պարունակող բիզնես ծրագրերին: Այդ նպատակով նախատեսվում է մայրաքաղաքում հիմնվել «տեխնոպարկ», որտեղ նորամուծությունների հետ կապված նախագծերի տերերը դրանք ներդնելու հնարավորություն կստանան։ Ամենայն հավանականությամբ, նման տեխնոպարկերին հարկային արտոնություններ կտրվեն։

Ճշմարիտյանի հավաստմամբ, փոքր ու միջին բիզնեսի բնագավառը այս տարվա ընթացքում նույնպես շարունակել է աճել: Նախորդ տարի դրա բաժինը երկրի համախառն ներքին արդյունքի մեջ կազմել է մոտ 35 տոկոս, իսկ այս տարեվերջին այն արդեն կմոտենա 40 տոկոսի սահմանագծին։ Այստեղ ընդգրկված է երկրի զբաղված աշխատուժի 45 - 50 տոկոսը, ինչը, որոշ գնահատումներով, համապատասխանում է միջազգային չափանիշներին։

«Այս տարվա ընթացքում հայաստանյան բանկերից փոքր ու միջին բիզնեսի զարգացման նպատակով տրվել է 2943 վարկ՝ մոտ 15 միլիարդ դրամ ընդհանուր ծավալով», - ասաց նախարարը։

Փոքր բիզնեսով զբաղվող գործարարները՝ հատկապես մայրաքաղաքից դուրս գտնվող բնակավայրերում, բանկերից վարկ ստանալու հարցում լուրջ դժվարություններ են կրում գրավ չունենալու պատճառով։ Պետությունը որոշել է հաջորդ տարվա ընթացքում այդ նպատակով պետական վարկային երաշխիքներ տրամադրել 90-100 միլիոն դրամի սահմաններում։ Կարեն Ճշմարիտյանի փոխանցմամբ Փոքր եւ միջին բիզնեսի աջակցման կենտրոնի հոգաբարձուների խորհուրդն արդեն որոշել է նաեւ յուրաքանչյուր բիզնես ծրագրին տրվող երաշխիքի առավելագույն չափը:

«Նախատեսել էինք 6 միլիոն դրամ, բայց հոգաբարձուների խորհուրդը որոշում ընդունեց, որով թույլ տրվեց առանձին դեպքերում այդ գումարը ավելացնել», - հավելեց նախարարը:

Արդեն մրցույթով ընտրվել են հայաստանյան հինգ մասնավոր բանկերը, որոնց միջոցով պետք է իրականացվի այդ «երաշխիքային» ծրագիրը։ Անշուշտ, վարկային երաշխիքներ ապահովելը անհրաժեշտ պայման է փոքր բիզնեսի համար, սակայն, ոչ մի երաշխիք չկա, թե տարեկան 20 - 30 տոկոսով վերցված եւ նույնիսկ ապահովագրված վարկերով հնարավոր է փոքր բիզնես զարգացնել: Միջազգային փորձը վկայում է, որ փոքր ու միջին բիզնեսի զարգացման համար անհրաժեշտ են շատ ավելի ցածր, ասենք, 5-8 տոկոսով միկրովարկեր տրամադրող մասնագիտացված վարկային կազմակերպություններ։ Սակայն, Հայաստանում նման կազմակերպություններ ու նման էժան փողեր գտնելն առայժմ բարդ է։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG