Մատչելիության հղումներ

Ըստ բրիտանացի փորձագետների, Հայաստանի քաղաքական կյանքում կպահպանվի «ցածր մակարդակի անկայունությունը»


Բրիտանական «Էկոնոմիստ» հեղինակավոր պարբերականի հետազոտական խմբի կանխատեսմամբ, 2004 եւ 2005 թվականներին քաղաքական իրադրությունը Հայաստանում մնալու է լարված:

Այս տարի Հայաստանում անցկացված նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները, բրիտանացի փորձագետների փաստմամբ, միջազգային դիտորդների կողմից որակվել են թերի, եւ դրանց վիճահարույց արդյունքները նույնիսկ ավելի են բեւեռացրել իշխանությունների եւ ընդդիմության հարաբերությունները: Նրանց կարծիքով, իշխող կոալիցիայի կայունությունը երաշխավորված չէ, քանի որ արդեն «ջրի երես են ելել կոալիցիայի անդամների տարաձայնությունները էական քաղաքական խնդիրների շուրջ»:

Հայաստանյան ընդդիմությունը, «Էկոնոմիստ»-ի կարծիքով, առաջ է տանելու նախագահի վստահության հանրաքվեի հարցը, բայց ի վերջո հաջողության չի հասնելու եւ ո'չ դրսում, ո'չ էլ ներսում բավարար աջակցություն չի գտնելու նոր ընտրություններ անցկացնելու համար:

Ընդդիմադիրները հանրահավաքային արշավ են ծավալելու, որպեսզի իրենց հետապնդած խնդիրը հանրային աջակցություն ստանա: Այդ պատճառով «տեսանելի ապագայում ցածր մակարդակի անկայունությունը կպահպանվի Հայաստանի քաղաքական ասպարեզում»:

Ստեփան Դեմիրճյանի գլխավորած «Արդարություն» դաշինքը, որը ձգտում էր չեղյալ հայտարարել այս տարվա ընտրությունների արդյունքները, բրիտանացի փորձագետների գնահատմամբ, նոր հարված ստացավ, երբ Սահմանադրական դատարանի նախագահը կարծիք հայտնեց, թե հիմա, երբ հետընտրական կրքերը մարել են, կարիք չկա վստահութան հանրաքվե անցկացնել: Սա ընդդիմությանը դրդեց Ազգային ժողովում արշավ ծավալել սահմանադրական այնպիսի փոփոխություններ անցկացնելու համար, որոնք թույլ կտան նման հանրաքվե անցկացնել:

«Բայց ընդդիմությունը վերահսկում է խորհրդարանի 131 տեղերից ընդամենը 25-ը, ուստի դժվար թե կարողանա հասնել իր նպատակին», - արձանագրում են բրիտանացի փորձագետները՝ ավելացնելով. - «Արտաշես Գեղամյանի «Ազգային միաբանության» դժկամությունը Ստեփան Դեմիրճյանի «Արդարությանը» միանալու հարցում թուլացնում է ընդդիմությունը»:

Երկրորդ գործոնը, որը «Էկոնոմիստ» հանդեսի հետազոտական խմբի կարծիքով, թույլ չի տալու, որ իրադրությունը Հայաստանում լիովին կայունանա, կոալիցիոն իշխանությունն է: Բրիտանացի մասնագետները փաստում են, որ այս տարի ծագած լարվածությունը տարբեր պաշտոնյաների նշանակման սկզբունքների շուրջ մարել է, բայց Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերությունների հարցում տարաձայնությունները մնում են:

«Հիմա, երբ ընտրություններն ավարտվել են, վերսկսվում են բանակցությունները Լեռնային Ղարաբաղ շուրջ: Հանրապետականները եւ «Օրինաց երկիր»-ը լայնորեն պաշտպանում են խնդրի բանակցային կարգավորումը: Այնինչ դաշնակցականները հիմնականում դեմ են ցանկացած լուծման, որը հիմնված կլիներ փոխադարձ զիջումների վրա», - նշում է «Էկոնոմիստ»-ը: - «Թեեւ Դաշնակցությունը շահագրգռված է մնալ կառավարության կազմում, հազիվ թե այդ կուսակցությունը սատար կանգնի այնպիսի խաղաղ կարգավորման, որը Հայաստանից զիջումներ պահանջի, եւ նման դեպքում կարող է դուրս գալ կոալիցիայից»: Բրիտանացի վերլուծաբանների կանպատեսմամբ՝ եթե նման բան պատահի, կառավարությունը դժվար թե փլուզվի, բայց դա կխաթարի խորհրդարանական ընտրությունները եւ կդժվարացնի բարեփոխումների համար անհրաժեշտ օրենսդրության ընդունումը:



Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG