Մատչելիության հղումներ

Տիգրան Սարգսյան. «Ռուսական կապիտալը ավելի մեծ տեսակարար կշիռ ունի Հայաստանում»


Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը չորեքշաբթի օրը հայտարարեց, որ թեեւ ֆորմալ տեսակետից Հայաստանի բանկային համակարգում գերակշռում է արեւմտյան ծագում ունեցող կապիտալը, սակայն, իրականում գերակշռողը օֆշորային գոտիներում քողարկված ռուսական կապիտալն է:

«Շատ ռուսական ներդրումներ գալիս են օֆշորային գոտիներից, եւ մենք չենք կարող ասել, որ դրանք ուղղակի ռուսական ներդրումներ են: Բայց, եթե ըստ էության ենք բացահայտում, թե որտեղ է առաջանում այդ կապիտալը, ապա կարող ենք ասել, որ ռուսական կապիտալը ունի ավելի մեծ տեսակարար կշիռ», - Հայաստանում ռուսաստանյան երեք բանկերից մեկի՝ «Առէքսիմբանկ»-ի գլխադասային մասնաշենքի բացման արարողության ժամանակ չորեքշաբթի օրը հայտարարեց Սարգսյանը։

Ռուսական աղբյուրներից Հայաստանի բանկային համակարգում արված ներդրումները, Կենտրոնական բանկի գնահատումներով, շուրջ 15 միլիոն դոլար են կազմում։ Ըստ էության, այդ գումարների մեծ մասը Ռուսաստանում բիզնեսով զբաղված հայազգի գործարարների միջոցներն են, որ ներդրվում են Հայաստանում՝ օգտվելով «Շահութահարկի մասին» օրենքի ընձեռած արտոնությունից։

Ներկայումս հայաստանյան բանկային կապիտալի կեսից ավելին օտարերկրյա պատկանելություն ունի. HSBC Armenia, «Մելլաթ», Սեւծովյան բանկերը համապատասխանաբար բրիտանական, պարսկական եւ հունական ծագում ունեն: Իսկ ռուսաստանյան երեք բանկերը հիմնականում սպասարկում են դեպի ռուսական շուկաներ Հայաստանի ընկերությունների արտահանման գործարքները։

Այսօրվա շնորհանդեսին մասնակցող՝ Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Անատոլի Դրյուկովը «շատ դրական» փաստ որակելով ռուսական ներդրումների աշխուժացումը մեր երկրում, շեշտեց, թե հատկապես վերջին երկու տարիներին ռուսական կապիտալի հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ զգալիորեն աճել է:

Տիգրան Սարգսյանի փոխանցմամբ, նախորդ տարվա համեմատությամբ արտասահմանից մեր հայրենակիցների Հայաստան փոխանցած գումարները այս տարի աճել են 18 - 20 տոկոսով՝ կազմելով շուրջ 450 միլիոն դոլար։ Մինչեւ տարեվերջ այդ թիվը կմոտենա 500 միլիոն դոլարի սահմանագծին։ Միայն «Առէքսիմբանկ»-ի միջոցով Ռուսաստանից Հայաստան է փոխանցվում տարեկան 60-65 միլիոն դոլար։ Մի շարք բանկեր, այդ թվում՝ «Առէքսիմբանկ»-ը, շահույթ են վաստակում հենց նման փոխանցումնեից։ Տիգրան Սարգսյանի խոսքերով, բանկերի միջեւ մրցակցությունը ստիպել է, որպեսզի նախկինի համեմատ այդ ծառայությունների սակագները զգալիորեն իջնեն:

Բանկային փոխանցման միջնորդավճարը ներկայում կազմում է փոխանցվող գումարի 1,5 - 2 տոկոսը, մինչդեռ կար ժամանակ, երբ բանկերն իբրեւ կոմիսիոն վճար պահում էին փոխանցվող գումարի մինչեւ 10 տոկոսը։

Տիգրան Սարգսյանն այսօր ասաց, թե չնայած այս տարվա ընթացքում 6-7 բանկ փակվել է, սակայն, թե' ավանդատուների թիվը եւ թե' նրանց ներդրած ավանդագումարները տարվա ընթացքում աճել են՝ դա պայմանավորելով «նոր ծառայություններով, որ այսօր բանկային համակարգը մատուցում է»:

Այդուհանդերձ, հարկ է արձանագրել, որ այսօր բանկային համակարգ մտնում է շրջանառվող դրամական զանգվածի շատ փոքր մասը. բանկերի ընդհանուր կապիտալը կազմում է երկրի համախառն ներքին արդյունքի ընդամենը 6-7 տոկոսը: Սա շատ փոքր ցուցանիշ է, ու այն շատ դանդաղ է աճում: Այդ վիճակի հիմնական պատճառը, ըստ Կենտրոնական բանկի նախագահի, մասնավոր բանկերի նկատմամբ բնակչության վստահության պակասն է, ինչը «ինչ-որ տեղ օբյեկտիվ է», քանի որ մարդիկ տեսնում են, որ բանկեր են սնանկանում։

Այդուհանդերձ, Սարգսյանի խոսքերով, 2005 թվականին «որակական փոփոխություն տեղի կունենա բանկային համակարգում», քանի որ կավարտվեն համակարգի բարեփոխումները եւ կսկսի գործել Ավանդների երաշխավորման հիմնադրամը:


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG