Մատչելիության հղումներ

Համաշխարհային բանկը առաջիկա 4 տարիներին չի նվազեցնի Հայաստանի վարկավորման ծավալը


Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների պատվիրակության անդամները երկօրյա հայաստանյան այցի արդյունքները ամփոփող ասուլիսում հավաստեցին, որ առաջիկա չորս տարիներին Համաշխարհային բանկը չի նվազեցնի Հայաստանի վարկավորումը։

«Պետք է խոստովանեմ, մենք շատ տպավորված ենք Հայաստանում տեղի ունեցած զարգացումներով, երկրի գերազանց տնտեսական ցուցանիշներով, որը արտահայտվել է վերջին տարիների շատ բարձր տնտեսական աճով», - Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակում հրավիրված ասուլիսում ներկայացնելով պատվիրակության հավաքական կարծիքը, ասաց գործադիր տնօրեններից Յահյա Ալյահյան:

Բանկի պաշտոնյան հավելեց, թե իրենք տպավորված են նաեւ Հայաստանի կառավարության մշակած Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի ընդունմամբ, ինչպես նաեւ մշակված հակակոռուպցիոն ռազմավարության փաստաթղթով։ Այս ամենը, նրա խոսքերով, որոշակի դեր կխաղա բանկի կողմից երկրի աջակցման քառամյա ծրագրի մշակման եւ ընդունման հարցում։

Համաշխարհային բանկի գործադիր տնօրեններից ոչ մեկը կոնկրետ պատասխան չտվեց հարցին, թե որքա՞ն կլինի առաջիկա տարիներին բանկի կողմից աջակցման հնարավոր ծավալը։ Բանկի երեւանյան գրասենյակի տնօրեն Ռոջեր Ռոբինսոնը ընդամենը ասաց, թե օժանդակությունը կլինի Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի շրջանակներում եւ հիմնական ծրագրերը կուղղվեն կրթության, առողջապահության, սոցիալական աջակցման եւ ենթակառուցվածքների բարեփոխումներին։

Ռոբինսոնի փոխանցմամբ, երկրի աջակցման հաջորդ ռազմավարությունը սկսելու 2004-ի հուլիսի 1-ից, իսկ փաստաթուղթը պատրաստ կլինի մինչեւ 2004 թվականի փետրվարը եւ կներկայացվի տնօրենների խորհրդի հաստատմանը։ Ապագա աջակցության գումարի կոնկրետ չափեր Ռոբինսոնը չնշեց, մինչդեռ, 2004 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումների ընթացքում ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը հայտարարել է, թե իրենք առաջիկա չորս տարիներին Համաշխարհային բանկից 180-200 միլիոն դոլարի արտոնյալ պայմաններով վարկավորում են ակնկալում։

Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի տնօրենը ասաց նաեւ, որ առաջիկա տարիներին Հայաստանը կշարունակի վարկավորվել Համաշխարհային բանկի ամենաարտոնյալ պատուհանից՝ Զարգացման միջազգային ընկերակցություն կողմից։ Միեւնույն ժամանակ նա նշեց, որ եթե Հայաստանը առաջիկա տարիներին պահպանի տնտեսական աճի բարձր տեմպերը, ապա չի բացառվում, որ Համաշխարհային բանկը Հայաստանին վարկեր տրամադրի ավելի խիստ պայմաններով՝ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի պատուհանից։ Այդ վարկավորումը, ըստ նրա, հնարավոր կդարձնի նաեւ մասնավոր արտաքին աղբյուրներից Հայաստանի տնտեսության ավելի առատ վարկավորումը։

Մինչ այժմ Համաշխարհային բանկից Հայաստանի կառավարությունը 32 տարբեր ծրագրերի գծով մոտ 736 միլիոն դոլարի արտոնյալ վարկավորում է ստացել։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG