Մատչելիության հղումներ

Համաշխարհային բանկի ղեկավարությունը Հայաստանը համարում է տարածաշրջանի լավագույն երկիրը


Տարածաշրջանային այցը Հայաստանի սկսած՝ Համաշխարհային բանկի 10 գործադիր տնօրեններից բաղկացած ներկայացուցչական պատվիրակությունը երկուշաբթի օրը հանդիպումներ ունեցավ երկրի ղեկավարության, ֆինանսաբանկային, ինչպես նաեւ տնտեսության եւ սոցիալական ոլորտի կառավարմանն առնչվող պաշտոնյաների հետ։ Բանկի Կովկասյան տարածաշրջանի տնօրեն Դոննա Դոուսեթ Կորյոլոյի գնահատմամբ, Հայաստանը Համաշխարհային բանկի աջակցմամբ իրականացվող ծրագրերի առումով տարածաշրջանի լավագույն երկիրն է:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Վիգեն Սարգսյանը, այցի նպատակը երկրում ընթացող բարեփոխումներին ծանոթանալն է, պլանավորված հետագա ծրագրերի եւ բարեփոխումների քննարկումը հայաստանյան պաշտոնյաների հետ:

Հայաստանի նախագահ մամլո գրասենյակի տարած հաղորդագրության համաձայն, ընդունելով Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների պատվիրակությանը, Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ բանկի հետ Հայաստանի համագործակցությունը զարգանում է «բավականին արդյունավետ եւ կառուցողական»: Հյուրերը, իրենց հերթին, բարձր են գնահատել Հայաստանում իրականացվող տնտեսական բարեփոխումների ընթացքը՝ շեշտելով, որ արդեն իսկ նկատելի են դրանց արդյունքները:

Ըստ Վիգեն Սարգսյանի, մինչեւ հաջորդ տարվա հունիսի վերջը Համաշխարհային բանկի տնօրենների խորհուրդը Հայաստանի համար պետք է հաստատի ընդհանուր առմամբ 42 միլիոն դոլար արժողությամբ չորս վարկային ծրագիր։ Նրա փոխանցմամբ, այս ծրագրերից բացի, քննարկման փուլում է նաեւ մեկ այլ փաստաթուղթ, որը կորոշի առաջիկա տարիներին Համաշխարհային բանկի կողմից Հայաստանին ցուցաբերվելիք վարկավորման պայմանները:

«Կարեւորգույն փաստաթուղթը, որը, հուսանք, որ մինչեւ ֆիսկալ տարվա ավարտը կներկայացվի տնօրենների խորհրդին, դա երկրի հետագա չորս տարվա աջակցության ռազմավարությունն է», - ասաց Սարգսյանը:

Բանկի Կովկասյան տարածաշրջանի տնօրեն Դոննա Դոուսեթ Կորյոլոյի գնահատմամբ, Հայաստանը Համաշխարհային բանկի աջակցմամբ իրականացվող ծրագրերի առումով տարածաշրջանի լավագույն երկիրն է: Այստեղ կատարվող ծրագրերը բանկի վերահսկողական կառույցների կողմից բավարար կամ լավ գնահատականների են արժանացնել։

Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության ակնկալիքներով, առաջիկա չորս տարիներին Համաշխարհային բանկը արտոնյալ պայմաններով Հայաստանին կտրամադրի մինչեւ 200 միլիոն դոլարի վարկավորում։ Բանկի պատասխանատուների հավաստմամբ, առաջիկա չորս տարիներին Համաշխարհային բանկը չի նվազեցնի Հայաստանի վարկավորումը։

Առաջիկա տարիներին բանկը կաջակցի Հայաստանին կառավարության ընդունած Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի շրջանակներում։ Այս ծրագիրը հետագա 12 տարիների համար արտաքին աղբյուրներից նախատեսում է մինչեւ 1 միլիարդ դոլարի արտոնյալ վարկավորում։

Ներկա դրությամբ, մինչդեռ, երկրի արտաքին պարտքը արդեն հատել է 1 միլիարդ դոլարի սահմանագիծը. միայն կառավարության գծով արտաքին պարտքը մոտ է 805 միլիոն դոլարին: Ըստ Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի, կառավարության գծով արտաքին պարտքը 2015 թվականին կդառնա 1 միլիարդ 611 միլիոն դոլար։ Այսինքն՝ արտաքին պարտքը կկրկնապատկվի։ Բնականաբար, հիմնական դոնորը Համաշխարհային բանկն է լինելու։

Վիգեն Սարգսյանի տեղեկացմամբ, մինչ այժմ Համաշխարհային բանկից Հայաստանի կառավարությունը 32 տարբեր ծրագրերի գծով մոտ 736 միլիոն դոլարի արտոնյալ վարկավորում է ստացել։ Այդ ծրագրերից 18-ն արդեն ավարտվել են, 14-ը կատարման ընթացքի մեջ են, 4-ը՝ նախապատրաստման փուլում։

Բանկի գործադիր տնօրենների խմբի այցը տարածաշրջանային է։ Վաղը հայաստանյան այցի արդյունքները ամփոփող ասուլիսից հետո խումբը կմեկնի Ադրբեջան։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG