Մատչելիության հղումներ

Վերագրանցվել է միայն 49 քաղաքական կուսակցություն


Անցած տարի ուժի մեջ մտած «Կուսակցությունների մասին» օրենքի պահանջով Հայաստանում մինչ այդ գործող 116 քաղաքական կուսակցություններից արդարադատության նախարարությունը վերագրանցել է միայն 49-ը: Մերժվել է 8 կուսակցությունների՝ այդ թվում ընդդիմադիր «Արդարություն» դաշինքին անդամակցող ավանդական Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության վերագրանցումը:

Արդարադատության փոխնախարար Տիգրան Մուկուչյանի խոսքերով, նոյեմբերի 17-ին, երբ լրացել էր վերագրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու վերջնաժամկետը, արդարադատության նախարարությունը ստացել էր 59 կուսակցությունների կողմից դիմումներ: Որոշ կուսակցություններ, թեեւ առանձին դիմումներ էին ներկայացրել, սակայն, միաձուլվել էին:

«Հայաստանի կոմունիստների միությունը, Հայաստանի ինտելեկտուալների միությունը եւ Հայաստանի նորացված կոմունիստական կուսակցությունը երեք դիմումի առկայությամբ միացան, միաձուլման ճանապարհով ստեղծվեց նոր կուսակցություն՝ Հայաստանի միավորված կոմունիստական կուսակցություն», - օրինակ բերեց Մուկուչյանը:

Մերժում ստացած 8 կուսակցություններից 2-ը նորից դիմում են ներկայացրել, որոնք ընդունվել են, բայց դրանց ընթացք տալու համար ժամանակն արդեն սպառվել է:

Մուկուչյանի խոսքերով, օրենքը հստակ ձեւակերպումների չի տալիս վերագրանցման դիմումը մերժված կամ դիմում առհասարակ չներկայացրած կուսակցությունների հետագա ճակատագրի մասին:

«Օրենքով կարծեք թե միարժեք ու հստակ չկա ամրագրված, որ նրանք պարտադիր պետք է ենթակա լինեն լուծարման, կամ պետք է պարտադիր հարկադրանքի միջոցներ կիրառվեն», - ասաց նա՝ ավելացնելով, թե գուցե անհրաժեշտություն առաջանա օրենքում շտկումներ մտցնել:

Այդ կուսակցություններին օրենքը հնարավորություն տալիս է նորից գրանցվել՝ նույնիսկ օգտագործելով նախկին անվանումը, բայց այդ դեպքում կուսակցությունը նախորդի իրավահաջորդը չի կարող լինել:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG