Մատչելիության հղումներ

Հայ օրենսդիրները տարակարծիք են Ռուսաստանի նորընտիր խորհրդարանի՝ հայ-ռուսական հարաբերությունների վրա հնարավոր ազդեցության մասին


Հայաստանի Ազգային ժողովում իշխող կոալիցիան ներկայացնող պատգամավորները քիչ հավանական են համարում, թե Ռուսաստանում երեկ կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձեւավորվող նոր գումարման Պետական դուման կարող է որեւէ էական ազդեցություն ունենալ հայ-ռուսական հարաբերությունների վրա: Ընդդիմադիր պատգամավորի կարծիքով, մինչդեռ, Ռուսաստանի տարածաշրջանային քաղաքականությունը կկոշտանա:

Երեկ անցած քվեարկության նախնական արդյունքներով, մեծամասնական ընտրակարգով միայն չորս կուսակցություն է հաղթահարել 5 տոկոսի շեմը՝ նախագահ Պուտինի աջակցությունը վայելող «Եդինայա Ռոսիյա»-ն, Ռուսաստանի կոմկուսը, Վլադիմիր Ժիրինովսկու գլխավորած Ռուսաստանի լիբերալ-ժողովրդավարական կուսակցությունը, եւ «Ռոդինա» կուսակցությունը: Աջ ուժերը՝ նախկին խորհրդարանում ներկայացված Յավլինսկու «Յաբլոկո»-ն եւ Աջ ուժերի միությունը, այսպիսով, տեղ չեն ունենա նոր գումարման խորհրդարանում:

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Վահան Հովհաննիսյանի մեկնաբանությամբ՝ քանի որ Պուտինին պաշտպանող բլոկը պահպանել է իր հիմնական դիրքերը, քաղաքականության մեջ «անսպասելի շրջադարձերը» քիչ հավանական են:

«Ես կարծում եմ, որ շատ մեծ փոփոխություններ քաղաքական զարգացումների առումով չեն նկատվելու», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Վահան Հովհաննիսյանը: - «Ակնհայտորեն ազգային թեւը ուժեղացել է. ուժեղացել է Ռագոզին - Գլազեւ - Գերասշչենկո բլոկի [«Ռոդինա» կուսակցություն] գալով»:

Հարցին, թե արդյոք Աջ ուժերի միության՝ որի համանախագահներից մեկը Հայաստանի էներգետիկ համակարգի շուրջ 60 տոկոսը տնօրինող ռուսաստանյան «ՌԱՕ ԵԷՍ» ընկերության նախագահ Անատոլի Չուբայսն է, պարտությունը, էներգետիկ բնավագառում խմդիրներ չի առաջացնի Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ, Վահան Հովհաննիսյանը պատասխանեց. - «Կարծում եմ, հակառակը՝ ավելի կդյուրացնի Հայաստանի վիճակը»: Ազգային ժողովի փոխխոսնակը, այդուհանդերձ, ավելացրեց, թե դժվար է կանխատեսումներ անել տնտեսական հարցերում, որովհետեւ «Ռուսաստանում քաղաքականությունն ու տնտեսությունը այնքան փոխկապակցված չեն, ինչպես արեւմտյան զարգացած երկներում»:

«Օրինաց երկիր» կուսակցության ներկայացուցիչ, Ազգային ժողովի պաշտպանության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Մհեր Շահգելդյանի խոսքերով, հայ-ռուսական հարաբերությունները «այնքան էլ կախված չեն» քաղաքական ուժերի հարաբերակցության մասնակի փոփոխություններից, որովհետեւ դրանք «ռազմավարական եւ պատմական բնույթ են կրում»:

Ընդդիմադիր պատգամավոր, Ազգային ժողովրդավարական միության նախագահ Վազգեն Մանուկյանի խոսքերով, աջ կողմնորոշման ուժերի ամենամեծ սխալն չմիավորվելն էր:

Հարցին, թե Ռուսաստանի նոր խորհրդարանը ինչ ազդեցություն կարող է ունենալ հայ-ռուսական հարաբերությունների, առեւտրատնտեսական համագործակցության վրա, Մանուկյանը պատասխանեց. - «Ես կարծում եմ, որ Ռուսաստանը տարածաշրջանային քաղաքականության մեջ կլինի ավելի կոշտ»:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG