Մատչելիության հղումներ

Կառավարությունը հաստատում է տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային ծրագիր


Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց 2004-2006 թվականներին տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային ծրագիրը։
5 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ եռամյա ծրագրի նպատակը այդ հիվանդության տարածման վտանգից պաշտպանելն է , տուբերկուլյոզի կանխարգելման, հայտնաբերման եւ բուժման միջոցառումների անընդմեջ եւ համակարգված իրականացումը ապահովելը:

Առողջապահության փոխնախարար Հայկ Դարբինյանի փոխանցմամբ, վերջին տասը տարիների ընթացքում տուբերկուլյոզով հիվանդ մարդկանց քանակը Հայաստանում ավելացել է 2,5 անգամ՝ 100 հազար բնակչի հաշվով կազմելով 38 հիվանդ։

«Դժբախտաբար, հիվանդների թվի աճի հետ միասին նկատվում է եւ մահացության ավելացում», - ասաց նա: - «Եթե 100 հազար բնակչին մինչեւ վերջերս ընկնում էր 3 մահ, ապա այսօր՝ 4,3»:

Փոխնախարարն առավել մտահոգիչ է համարում, որ այդ հիվանդությունը առավել հաճախացել է 18- 24 տարեկան երիտասարդների շրջանում, որոնք կազմում են հիվանդների թվի 30 տոկոսը։ Իսկ ընդհանուր առմամբ, հանրապետությունում պաշտոնապես գրանցված է 5620 տուբերկուլյոզով հիվանդ։

Այդ ախտի դեմ պայքարի ծրագիրը նախատեսում է ոչ միայն բավարար բյուջետային ֆինանսավորում, այլեւ արտաքին դոնորների զգալի նյութական աջակցություն։ Միայն պետական բյուջեից հաջորդ տարի այդ ծրագրի իրագործմանը կհատկացվի 717 միլիոն դրամ։ Միջազգային Կարմիր խաչի օժանդակությամբ արդեն ստեղծվել է տուբերկուլյոզի կոմպլեքս հետազոտության լաբորատորիա։ Սարքավորումներ են հատկացրել նաեւ Գերմանիայի եւ Ճապոնիայի կառավարությունները։

Առողջապահության փոխնախարարը հույս ունի, որ այդ օգնության շնորհիվ հնարավոր կլինի նախ եւ առաջ հետազոտել ու բացահայտել տուբերկուլյոզով հիվանդացության բոլոր դեպքերը, ինչպես նաեւ բուժումը հասցնել հիվանդներին՝ անկախ նրանց բնակվելու վայրից:

Ընդհանուր առմամբ, այս հիվանդության համար բարձր ռիսկի խմբեր են համարվում քրեակատարողական հիմնարկներն եւ բանակը։ Հայկ Դարբինյանի խոսքերով, Հայաստանի բանակում գրեթե նույն վիճակն է, ինչ քաղաքացիական պայմաններում: Բանակից անմիջապես զորազրում են հիվանդին, որը այնուհետեւ ստանում է բուժում արդեն քաղաքացիական կյանքում:

Ինչ վերաբերում է կալանավայրերում գտնվող հիվանդներին, ապա, փոխնախարարի հավաստմամբ, նրանց բուժման նպատակով ստեղծվել է 200 մահճակալ ունեցող հակատուբերկուլյոզային դիսպանսեր ու նրանց բուժումը կազմակերպվում է մեկուսացման պայմաններում:

Առողջապահության փոխնախարարը ակնկալում է, որ ծրագրի իրագործման արդյունքում թոքախտով հիվանդ մարդկանց թիվը կտրուկ կնվազի. - «Եթե կա փող, եթե կա հնարավորություն, կարծում եմ, որ մենք արդյունք կունենանք: Մենք նախատեսում ենք, որ 2006-ի վերջում մենք կունենանք բավական մեծ դրական տեղաշարժ»:


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG