Մատչելիության հղումներ

Ղարաբաղյան կարգավորման լուծման տարբերակը կարող է դրվել հանրաքվեի


Իշխանական կոալիցիայի կուսակցությունների ներկայացուցիչները հինգշաբթի օրը չբացառեցին, որ Ղարաբաղյան խնդրի լուծումը «վերջնական տարբերակով» դրվի հանրաքվեի:

Գործող Ազգային ժողովի առաջին նստաշրջանի ավարտի կապակցությամբ անցած ճեպազրույցներում, բնականաբար, չշրջանցվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ վաղը սկսվող տարածաշրջանային այցի համատեքստում: Ամերիկացի, ֆրանսիացի եւ ռուսաստանցի միջնորդները այցը կսկսեն Բաքվից, այնուհետեւ կժամանեն Երեւան ու Ստեփանակերտ:

Հայաստանում եւ Ադրբեջանում նախագահական ընտրությունների անցկացման կապակցությամբ սառեցված բանակցությունների վերսկսումից առաջ՝ անցած շաբաթ Ազգային ժողովում անցած փակ լսումներից տեղեկատվության արտահոսքի եղավ, թե արտգործնախարար Օսկանյանը մտահոգված է, որ միջնորդները կարող են կրկին փուլային կարգավորման տարրեր առաջարկել:

Հանրապետական կուսակցության ղեկավար անդամ, ՀՀԿ խորհրդարանական խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանը այդ կապակցությամբ մեկ նախադասությամբ վերահաստատեց. - «Դիրքորոշումների փոփոխություն չի լինի»:

Ազգային ժողովի պետաիրակավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Մհեր Շահգելդյանի («Օրինաց երկիր») խոսքերով էլ ընդունելի չէ այն փուլային տարբերակը, որը ժամանակին ներկայացվել եւ մերժվել էր:

Փոփոխություն չեն կրել նաեւ իշխող կոալիցիայի երրորդ անդամի՝ Դաշնակցության մոտեցումները: Նրանք նույնպես անընդունել են համարում հարցի կարգավորման փուլային տարբերակը:

Կուսակցական դիրքորոշումներից զատ, մինչդեռ, այսօր շեշտադրվեց մեկ այլ մոտեցում: «Մենք իսկապես կարծում ենք, որ վերջնական որոշումը ժողովուրդն է ընդունելու», - ասաց Մհեր Շահգելդյանը:

«Չի բացառվում, որ այս խնդրի լուծումը վերջնական տարբերակով դրվի հանրաքվեի», - իր հերթին ասաց Դաշնակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Հրայր Կարապետյանը: - «Սա նշանակում է, որ առանց ժողովրդի կամքը հաշվի առնելու, որեւէ լուծում Հայաստանի կամ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները չեն կարող տալ»:

Կարապետյանի հավաստմամբ, Դաշնակցությունը կընդունի հանրաքվեով անցած տարբերակը՝ եթե անգամ դա փուլային կարգավում լինի: «Ընդհանրապես ժողովրդի խոսքին մենք հնազանդվելու սովորույթ ունենք», - փաստարկեց նա:

Ընդդիմադիր պատգամավորները նման մոտեցումը անընդունելի են համարում: «Արդարություն» խմբակցությունից Գրիգոր Հարությունյանի խոսքերով, թեեւ ժամանակին «Ռոբերտ Քոչարյանին Հայաստան բերեցին մեկ նպատակով՝ որ Ղարաբաղի հարցը կարգավորի, պարզվեց, որ ոչնչի էլ չի հասել»:

«Եվ այսօր արդեն ուզում են գցեն Ղարաբաղի վրա, հանրաքվեի մասին են խոսում, թե՝ ժողովուրդը պիտի որոշի», - ասաց Հարությունյանը: Իսկ նույն խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը ավելացրեց. - «Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է իշխանափոխությունից առաջ, որ կլինի 8-10 հազար քառակուսի կիլոմետր անկախ Ղարաբաղ: Այսինքն՝ նա իր խոստումը չի կատարել, եւ որեւէ մանիպուլյացիա կատարել այս հարցում, դա գցել ժողովրդի վրա, ես համարում եմ անթույլատրելի»:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG