Մատչելիության հղումներ

Հայաստանը ձգտում է խորացնել հարաբերությունները Եվրամիության հետ


Աշխատանքային երկօրյա այցով Բրյուսելում գտնվող Հայաստանի նախագահը այսօր հանդիպում է ունեցել Եվրահանձնաժողովի նախագահ Ռոմանո Պրոդիի հետ: Քննարկվել են տարածաշրջանային խնդիրներ եւ Հայաստան - Եվրամիություն համագործակցության հեռանկարները:

Համատեղ մամուլի ասուլիսում Ռոմանո Պրոդին «բարեկամական» որակեց հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են այն ծրագրերը, որոնք կարող են զարգացվել Հայաստան - Եվրամիություն հարաբերությունների շրջանակում: Եվրահանձնաժողովի նախագահը կարեւոր համարեց Եվրամիության կողմից կատարվելիք աշխատանքը՝ Հայաստանում տնտեսական աճի շարունակականությանը նպաստելու ուղղությամբ:

«Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի Հայաստանի հետ մեր հարաբերությունները նյութականացվեն», - ասաց Պրոդին:

Հայաստանի նախագահը ասաց, որ բավարարված է այցի արդյունքներով՝ իր հերթին նշելով, որ Ռոմանո Պրոդիի հետ «անկեղծ խոսակցություն է» ունեցել տարածաշրջանային խնդիրների ու Հայաստանի տնտեսության հեռանկարների վերաբերյալ: Ռոբերտ Քոչարյանը ասաց նաեւ, որ Հայաստանը «շատ լուրջ է» տրամադրված՝ հետագայում խորացնել հարաբերությունները Եվրամիության հետ:

Հայաստանի նախագահը շեշտեց Հայաստանի ցանկությունը, որ Հարավային Կովկասի տարածաշրջանը ընդգրկվի «ընդարձակվող Եվրոպայի հարեւաններ» ստրատեգիայի մեջ: Ինչին ի պատասխան Պրոդին ասաց, որ Եվրամիությունը իրոք ուզում է համագործակցել Հայաստանի հետ, եւ դրա համար իրական փոփոխություններ են պետք:

Ռոմանո Պրոդին նշեց, որ Եվրամիությունը պատրաստ է 12 միլիոն եվրոյի օգնություն հատկացնել Հայաստանին՝ առանց մանրամասնելու, թե որ ոլորտների համար: Նախագահ Քոչարյանը ասաց, թե Հայաստան - Եվրամիություն տնտեսական համագործակցությունը կկենտրոնանա հիմնականում էներգետիկ ոլորտում:

Պատասխանելով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցին, Պրոդին ասաց, թե տարածաշրջանային կոնֆլիկների լուծման դեպքում Եվրամիությունը «ավելի մեծ ներկայություն կունենա տարածաշրջանի տնտեսության մեջ»:


Արմեն Զաքարյան, Բրյուսել

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG