Մատչելիության հղումներ

Ոստիկանները «աշխատել են» բողոքի ցույցի մասնակիցների հետ


Երկուշաբթի օրը Ազգային ժողովի շենքի մոտ ցույցի հավաքված եւ սոցիալական պայմանների բարելավման պահանջներ բարձրացնող զոհված զինծառայողների հարազատների հասարակական կազմակերպությունների կոալիցիայի ներկայացուցիչներից ոմանք երեքշաբթի երեկոյան տարվել են ոստիկանության բաժանմունքներ:

Դեռեւս անցած ամիս զոհված զինծառայողների հասարակական կազմակերպությունների կոալիցիան Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանի անունով դիմում էր ներկայացրել՝ պահանջելով զոհվածների ծնողներին եւ անչափահաս երեխաներ ունեցող այրիներին ամսական 100 հազար դրամ ցմահ կենսաթոշակ նշանակել, կոմունալ ծախսերի վճարման 50 տոկոսանոց արտոնություն տալ եւ ազատել բոլոր տեսակի հարկերից: Դիմումատուները պահանջում էին համապատասխան օրենքի նախագիծ պատրաստել, քննարկել ԱԺ ընթացիկ նստաշրջանում եւ համապատասխան գումար նախատեսել 2004 թվականի բյուջեում:

Երկուշաբթի օրը զոհված ազատամարտիկների հարազատները Ազգային ժողովի շենքի մոտ բողոքի ցույց էին կազմակերպել: Նրանց ներկայացուցիչներին ընդունել էին սոցիալական եւ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովների նախագահները եւ խոստացել էին այսօր պատասխանել բողոքավորներին: Երեկվա նիստում Դաշնակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Հրայր Կարապետյանը անդրադարձել էր հարցին ու առաջարկել էր որոշակի լուծում գտնել:

Այսօր զոհվածների հարազատները, ովքեր եկել էին խորհրդարան սոցիալական եւ պետաիրավական հարցերով հանձնաժողովների նախագահների հետ կրկին հանդիպելու, ասացին, որ երեկ ուշ երեկոյանի իրենցից մի քանիսին տարել էին ոստիկանության բաժանմունքներ:

«Քոչարյան Սանամին՝ ամուսինը մահացած, միակ որդին բանակում զոհված, տարել են: Երեք ժամից ավելի մնացել է Մաշտոցի ոստիկանությունում», - բորբոքված ասաց մի կին՝ թվելով նաեւ մի քանի այլ կանանց անուններ, ում նույնպես երեկ երեկոյան տարել էին ոստիկանություն:

Անհայտ կորած ազատամարտիկ Արթուր Ղարիբյանի մայրը «Ազատություն» ռադիոկայանին պատմեց հետեւյալը. - «Ժամը 8-ին միլիցիոները եկավ, թե՝ գնում ենք քաղմաս: Հարցրի՝ ինչի համար, ասաց՝ կգնանք, կիմանաս: Քաղմասում ասացին՝ դե նստեք արձանագրությունը կազմեք, որպեսզի ցույցի դուրս չգաք, նման խախտումներ չանեք»:

63-ամյա կինը վրդովված ասաց, որ իրեն մինչեւ գիշերվա ժամը երեքը պահել են ոստիկանությունում:

Երեկ լրատվամիջոցներով լուր էր տարածվել, թե զոհված ազատամարտիկների ծնողները իբր խորհրդարան են գալու բենզինով լի շշերով: «25 տարեկան զավակ եմ տվել հանուն Հայրենիքի», - հերքելով այդ հրապարակումները ասաց Ղարիբյան Արթուրի մայրը, - «Ես իմ Հայրենիքս կքանդե՞մ»:

Պետական այրերը, մինչդեռ, դժվարանում են այս հարցին լուծում տալ: Երեկ Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը ասել էր, թե «ռեալ չի 100 հազար դրամ կենսաթոշակի պահանջը»:

Իսկ երկրի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, այսօր պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, ասաց. - «100 հազար դրամ այսօր Հայաստանում ոչ մի թոշակառու չի ստանում: Հենց այդ 100 հազար ուզեցող թոշակառուներին կառավարությունը վարչապետի ֆոնդից եւ պահուստային ֆոնդից տվել է կարելի ասել 30-40 միլիոն դրամ՝ նրանց էլեկտրաէներգիայի պարտքերը մարելու համար»:

Վարչապետ ավելացրեց նաեւ, որ հարցը կարգավորված է օրենքով:

Իշխանությունները, այսպիսով, ասում են, թե հնարավոր չէ այսօր բավարարել զոհվածների հարազատների պահանջները: «Ինչո՞ւ հնարավոր չէ», - բորբոքված հակադարձում են ցուցարարները: - «Դղյակներ սարքել հնարավոր է, խանութներ սարքել քաղաքի կենտրոնում հնարավոր է, բայց զոհվածներին թոշակ տալը հնարավոր չէ՞»:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG