Մատչելիության հղումներ

logo-print

Լրագրողական կազմակերպությունները հակադիր գնահատականներ են տալիս «Զանգվածային լրատվության մասին» օրինագծին


Չորեքշաբթի օրը «Զանգվածային լրատվության մասին» օրենքի նախագիծը պիտի արդեն երրորդ ընթերցմամբ քվեարկության դրվեր, սակայն Ազգայի ժողովը չհասցրեց դա անել, եւ օրենքը, ամենայն հավանականությամբ, կընդունվի արտահերթ նիստում, քանի որ այսօր աշնանային նստաշրջանը ավարտեց իր աշխատանքը: Լրագրողական կազմակերպություններում, սակայն, մեկ տարուց ավելի ձգված պայքարից հետո էլ տրամագծորեն հակառակ վերաբերմունք է մնացել օրինագծի նկատմամբ:

Երկրորդից երրորդ ընթերցման անցումը, սակայն, բացի խմբագրական փոփոխություններից այլ փոփոխություններ չի նախատեսում, ուստի օրինագիծն այսօրվա տեսքով է վերածվելու օրենքի:

Այսօր հրավիրած ասուլիսում Մամուլի ազգային ակումբի անդամները հայտարարեցին, որ օրենքի այս նախագիծը կոպտորեն ոտնահարում է լրագրողների շահերն եւ իրավունքները: Ակումբի անդամները չեն կասկածում, որ օրինագիծը կընդունվի նաեւ երրորդ ընթերցմամբ: Նրանց միակ հույսն է, որ նախագահ Քոչարյանը չի ստորագրի օրենքը: «Դա, իհարկե, զուտ հիպոթետիկ հնարավորություն է, բայց գուցե թե այն եւս չի բացառվի», - ասաց ակումբի անդամներից Նարինե Դիլբարյանը:

Մամուլի ազգային ակումբի մեկ այլ անդամի՝ Վարդան Վարդանյանի խոսքերով, օրինագիծը «հնարավորություն է տալիս ստիպել լրատվական գործունեություն իրականացնողին բացահայտելու լրատվության աղբյուրը»:

«Ես կարծում եմ, որ լրագրողը պետք է ցանկացած իրավիճակում աղբյուրը չբացահայտելու հնարավորություն ունենա», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Վարդանյանը:

Լրագրողական մեկ այլ կազմակերպության՝ Երեւանի մամուլի ակումբի անդամների համոզմամբ, մինչդեռ, այդ դրույթը շատ ճիշտ է ձեւակերպված օրենքում՝ միայն բացառիկ դեպքերում դատական դռնփակ նիստում կարող է հնչել տեղեկատվության սկզբնաղբյուրի անունը:

«Ինֆորմացիայի աղբյուրի գաղտնազերծման առումով ավելի լիբերալ մոտեցում որեւէ երկրի օրենքում ես չեմ տեսել», - ասաց Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը: - «Այստեղ ուրիշ խնդիր կա, որ ինչ-որ տեղ այս օրենքի շատ առաջադեմ դրույթը կարող է առանձին դեպքերում հակասության մեջ մտնել քրեական օրեսգրքի հետ»:

Երեւանի մամուլի ակումբը, Հայաստանի ժուռնալիստների միությունը, «Ինտերնյուզ» կազմակերպությունը եւ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն համաձայն չեն Մամուլի ազգային ակումբի որակմանը, թե օրենքի՝ նման տեսքով ընդունումը պարտություն է: Դա, նրանց կարծիքով, թեեւ փոքր, բայց հաջողություն է: Նավասարդյանի խոսքերով, այդուհանդերձ, օրենսդրական դաշտը ամբողջությամբ դրական գնահատականի «չի ձգում»:

«Համապատասխան փոփոխություններ են անհրաժեշտ քրեական եւ քաղաքացիական օրենսգրքերում», - ասաց Նավասարդյանը: - «Անհրաժեշտ են, բնականաբար, փոփոխություններ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում, ինչպես նաեւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում»:


Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG