Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Առաջին անհրաժեշտության մթերքների շուկայում գները բռնել են վերելքի ճանապարհը: Վերջին տասնօրյակում թանկացած ալյուրն ու հացը իրենց հետեւից քաշեցին նաեւ մյուս մթերքների գները: «Ո՞վ է բռնելու թռչող գների ոտքերից» հարցի վրա է ուշադրություն սեւեռում այսօր «Հայոց աշխարհ» թերթը: Առեւտրականներից շատերի համոզմամբ, գների այդ աճը պայմանավորված է արտադրողների ցանկությամբ եւ միայն իրենց քմահաճությունն է. - «Այստեղ առկա է շուկայում մեծ տեղ գրավող ընկերությունների փոխհամաձայնեցված հարված սպառողների գրպանին»: Նշվում է նաեւ, որ, օրինակ, կարագի թանկացումը «դրա հիմնական ներկրող օլիգարխներից մեկի նախաձեռնությունն է եւ պայմանավորված է նրա այդ բիզնեսը հարկային դաշտ մտցնելու փորձերով»: «Հայոց աշխարհ» թերթում արձանագրվում է նաեւ դեղորայքի սողացող թանկացում, եւ այստեղ էլ մի քանի օրում 150 դրամով թանկացած մի դեղ ձեռք բերելուց հետո թղթակիցը պարզել է, որ դրա միակ ներկրողը Հայաստանում «Սամվել Ալեքսանյանն է, այսպես կոչված, Լֆիկ Սամոն, որը նախ՝ դեմպինգի ուժով վերացնում է իր ախոյաններին, ապա` թանկացնում դեղորայքը»։

«Հայոց աշխարհ»-ի թղթակցի հարցին, թե հունվարի 1-ից րոպեավճարի թանկացման եւ կանխավճարների վերացման «ԱրմենՏել»-ի որոշման կապակցությամբ ի՞նչ պետք է անի կառավարությունը, արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Արա Սաղաթելյանը փոխանցել է Դավիթ Հարությունյանի տեսակետը, թե տրանսպորտի ու կապի նախարարը պետք է հրամանով «ԱրմենՏել»-ին հանձնարարվի հնարավորինս կարճ ժամկետում զանգվածային լրատվամիջոցներով հայտարարել, որ ապօրինի սակագների կիրառման վերաբերյալ հայտարարությունները ճանաչվում են անվավեր: Ամեն դեպքում, «ԱրմենՏել»-ի հերթական շանտաժը» վերնագրի տակ «Հայոց աշխարհ»-ը արձանագրում է. - «Գործնականում ընկերությունը անցել է իր նախաձեռնության կիրառմանը՝ դեկտեմբերի 1-ից ընկերության բաժանմունքներում դադարեցված է հեռախոսակապի հաստատագրված վճարների ընդունումը... Ամեն ինչ կախված կլինի նրանից, թե որքանով կառավարությունը հակված կլինի ավարտին հասցնել ընկերությանը մենաշնորհից զրկելու գործընթացը», - ընդգծվում է թերթում։

Փոխարենը լոտոների եւ այլ վիճակախաղերի տարածումը Հայաստանում չափազանց սլացիկ ընթացքի մեջ է: «Հայկական ժամանակ» թերթում այսօր շեշտվում է, որ այդ խաղերը հարուցում են զանգվածային փսիխոզ, թմրամոլության պես մի բան են, եւ զարմանալի է, որ առողջապահության նախարարությունն էլ արդեն չի զբաղվում դրանով: Մինչ ավտոմեքենա շահելու տեսլականը սոցիալապես անապահովների վերջին դրամն է կորզում, «Հայկական ժամանակ»-ի առաջին էջին այսօր ներկայացվում է ֆինանսների նախարար Վարդան Խաչատրյանի իրական ծառայողական «Ջիպ»-ը, որն արժե մոտ 60-70 հազար դոլար: «Մաքսային ծառայության պետի եւ Կենտրոնական բանկի նախագահի շատ ավելի ճոխ ու թանկարժեք մեքենաների ֆոնին ֆինանսների նախարարի այս ջիփից «ամաչելու» հանգամանքը, ճիշտն ասած, հուզիչ է», - նշում է «Հայկական ժամանակ»-ը՝ նկատի ունենալով, որ օրերս, տեսնելով իրեն հետեւող լուսանկարչին, Վարդան Խաչատրյանը ոտքով բավականին հեռացել է այդ ավտոմեքենայից եւ ուրիշ տեղ կանչել՝ նստելու:

Անդրադառնալով վրացական իրադարձությունների զուգահեռով Ռոբերտ Քոչարյանի մեկնաբանություններին, «Այբ-Ֆե» թերթը կապակցում է. - «Նա կամ իսկապես վճռական է ու բանի տեղ չի դնում մեր ընդդիմությանը, կամ էլ` շատ է վախենում Վրաստանի իրադարձությունների հայաստանյան կրկնության տխուր հեռանկարից, ու երեւի հենց դա էր պատճառը, որ Քոչարյանն այն ամենն ասելուց հետո հայտարարեց, որ Հայաստանում էլեկտրաէներգիայի գները չեն թանկանա: Այսինքն, ստացվում է, որ կառավարությունն ուզում էր թանկացնել, իսկ «արդար» ընտրված նախագահը չի թողնում: Նաեւ ստացվում է, որ եթե վրացիները մի քիչ էլ առաջադիմեն ժողովրդավարության ասպարեզում, մերոնք երեւի ձեռ քաշեն ամեն ինչ թանկացնելու վարդագույն երազանքից»:

Մահափորձ նախապատրաստելու կասկածով նախկին պատգամավոր, գործարար «Ծաղիկ Ռուբո» մականունով Ռուբեն Գեւորգյանի ձերբակալության առիթով «Առավոտ» թերթը ընդգծում է. - «Այսօր ոչ միայն քրեական հեղինակությունները, նախկին ու նոր պատգամավորներն են ինքնադատաստան գերադասում, այլեւ Հայաստանի յուրաքանչյուր երկրորդ քաղաքացի պատրաստ է վերցնել նռնակն ու գնալ իր հաշիվներն ինքնուրույն մաքրելու, քանի որ չի հավատում օրենքով պաշտպանվածությանը։ Չի հավատում ոստիկաններին, դատախազներին եւ դատավորներին: Գիտի նրանց կախվածության եւ կոռումպացված լինելու աստիճանը: Եվ դա շատ ավելի վտանգավոր է, քան քրեական հաշվեհարդարներն ու ազդեցության ոլորտների վերաձեւումները»։


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG