Մատչելիության հղումներ

«Հոկտեմբերի 27»-ի ոճրագործներին դատարանը դատապարտում է ցմահ ազատազրկման


Դեկտեմբերի 2-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը ցմահ ազատազրկման դատապարտեց 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Հայաստանի Ազգային ժողովի դահլիճում ահաբեկչական գործողություն իրականացրած Նաիրի Հունանյանին եւ նրա հանցախմբի 5 անդամներին:

Ահաբեկիչների վրա, այսպիսով, չի տարածվի Քրեական օրենսգրքում անցած ամիս քաղաքական ընդդիմության նախաձեռնությամբ կատարված լրացումը, ըստ որի ահաբեկիչները կզրկվեին ներման իրավունքից: Օրենքի նշված լրացումը թեեւ ընդունվել է Ազգային ժողովի եւ ստորագրվել նախագահ Քոչարյանի կողմից, ուժի մեջ է մտնելու միայն հրապարակվելուց 10 օր հետո (իսկ այն առայժմ չի հրապարակվել), ուստի ահաբեկիչերը 20 տարի պատիժը կրելուց հետո կարող են դիմել՝ ներում ստանալու ակնկալիքով:

Դատարանի կայացրած վճռով ցմահ ազատազրկում սահմանվեց Նաիրի Հունանյանի, Կարեն Հունանյանի, Էդուարդ Գրիգորյանի, Դերենիկ Բեջանյանի, Վռամ Գալստյանի եւ Աշոտ Կնյազյանի նկատմամբ: Համլետ Ստեփանյանը դատապարտվեց 14 տարվա ազատազրկման:

Առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռը կարող է բողոքարկվել Վերաքննիչ դատարանում՝ 15 օրվա ընթացքում:: Բոլոր ամբաստանյալներն էլ մտադիր են բողոք ներկայացնել:

Վազգեն Սարգսյանի իրավահաջորդ, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը դեռ երեկ հայտարարել էր, որ բոյկոտելու է այսօրվա նիստը:

Կապի եւ տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանի կարծիքով, դատավարությունը քաղաքականացվեց ու ձգձգվեց՝ եւ ամբաստանյալները չստացան իրենց արժանի պատիժը՝ գնդակահարություն:

Մանուկյանի խոսքերով, նախաքննական մարմինը ահաբեկիչների նկատմամբ կիրառել է բոլոր մեթոդները. - «Նույնիսկ մի եղբորը կախաղան են բարձրացրել, այս մեծ տականքին՝ Նաիրիին տարել-ասել են՝ ասեք, որ Քոչարյանն է: Ասել է՝ չէ»:

«Դատավարությունը ուղղորդվել է հենց սկզբից», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի դահլիճում գնդակահարված Կարեն Դեմիրճյանի որդին՝ «Արդարություն» դաշինքի առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը: - «Դատարանը իրականացրել է պատվեր, եւ այսօր այդ գործընթացի եզրափակիչ ակորդն էր»:

«Դատարանը բոլոր հիմքերը ուներ մահապատժի վճիռ կայացնելու համար», - շարունակեց Դեմիրճյանը: - «Դա թույլ էր տալիս թե' մեր Սահմանադրությունը , թե' Եվրոպական կոնվենցիայի 6-րդ արձանագրությունը: Իշխանությունները ամեն ինչ արեցին հանցագործությունը պարտակելու համար»:

Իշխանության ներկայացուցիչներից Ազգային ժողովի փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանը, սակայն, բավարարված է եւ համարում է, թե «Ազգային ժողովում կատարված քաղաքական սպանությունը բացահայտված է»:

«Հայտնաբերվել են նրանք, ովքեր կատարել են այդ սպանությունը եւ կրելու են համապատասխան պատիժ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հովհաննիսյանը: - «Ավելի ծանր դատավիռ Հայաստանի Հանրապետությունը չի նախատեսում»:

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանի խոսքերով, նախագահ Քոչարյանի կողմից Քրեական օրենսգրքում լրացումների ձգձգումը այլ կերպ չի կարելի որակել, քան «լրացուցիչ երաշխիք «27»-ի ոճրագործներին»:

«Տպավորությունը այնպիսին է, որ իշխանությունը բռնազավթած անձը ուղղակի պատանդ է այս հանցագործների ձեռքում եւ տալիս է հերթական երաշխիքը: Սակայն Հայաստանում, կարծում եմ, կլինեն փոփոխություններ շատ ավելի շուտ, քան 20 տարի հետո», - իր հերթին ասաց Ստեփան Դեմիրճյանը:


Կարինե Քալանթարյան եւ Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG