Մատչելիության հղումներ

Կառավարության նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ «Նոր ժամանակներ» կուսակցության հիմնադիր համագումարը: Կուսակցության առաջնորդը անցած նախագահական ընտրություններում նախագահի թեկնածու առաջադրված Արամ Կարապետյանն է:

«Այն ճանապարհը, որ մենք անցել ենք ընդամենը տասը ամսում, ցույց է տալիս, որ մտքերը, որ արտահայտում էր Արամ Կարապետյանը որպես նախագահի թեկնածու, հետո՝ մարդկանց այն խումբը, որը կանգնեց նրա կողքին, ընդունելի են ժողովրդի մի մասի մեջ: Այսինքն՝ էլեկտորատ կա», - իր ելույթում ասաց Արամ Կարապետյանը: - «Մեր հիմնական սկզբունքները ամրագրված են ծրագրի մեջ՝ ժողովրդավարություն, ազատական տնտեսություն, պետականամետություն, հայակենտրոնություն»:

Կարապետյանի ելույթի մնացած մասը քննադատություն էր՝ ուղղված հիմնականում իշխանական քաղաքական ուժերին:

Նրա կարծիքով, որեւէ հարցում Վրաստանում իրավիճակն ավելի վատ չէր, քան Հայաստանում՝ նման համեմատություններն ընդհանրապես սխալ են. ուղղակի հայկական ընդդիմությունը գնաց կայունություն պահպանելու ճանապարհով: Ըստ նրա՝ եթե այն ժամանակ ընդդիմությունը չփշրեց եւ փշալարերի վրայով առաջ չանցավ, «թող որեւէ մեկը չկարծի, թե վախեցել են ավելի տխուր վիճակում հայտնվելու հեռանկարից»:

«Չարաչար սխալվում են: Մենք ոչնչից էլ չենք վախեցել: Այն ժամանակ կազմակերպված ուժի բացակայություն կար, եթե լիներ՝ անպայման ժողովրդի ընդվզումը վերջանալու էր դրանով», - հայտարարեց Կարապետյանը՝ խոստանալով, թե Հայաստանում փոփոխություններ, այդուհանդերձ, լինելու են: Եվ ինքը շատ կցանկանար, որ դրանք լինեին սահմանադրական ճանապարհով: Այլապես, ըստ նրա՝ «գործողությունները կրելու են պորթկումի բնույթ»:

«Ու որեւէ մեկը թող չկասկածի, որ ես ու իմ կողմնակիցները լինելու ենք առաջին շարքերում», - հայտարարեց Կարապետյանը:

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյոք շատ թարկ չէ՞ Հայաստանում կուսակցություն ստեղծելն ու պահելը, Արամ Կարապետյանը ասաց. - «Հայաստանում դա շատ թարկ չի նստում [Ռուսաստանի եւ այլ երկրների համեմատ]: Բայց կարող եմ ձեզ միանգամից ասել, որ հիմա օգտագործում եմ իմ սեփական ֆինանսները: Կարող եք հանգիստ հարցնել հայկական հատուկ ծառայություններին. նրանք տեղյակ են՝ ես գիտեմ»:


Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG