Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Իրավունք» թերթի մեկնաբանի դիտարկմամբ, Հայաստանի ներքաղաքական զարգացումները զգալիորեն կախված են Ռոբերտ Քոչարյանի եւ Վլադիմիր Պուտինի խորհրդավոր հանդիպման բովանդակությունից: «Ի՞նչ է շշնջացել ռուսական արջը Քոչարյանի ականջին» հարցի պատասխանից շատ ու շատ բաներ են կախված. խոսքը հատկապես Վրաստանին, Ջավախքին վերաբերող զարգացումների մասին է: Պատգամավոր Մանուկ Գասպարյանը, մեկնաբանելով Ռոբերտ Քոչարյանի անցկացրած զուգահեռները Հայաստանի եւ Վրաստանի հետընտրական իրավիճակի եւ ընդդիմությանը տրված խորհուրդների եւ գնահատականների մասով, «Առավոտ» թերթում ասում է. - «Եթե Քոչարյանը մնաց իշխանության գահին, դա չի նշանակում, որ վրացիները Շեւարդնաձեին ավելի քիչ էին սիրում, քան հայերը՝ Քոչարյանին... Քոչարյանը ճիշտ է ասում՝ Հայաստանում չէր կարող լինել թավշյա հեղափոխություն։ Նախ՝ Հայաստանում չգտնվեց ոչ մի տղամարդ նախարար, որը հրաժարական տար ընտրությունների արդյունքների կեղծման պատճառով։ Հայաստանի ցույցերն ու հանրահավաքներն այնպիսի հաճախականությամբ չէին լուսաբանվում, ինչպես վրացական դեպքերը։ Բացի այդ, մեր նախագահական ընտրություններից առաջ Քոչարյանը 300 հոգի էր բերել Ղարաբաղից ու պահել: Այդ տղաները մինչեւ ատամները զինված էին, Հայաստանում հարազատներ եւ բարեկամներ չունեին եւ ոչ մեկին էլ չէին ճանաչում»։ «Ի՞նչ տեղի ունեցավ նախագահական ընտրություններից հետո Հայաստանում եւ համաձա՞յն եք արդյոք Քոչարյանի հետ՝ թե ընդդիմությունը շանս չուներ» հարցին Ազգային ժողովի փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը պատասխանում է. - «Հայաստանում ոչինչ էլ տեղի չունեցավ։ Տեղի ունեցան բողոքի ցույցեր, հրապարակային դժգոհություններ։ Ուրիշ ոչինչ տեղի չունեցավ... Ես համաձայն եմ նախագահի հետ՝ մեր ընդդիմությունը, կարծում եմ, ճիշտ է գնահատել իրավիճակը եւ ճիշտ է վարվել։ Հայաստանը Վրաստան չէ։ Այստեղ կա ոստիկանություն, ուժային կառույցներ եւ ընդդիմության գործողությունները կարող էին բերել բախման»։ Վահան Հովհաննիսյանը «Առավոտ»-ում նաեւ արձագանքում է. - «Իսկ ո՞վ ասաց, որ ընդդիմությունը պարտավոր է հաշվի նստել նախագահի խորհուրդների հետ»: Ինչ վերաբերում է վերջին շրջանում իր եւ «Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանի մտքերի փոխանակությանը՝ մասնավորապես, վերջինիս մեղադրանքին, թե «Հովհաննիսյանը արտոնյալ պայմաններում է բանտ նստել», Դաշնակցության բյուրոյի անդամը հարցնում է. - «Հետաքրքիր է, որտեղից գիտի՝ նման բան նրան միայն Սերժ Սարգսյանը կարող էր ասել»: «Ազգային միաբանություն» կուսակցության փոխնախագահ Ալեքսան Կարապետյանն էլ «Հայկական ժամանակ» թերթում այսօր ասում է. - «Արտաշես Գեղամյանի քննադատությունը չկարողանալով հակափաստարկներով հերքել՝ ՀՅԴ լիդերները որոշել են խոսակցությունը գաղափարականից տեղափոխել անձնական հարաբերությունների դաշտ: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Արտաշես Գեղամյանը ԱԺ ամբիոնից քննադատական խոսք ուղղեց ղարաբաղյան կլանի հասցեին, որը սվիններով ընդունվեց ՀՅԴ-ի եւ մասնավորապես Վահան Հովհաննիսյանի կողմից: Դրանից հետո նա հայտարարեց, թե ընդդիմությունն ընդունակ չէ իշխանափոխություն կատարել, եւ իրենք թույլ էլ չեն տա: Այդ պնդումը նշանակում է, որ, այո, 2003 թվականի փետրվարի 19-ին իրենք բռնազավթել են իշխանությունը... Տեղի ունեցածը Վահան Հովհաննիսյան քաղաքական գործչի մեծագույն ֆիասկոն էր», - գնահատում է Ալեքսան Կարապետյանը:

«Վերջին ամիսներին միանգամից մի քանի արտակարգ իրադրություն գրանցվեց Հայաստանում, եւ բոլոր դեպքերում իշխանությունը մարմնավորող տարբեր աստիճանի պաշտոնյաները հանդես եկան վատագույն ինքնապատկերով՝ դրսեւորելով անպատասխանատվություն, անդեմություն ու կեղծիք», - գնահատում է այսօր «Գոլոս Արմենիի» թերթի մեկնաբանը: - «Խմելու ջրի թունավորման, հացի գնի թանկացման, հասարակական տրանսպորտի վթարների խնդիրներում որեւէ հստակ քայլ անող ու հստակ պատասխան տվող չգտնվեց: Այս պայմաններում էլ, բնականաբար, բազմանում են նման կերպ մեզ կառավարել ցանկացողները: Ուռճանում են պաշտոնյաների հաստիքացուցակները՝ «նվազագույն պատասխանատվություն, առավելագույն հավակնություններ» սկզբունքով»:

Ռուսական «HTB»-ի «Նամեդնի» հեռուստահաղորդաշարի վերջին թողարկման ժամանակ մոսկովյան էլիտար մի ակումբի մասին պատմող ռեպորտաժում ակումբի մշտական հաճախորդներից մեկը հայտարարեց. «Այստեղ զվարճանում է Հայաստանի
նախագահի որդին»: Հայտարարությունը, թերեւս, այդքան ուշադրություն չգրավեր, եթե մինչ այդ հեռուստադիտողին չտեղեկացնեին, որ այդ ակումբում շամպայնը արժե հազար դոլար: «Լեւոն Քոչարյանը վերջերս եղել է Մոսկվայում եւ ընկերների հրավերով հաճախել է այդ ակումբ», - «Հայկական ժամանակ»-ի թղթակցին ասել է նախագահի մամուլի խոսնակ Աշոտ Քոչարյանը: «Հայկական ժամանակ»-ը ավելացնում է. - «Մոտ երկու տարի առաջ, մի առիթով, Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, թե իր կրտսեր որդու ամենասիրած տեղը մեր «Ջրաշխարհն է», որտեղից նա «ժամերով դուրս չի գալիս»: Սակայն «Ջրաշխարհն» արդեն ձանձրացրել է ոսկե երիտասարդին. թերեւս, այն պատճառով, որ այդ օբյեկտը էլիտար չէ, ու արքայազնն այնտեղ ստիպված էր լինում շփվել հասարակ մահկանացուների հետ»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG