Մատչելիության հղումներ

Կիրակի ուշ երեկոյան սպանություն նախապատրաստելու մեղադրանքով ձերբակալվել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Գեւորգյանը: Հարուցված քրեական գործի քննությունը վարում է Երեւան քաղաքի դատախազությունը:

«Նոյեմբերի 29-ին ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության եւ Երեւան քաղաքի դատախազության աշխատակիցների համատեղ ձեռնարկած օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում քրեական հետախուզության վարչություն է բերման ենթարկվել Երեւան քաղաքի բնակիչ, 1954 թվականին ծնված, նախկինում դատապարտված «Ծաղիկ Ռուբո» մականվամբ Ռուբեն Պետիկի Գեւորգյանը», -ասված է Հայաստանի ոստիկանության լրատվական ծառայության հաղորդագրության մեջ: - «Պարզվել է, որ վերջինս Երեւան քաղաքի մի շարք վայրերում մտադրվել էր պայթյուններ կազմակերպել՝ մեկ այլ քրեական գործով կալանավորված Գեւորգ Մանուկյանի եւ նրա հարազատների նկատմամբ»:

Իսկ ըստ պաշտոնապես չհաստատված որոշ լուրերի, Ռուբեն Գեւորգյանը նախապատրաստում էր գործարար, Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանի սպանությունը, ինչը հայտնի է դարձել հատուկ ծառայություններին:

Ոստիկանության հաղորդարությունում հիշատակված Գեւորգ Մանուկյանը Ալեքսանյանի քրոջ որդին է: Դատարանը ներկայումս քննում է նրա գործը՝ Ռուբեն Գեւորգյանի տան մոտ անցյալ տարվա աշնանը Գեւորգյանի եղբորորդիներից մեկի ընկերոջ՝ Հարություն Տերտերյանի սպանության կապակցությամբ: Գեւորգ Մանուկյանը ինքն էր հանձնվել իրավապահներին:

Ռուբեն Գեւորգյանի եւ Սամվել Ալեքսանյանի կողմնակիցների միջեւ «արյունալի ռազբորկաները» սկսցվել են անցած տարվանից՝ տնտեսական շահերի բախման հետեւանքով: Դավիթաշեն համայնքում, որի նախկին թաղապետ է եղել Գեւորգյանը, ակտիվ գործունեություն էին ծավալել Սամվել Ալեքսանյանն ու վերջինիս շրջապատը:

Տերտերյանի սպանությանը արդեն այս տարվա ամռանը հետեւեցին Նուբարաշենի դեպքերը, երբ սպանվեցին երեք մարդ, այդ թվում՝ Գեւորգյանի եղբորորդիներից 22-ամյա Արկադի Գեւորգյանը: Նույն օրը, կրակոցներ էին հնչել նաեւ Դավիթաշենի «Սպիտակ» խանութի մոտ, որը պատկանում է Սամվել Ալեքսանյանի ազգականներից մեկին:

Հաղորդվել է, որ այս բոլոր դեպքերը բացահայտված են: Նուբարաշենի հարձակումը, ըստ իրավապահների, կազմակերպել էր ոմն Արթուր Սարգսյան: Ըստ պաշտոնական հաղորդագրության, հանցախումբը վնասազերծված է: Կալանավորվել են պատվիրատուն եւ էլի մի քանի մարդ, իսկ մի քանիսն էլ գտնվում են հետախուզման մեջ:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG