Մատչելիության հղումներ

Քոչարյանը չնախատեսված այցով մեկնում է Սանկտ Պետերբուրգ


Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը կիրակի օր կմեկնի Սանկտ Պետերբուրգ՝ հանդիպելու ռուսաստանցի իր գործընկերոջը: Քաղաքական դիտորդների ենթադրությամբ, այս չնախատեսված հանդիպման հիմնական նպատակը Վրաստանի իրադրությունը քննարկելն է:

Լրատվական գործակալությունների միջոցով Կրեմլի տարածած լուրը հաստատեց Ռոբերտ Քոչարյանի խոսնակը: Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Աշոտ Քոչարյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ նախագահը Պուտինի հրավերով Ռուսաստան կմեկնի «աշխատանքային այցով»: Աշոտ Քոչարյանը հրաժարվեց ասել, թե ինչ հարցեր են ընդգրկված երկու նախագահների հանդիպման օրակարգում:

Անցնող տարվա ընթացքում Քոչարյանն ու Պուտինը մի շարք հանդիպումներ են անցկացրել: Ի տարբերություն գալիք հանդիպման, դրանք գոնե մոտավոր օրակարգը սովորաբար նախապես հրապարակվում էր: Նաեւ առաջին անգամն է, որ երկու երկրների նախագահների հանդիպման մասին հայտարարվում է ընդամենը երկու օր առաջ: Պարզ չէ նաեւ, թե ինչու է հանդիպումը կայանալու ոչ թե Ռուսաստանի մայրաքաղաքում, այլ Սանկտ Պետերբուրգում:

Հայաստանցի որոշ վերլուծաբանների կարծիքով, բանակցությունների անհրաժեշտությունը պայմանավորված է ընդդիմության ճնշման տակ նախագահ Էդվարդ Շեւարդնաձեի հրաժարականից հետո Վրաստանում ստեղծված փոփոխական իրավիճակով: Պուտինը այս հարցով արդեն հեռախոսազրույց է ունեցել Արդբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի հետ:

«Իմ կարծիքով, Քոչարյանի անակնկալ այցը կապված է Վրաստանի հետ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Քաղաքական եւ միջազգային հեազոտությունների կենտրոնի ղեկավար Աղասի Ենոքյանը: - «Ռուսաստանը ուզում է առավելագույնս օգտագործել Հայաստանը՝ Վրաստանում իր քաղաքական նպատակներին հասնելու համար»:

Ռուս-վրացական հարաբերությունները բավական լարված են եղել Շեւարդնաձեի 12-ամյա նախագահության ողջ ընթացքում, իսկ այժմ դրանք կարող են է'լ ավելի լարվել, քանի որ Շեւարդնաձեին փոխարինած նոր ղեկավարությունը է'լ ավելի արեւմտամետ է: Ռուսաստանցի որոշ քաղաքական գործիչներ արդեն մտահոգություն են արտահայտել վրացական «թավշյա հեղափոխության» առաջնորդներից Միխայիլ Սահակաշվիլու գրեթե անկասկած հաղթանակի կապակցությամբ հունվարի 4-ին կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններում:

Ռուսաստանը, մինչդեռ, ցուցադրում է Վրաստանի դեմ իր հիմնական լծակը օգտագործել շարունակելու միտումը՝ այս շաբաթ ավելի վաղ հյուրընկալելով վրացական երեք ինքնավարությունների առաջնորդներին: Հայտարարվել էր, թե Աբխազիայի,Աջարիայի եւ Հարավային Օսեթիայի ղեկավարները Մոսկվայում քննարկել են փոխադարձ տնտեսական կապերը սերտացնելու ուղիները:

Վկայակոչելով Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության անանուն աղբյուրներ, ռուսաստանյան «Իզվեստիա» օրաթերթը հաղորդել է, թե Կրեմլը պատրաստ է Աբխազիային եւ Հարավային Օսեթիային առաջարկել Ռուսաստանի «պրոտեկտորատ»: Աջարիայի ղեկավար Ասլան Աբաշիձեն, մինչդեռ, ով Շեւարդնաձեի իշխանությունից հեռացումը գնահատում է որպես պետական հեղաշրջում, ուրբաթ օրը հանդիպում է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Իգոր Իվանովի հետ:

Ենոքյանը ենթադրություն հնչեցրեց, թե Պուտինը կամենում է, որ Հայաստանը պաշտպանի իր վրացական քաղաքականությունը: «Իմ կարծիքով, Ռուսաստանին ծառայելը ավելի կարեւոր է Քոչարյանի համար, քան հայ-վրացական հարաբերությունների մասին մտածելը», - ասաց նա:


Էմիլ Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG