Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ի ղեկավար անդամը «հրատապ է» տեսնում հայ-թուրքական սահմանի բացումը


Հայաստանի հանրապետական կուսակցության ղեկավար անդամ, կուսակցության խորհրդարանական խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանը շաբաթ օրը հայտարարեց, թե Վրաստանում ստեղծված իրավիճակի եւ դրա հնարավոր զարգացումների սեփական տեսլականի խորապատկերի վրա «հրատապ է» համարում հայ-թուրքական սահմանի բացումը:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Շեւարդնաձեի հարկադրական հրաժարականից հետո հարեւան Վրաստանում ստեղծված իրավիճակին, Գալուստ Սահակյանը այն բնորոշեց որպես «շատ վտանգավոր երեւույթ» Հայաստանի համար: «Որովհետեւ մեզ համար, վերջին հաշվով, ճանապարհների խնդրում դա միակ երկիրն էր, որտեղ կարողացել էինք որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերել», - ասաց նա:

Ներկայացնելով վրաստանյան առաջիկա զարգացումների իր տեսլականը, Սահակյանը ասաց. - «Ստեղծված վիճակը այնպիսին է, որ բավարար չի լինի միայն իշխանափոխությունը. դրանից հետո էլ բավական լարված իրավիճակ է ստեղծվելու այն առումով, որ Վրաստանը ֆեդերատիվ կառուցվածք ունի... Խոսքը վերաբերում է Աջարիային, Հարավային Օսեթիային եւ, կարծում եմ, այս ընթացքում արդեն պարզ դարձավ, որ մյուս ազգերը նույնպես ակնկալիքներ կարող են ունենալ որոշակիորեն ինքնուրույնություն ձեռք բերելու առումով»:

Հարցին, թե արդյո՞ք նկատի ունի Ջավախքը, Սահակյանը պատասխանեց. - «Համեմայն դեպս, կարծում եմ, եթե նման մոտեցումների շարունակական պրոցեսներ ունենանք, շահեկան դուրս կգա նաեւ Ջավախքը»: Սահակյանը չմանրամասնեց, թե ինչպես կարող է դրսեւորվել այդ «շահեկանությունը»:

Նրա համոզմամբ, Վրաստանի ներքաղաքական խնդիրների լուծումը եւ ներքաղաքական իրավիճակի շտկումը երկար ժամանակ է տեւելու: Մեզանից, հետեւաբար պահանջվում է «բարենորոգել հայ-իրանական փոխհարաբերությունները» եւ՝ «հրատապ խնդիր է դառնում Թուրքիայի սահմանի բացումը»:

«Որովհետեւ պատմությունը ցույց է տալիս, որ այն մեծ երեւույթները, որոնք աշխարհում տեղի են ունենում, գոնե մինչեւ այսօր, մինչեւ 21-րդ դար մենք շահեկան դուրս չենք եկել դրանցից», - փաստարկեց նա՝ կապակցելով. - «Եվ շեղվել սակագների վրա, շեղվել աշխատավարձի վրա, շեղվել այս կամ այն պետական չինովնիկի արարքների վրա, կարծում եմ, դրանք անջատողական մոտեցումներ են»:

ՀՀԿ-ի ղեկավար անդամը առաջիկայում առաջարկում է դնել բացառապես միասնականության խնդիր:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG