Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Լավ բաներ էլ կան մեր կյանքում», - «Հայոց աշխարհ» թերթի հարցազրույցում ոգեշնչում է այսօր գրող-պատգամավոր Ալվարդ Պետրոսյանը: - «Այդ լավը պիտի կարողանանք տեսնել։ Թե չէ մեկը կգտնվի ու կասի՝ «այս ճանապարհները, որ կառուցվեցին, բյուջեով չեղավ, այլ Լինսի հիմնադրամով»։ Բայց Լինսի հիմնադրամ ունենալն էլ պետության ջանքով է, ուրեմն պետությունը կարողացել է ապացուցել սիրելի Քըրքորյանին, որ այստեղ ամեն ինչ չէ, որ գողացվում ու թալանվում է, այստեղ կառուցվում է նաեւ»։ «Պիտի համբերատար, խոհեմաբար ժողովրդին ասենք՝ մի քիչ էլ համբերեք», - բանաձեւում է Ալվարդ Պետրոսյանը։ - «Աշխարհի բոլոր քաղաքակիրթ երկրներում էլ մարդիկ պրոբլեմներ, դժգոհություններ ունեն»։

Մինչ «Երկիր» թերթում շեշտադրվում է, թե ի հեճուկս չար լեզուների՝ Հայաստանի նախագահը վավերացրեց քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին Ազգային ժողովի ընդունած օրենքը, որ նախատեսում է նաեւ ցմահ ազատազրկում՝ առանց վաղաժամկետ ազատման իրավունքի, «Այբ-Ֆե» թերթում որոշակիացված է. - «Այդ հրամանագիրը չի տարածվի «27»-ի ոճրագործների վրա: Հրամանագիրը ուժի մեջ է մտնելու «Պաշտոնական տեղեկագրում» հրապարակվելուց 10 օր անց, իսկ դատավճիռը հնչելու է դեկտեմբերի 2-ին՝ ավելի վաղ»: «Հոկտեմբերի 27»-ի գործով պետական մեղադրողներից Գագիկ Ավետիսյանը «Այբ-Ֆե»-ի հարցազրույցում հաստատում է. - «Եթե արդեն դատավորը մտել է խորհրդակցական սենյակ, պետք է առաջնորդվի այդ պահին գործածության մեջ եղած օրենքներով... Ես ինքս էլ համոզված եմ, որ նրանց պատիժը մահապատիժն է»: «Գործի օպերատիվ արագացումը հետապնդում էր այդ նպատակը, որ մենք հասցնեինք դատարանում մինչեւ օրենքի փոփոխությունները, մինչեւ բացառությունները մահապատիժ պահանջել», - ասում է Գագիկ Ավետիսյանը: - «Բայց բոլորիս աչքի առաջ, փաստորեն, մեզ չտրվեց այդ հնարավորությունը»: «Ո՞վ չտվեց այդ հնարավորությունը» հարցին մեղադրողը պատասխանում է. - «Դատավարության որոշ մասնակիցներ: Ես անուններ չեմ ուզում տալ»:

«Վրաստանի եւ Հայաստանի ընդդիմությունների միջեւ զուգահեռներ անցկացնելը սխալ է», - այսօր իր հերթին վստահեցնում է «Երկիր» թերթի մեկնաբանը՝ մասնավորապես նաեւ մատնանշելով. - «Մեր երկրում ոչ թե ընդդիմությունը անվճռականություն է ցուցաբերել՝ ի տարբերություն վրացական ընդդիմության, այլ մեր ընդդիմությունը շատ ավելի պատասխանատու մոտեցում է ունեցել երկրի ապագայի նկատմամբ: Իշխանությունները պետք է ճիշտ քաղաքականություն տանեն ընդդիմության հանդեպ, եւ ժողովրդական խոսքով՝ «պետք չէ մի փայտով քշել», այլ պետք է զանազանել դրականը եւ պատասխանատու մոտեցումը թշնամանքից եւ արկածախնդրությունից: Այսօր անհրաժշետության կա իշխանություն - քաղաքական ուժեր, իշխանություն - հասարակություն, իշխանություն - ընդդիմություն երկխոսության՝ որպես երկրի կայունության երաշխիք»:

«Հայկական ժամանակ» թերթի վերլուծությամբ, Վրաստանի առավել հավանական նախագահացու Սահակաշվիլու կենսագրությունը ցույց է տալիս, որ նա քաղաքական հարաբերությունների մեջ կոշտ եւ անզիջում բնավորություն ունեցող քաղաքական գործիչ է: Անգամ ծայրահեղ հայացքների եւ ծայրահեղ գործողությունների նկատմամբ հակում ունեցող մարդու իմիջ ունի: Ընդ որում՝ ոչ միայն ներվրացական հարցերում: Մյուս կողմից, Ռոբերտ Քոչարյանը «կոշտությամբ ու անզիջում բնավորությամբ ամենեւին էլ չի զիջում Սահակաշվիլուն»: «Քոչարյանն ու Սահակաշվիլին անձնական հակակրանքի պատճառների դեֆիցիտ չունեն, եւ այդ պատճառների շարքը կարելի է շարունակել՝ սկսած աշխարհայացքայինից, վերջացրած քաղաքականով», - խտացնում է տեսաբանը: - «Ու եթե հաշվի առնենք, որ Ռուսաստանն իրեն հակակրելի Սահակաշվիլուն տեղը դնելու համար պարբերաբար պիտի փորձի օգտվել Քոչարյանի ծառայություններից, հայ-վրացական հարաբերություններում նոր բարդացումները շատ հավանական են թվում: Այս գործում կարող է էական դեր խաղալ Միխայիլ Սահակաշվիլու հայկական ծագման մասին խոսակցությունը: Եթե անգամ Սահակաշվիլին զտարյուն հայ է, Վրաստանի նախագահի պաշտոնում պիտի փորձի ապացուցել, որ այդպես չէ` դրանից բխող բոլոր հետեւանքներով»:

«Իրավունք» թերթի դիտարկմամբ, վրացական իրադարձությունների առիթով ե'ւ Արեւմուտքը, ե'ւ Ռուսաստանը ԱՊՀ երկրներին հասկացրին, որ մտադիր չեն մակաբույծի կարգավիճակով պահել ներքին խնդիրները լուծել անընդունակ եւ բնակչությանը արտագաղթից հետ պահելու համար ոչինչ չձեռնարկող կոռումպացված ռեժիմներ. - «Քանզի իշխանական այդպիսի համակարգերի հետագա պահպանումը դառնում է լուրջ ապակայունացնող գործոն ողջ տարածաշրջանում»: Այս առումով «Իրավունք»-ի մեկնաբանը տեղայնացրել է. - «Հայաստանում բավականին դժվար կլինի շարունակել նույնությամբ պահպանել կլանային օլիգարխիկ համակարգը: Միաժամանակ առկա է կտրուկ դրական փոփոխությունների հանրային սպասում, սակայն հայկական «թավշյա հեղափոխության» համար պայմանները դեռեւս չեն հասունացել: Իշխանությունները դեռեւս ունեն հեղափոխական իրավիճակից իրական բարեփոխումների միջոցով խուսափելու ռեսուրս»:

«Դաշնակցության հետ չի կարելի կատակ անել, իսկ Գեղամյանը ռուբիկոնն անցավ», - երեկ այդպես է գնահատել ՀՅԴ գերագույն մարմնի հայաստանյան ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը Արտաշես Գեղամյանի՝ նախորդ օրը Վահան Հովհաննիսյանին ու Դաշնակցությանը տված բնորոշումները: Ըստ Արմեն Ռուստամյանի, հենց Գեղամյանի ամբիցիաներն են ընդդիմության հայտնի խնդիրների պատճառը. - «Գեղամյանը փորձում է զբաղեցնել ՀՀՇ-ի դաշտը։ Հակադաշնակցական դիրքեր է փորձում զբաղեցնել։ Բայց նա այդ բանը փորձում է իրականացնել գերազանցապես ամբոխավարական դրսեւորումներով եւ ոչ թե գաղափարական՝ ի տարբերություն ՀՀՇ-ի»։ Ի վերջո, Ռուստամյանը «Առավոտ» թերթում սահմանում է, որ իրենց «սրբությունները ոտնատակ տվողը կդառնա Դաշնակցության թիվ մեկ հակառակորդը»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG