Մատչելիության հղումներ

Վրաստանի դեսպանը Հայաստանի ղեկավարներին տեղեկացնում է վրաստանյան վերջին զարգացումների մասին


Ինչպես տեղեկացրել են հայաստանյան պաշտոնական աղբյուրները, Հայաստանում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանը իր երկրում ստեղծված լարված իրավիճակը քննարկել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ առանձին հանդիպումներում:

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն, Ռոբերտ Քոչարյանը հինգշաբթի օրը ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Նիկոլոզ Նիկոլոզաշվիլիին` վերջինիս խնդրանքով:
«Հանդիպման ընթացքում քննարկվել են Վրաստանում ներկա իրավիճակին եւ հայ-վրացական հարաբերություններին առնչվող հարցեր», - ասված է հաղորդագրությունում:

Ազգային ժողովի լրատվական ծառայության տարածած հաղորդագրությամբ տեղեկացվում է, որ Վրաստանի դեսպանը Ազգային ժողովի նախագահին փոխանցել է Վրաստանի նոր իշխանության` Նինո Բուրջանաձեի, Միխայիլ Սահակաշվիլու, Զուրաբ Ժվանիայի ողջույնները եւ հաստատել «նրանց պատրաստակամությունը` զարգացնելու ու ամրապնդելու վրաց-հայկական բարեկամական հարաբերությունները»:

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը, իր հերթին, «հաջողություններ է մաղթել հարեւան Վրաստանին եւ վրաց ժողովրդին առաջիկա բարդ ու դժվար ժամանակաշրջանում` իշխանությունների ձեւավորման եւ ներպետական կայունության վերահաստատման գործընթացներում»:

Արթուր Բաղդասարյանը դեռեւս երկուշաբթի օրը քննարկել էր իրավիճակը Վրաստանի նախագահի պաշտոնակատար Նինո Բուրջանաձեի հետ: Արտահերթ նախագահական ընտրությունները Վրաստանում նշանակված են գալիք հունվարի 4-ին: Իշխանափոխություն իրականացրած ընդդիմության միասնական թեկնածուն Միխայիլ Սահակաշվիլին է:

«Հետագա գործընթացները պետք է գնան սահմանադրական ճանապարհով եւ շատ ցանկալի է, որ առաջիկա ընտրությունները ավելորդ լարվածություն չհաղորդեն Վրաստանի հասարակությանը», - անցած երեքշաբթի շեշտել էր Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը:


Լեոնիդ Զիլֆուղարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG