Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Վրաստանում տեղի ունեցած իշխանափոխությունն առիթ տվեց, որ Հայաստանում վերհիշեն 2003 թվականի նախագահական ընտրությունները, երբ ընդդիմությունը նույնպիսի իշխանափոխություն իրականացնելու հնարավորություն ուներ: Հայաստանում ընդդիմության անհաջողությունը քննարկելիս նշվում է, որ ի տարբերություն Վրաստանի՝ Հայաստանում հնարավոր չեղավ միավորել ընդդիմությանը, քանի որ «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահը չպաշտպանեց երկրորդ փուլ անցած Ստեփան Դեմիրճյանին: Երեկ տեղի ունեցած ասուլիսում Արտաշես Գեղամյանը անդրադարձավ այդ ակնարկներին՝ հասկացնել տալով, որ ընդդիմության պարտության մեղավորը Ստեփան Դեմիրճյանն է», - արձանագրում է «Հայկական ժամանակ» թերթը: «Հայոց աշխարհ» թերթի մեկնաբանը Արտաշես Գեղամյանի երեկվա ասուլիսը տեղավորում է ընդամենը «Արդարություն» դաշինքի հետ նրա մրցության բեմում՝ թե իրենցից ով առաջ կընկնի նախագահի վստահության հանրաքվեի հարցը բարձրացնելիս:

«Վրաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո մեզանում կարծես թե սկսում է գործել այսպես կոչված «Միմինոյի ֆենոմենը», - գրում է այսօր «Հայոց աշխարհ»-ի տեսաբանը: - «Երբ մեր հարեւանները ինչ-որ բանի են հասնում, անմիջապես հայերը ունենում են նրանցից առաջ անցնելու եւ սեփական առավելությունը ցույց տալու բուռն ցանկություն... Բայց այն ռազմավարական առաջնահերթությունները, որոնք անկախացումից հետո դրվել են սոսկ աշխարհագրական առումով հարեւան երկու հանրապետությունների առջեւ, փաստորեն տրամագծորեն հակադիր բնույթ են ունեցել, իսկ արդյունքներն էլ, որ ձեռք են բերվել այդ խնդիրները լուծելու գործընթացում, նույնպես արմատապես տարբերվել են միմյանցից»: Այնպես որ, տեսաբանի ընդգծմամբ՝ «Միմինոյի ֆենոմենը», որը համակել է հայաստանյան ընդդիմությանը, իրականում նրան զրկում է իրավիճակը ռեալ գնահատելու, զարգացման բոլորովին այլ մակարդակի վրա գտնվող սեփական երկրի իրական պրոբլեմները հասկանալու եւ դրանք լուծելու միջոցով՝ քաղաքական կյանքում հաջողություն արձանագրելու հնարավորություններից: «Գոլոս Արմենիի» թերթում ներկայացվող վերլուծականում էլ դիտարկումներ կան, որ հայաստանյան ընդդիմությունը վերջին ընտրություններում ցանկացած դեպքում հաջողության հասնել չէր կարող: Մասնավորապես շեշտվում է. - «Շեւարդնաձեի պաշտոնաթողությունը բնավ էլ միայն ընդդիմության ղեկավարած վրաց ժողովրդի արժանիքը չէր. էականը արտաքին ուժերի սցենարն էր: Իսկ մեզանում դեռ կան արդեն 60-ին մոտ մարդիկ, որ ի վիճակի չեն ցնորքներից ազատվել ու վերջապես հասկանալ՝ ժողովրդական զանգվածները բնավ ոչ միշտ եւ ոչ ամեն տեղ են հեղափոխական վերափոխումների հիմնական լոկոմոտիվը: Եվ այդ ընդդիմադիրները դեռ իրենց ներկայությամբ էլ լեգիտիմացնում են իշխանությունների նշանակած արդեն երրորդ խորհրդարանը», - տհասության եւս մեկ դրսեւորում է մատնանշվում «Գոլոս Արմենիի»-ում: «Այբ-Ֆե» թերթի համադրմամբ, հայաստանյան ընդդիմադիրները վերջին ընտրություններում իրոք ապաշնորհություն ու անվճռականություն ցուցաբերեցին. - «Եղավ մի պահ, երբ մեր ժողովուրդն իր վճռականությամբ բնավ չէր զիջում վրացիներին, բայց, փաստորեն, մեր ընդդիմության ղեկավարներն իրենցից կախված ամեն ինչ արեցին, որպեսզի ժողովուրդը, հիասթափվելով ու հուսահատվելով, ցրվի տները... Հիմա մեր ընդդիմության որոշ ղեկավարներ դրա պատճառը փորձում են փնտրել նրանում, թե իբր` դրսի ուժերն աջակցեցին վրաց ընդդիմությանը, իսկ մեր ընդդիմադիրներին դրսի ուժերը ոչ մի օգնություն ցույց չտվեցին: Եթե նույնիսկ այդպես է, ապա պետք է նաեւ ընդունենք, որ մեր ընդդիմության առաջնորդները գրեթե ոչինչ չարեցին, որպեսզի դրսի ուժերի լուրջ ուշադրությանն արժանանային», - այս առումով եւս մեղադրում է «Այբ-Ֆե»-ն:

Ադրբեջանի «Մուսաֆատ» ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից Հիքմեթ Հաջիզադեն, որի հետ զրուցել է «Առավոտ»-ի թղթակիցը, վրացական իրադարձությունների կապակցությամբ ասում է. - «Դա մեր հասարակությունների համար սթափեցնող օրինակ է, մեզ ուղղված ինքնատիպ բարոյական կոչ... Մենք եղածով չենք բավարարվի, որովհետեւ մարդուն հատուկ է անպայմանորեն արդարության հասնելու ձգտումը: Ադրբեջանում բոլորն են ճնշված: Շատերը բանտում են: Բայց այս ամենը 1-2 տարի հետո կանցնի եւ ամեն ինչ նորից կսկսվի»: Ադրբեջանցի ընդդիմադիրը նաեւ նախանշում է. - «Վրաստանի ընդդիմության հաջողված փորձը ադրբեջանական ընդդիմության համար այնքան վարակիչ չի լինի, որ մոտ ապագայում կրկին փորձի փոխել իրերի վիճակը: Բայց այդ փորձն, իհարկե, արմատապես կտպավորվի մարդկանց գիտակցության մեջ»:

Այսօր լույս է տեսել «Հայկական ժամանակ» թերթի 1000-րդ համարը: Այդ առիթով խմբագրականում մասնավորապես նշված է. - «Չենք կարող ասել՝ ինչ է «Հայկական ժամանակը» Ձեզ համար, սակայն մեզ համար այն ընդամենը փնտրտուք է, ճշմարտության փնտրտուք: Մենք հույս ունենք գտնել ճշմարտությունը, որովհետեւ գիտենք, որ այն մեր կողքին է, մեր մեջ: Որովհետեւ մենք գիտենք, որ առանց ճշմարտության չի կարելի»: «Հայկական ժամանակ»-ը ընթերցողներին եւ կոչ է անում շարունակել փնտրել ճշմարտությունը:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG