Մատչելիության հղումներ

Արտաշես Գեղամյանը կրկին կոչ է անում անցկացնել վստահության հանրաքվե


«Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանը չորեքշաբթի օրը հրավիրած ասուլիսում հնչեցրեց իր վստահությունը, թե Հայաստանի միակ փրկությունը արտահերթ ընտրություններն են, որոնց պետք է նախորդի նախագահ Քոչարյանի նկատմամբ վստահության հանրաքվեն:

«[Անհարժեշտ է] իրականացնել Հայաստանի Հանրապետությունում վստահության հանրաքվե, որի արդյունքում, համոզված կարող եմ ասել, տեղի կունենան արտահերթ նախագահական ընտրություններ, որոնց կհաջորդեն, անվերապահորեն, արտահերթ Ազգային ժողովի ընտրություններ»:

Մեկ-երկու ամիս առաջ, մինչդեռ, «Ազգային միաբանության» դիրքորոշումը վստահության հանրաքվե անցկացնելու վերաբերյալ այլ էր: «Ազգային միաբանություն» խմբակցության պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը, օրինակ, այնքան էլ վստահ չէր, որ հնարավոր է «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ կատարել: Կուսակցությունը գերադասում էր անցկացնել համաժողովրդական ստորագրահավաք:

Այս ամիս ավելի վաղ «Արդարություն» դաշինքը կարողացավ Ազգային ժողովի մեծ օրակարգում ընդգրկել «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու մասին օրինագիծը, որի վերաբերյալ Գեղամյանն այսօր ասաց, թե համոզված է, որ այն «քննարկման առարկա պետք է դառնա... եթե ոչ այս եռօրյայում, ապա փետրվարի առաջին իսկ նիստի ժամանակ»:

Գեղամյանը կոչով դիմեց «Ազգային միաբանության» բոլոր անդամներին եւ համակիրներին՝ «պարտադիր կերպով գալ եւ տեր կանգնել Սահմանադրական դատարանի կողմից ընդունված որոշման 6-րդ կետի իրականացմանը»՝ հայտարարելով, որ հանրավքեի անցկացումը «ոչ այլ ինչ է, եթե ոչ ժողովրդավարության արմատավորումը երկրում»:

Հոկտեմբերի 18-ին Արտաշես Գեղամյանը դեռեւս պատրաստակամ էր համագործակցել կոալիցիայի անդամ կուսակցությունների հետ: «Այսօրվա դրությամբ մեր խնդիրը կայանում է նրանում, որ կոալիցիայի մաս կազմող քաղաքական ուժերը գիտակցեն, որ իրենք չպետք է կապվեն այն սայլին, որը հանցավոր է, որովհետեւ իրենք այդքան խրված չեն ապազգային գործողությունների մեջ: Մենք, միեւնույն է, տեր ենք լինելու մեր երկրին հենց նույն Հանրապետական կուսակցության հետ», - ասել էր Գեղամյանը՝ համոզմունք հայտնելով, թե կոալիցիան վաղ թե ուշ գիտակցելու է, որ իշխանությունների վարած արտաքին եւ ներքին քաղաքականությամբ վտանգի տակ է դրվելու երկրի ապագան: «Ազգային միաբանություն»-ը, ուստի, գերադասում էր մեղմացնել կոալիցիայի դեմ քննադատությունը, լինել ավելի հանդուրժողական:

Բայց այսօր կուսակցությունն այլեւս հանդուրժող չէ: «Ազգային միաբանության» առաջնորդը այսօր խստորեն քննադատեց կոալիցիային:

«Երբ տեսնում են, որ ժողովրդի կողմից մերժելի քաղաքականություն է որդեգրվում, փախչում են Ռոբերտ Քոչարյան - Սերժ Սարգսյան նավից: Եվ, բնականաբար, այդ հարցում մենք իրենց կօգնենք բացահայտելով վերջիններիս իսկական դեմքն ու դիրքորոշումը», - ասաց Գեղամյանը:

Փաստորեն Արտաշես Գեղամյանը փորձում էր լրագրողներին վստահեցնել, որ դեռ 2003-ի փետրվարի 19-ին իշխանափոխության, դրանից հետո ձեւավորված կոալիցիայի պառակտման մասին իրենց կանխատեսումները իրականություն են դարձել:

«Այն քաղաքական ուժը, որի կանխատեսումները իրականացել են, որի կանխատեսումները բռնել են ժամանակի քննությունը, լիարժեք իրավունք ունի ինքը առաջնորդելու ժողովրդի պայքարը՝ հանուն իշխանափոխության: Կստարան մեզ՝ խորին շնորհակալություն ենք հայտնում, չեն սատարի՝ միեւնույն է, մեր ուրվագծած ճանապարհը եզակի ճանապարհ է, որը բերելու է հաղթանակի»:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG