Մատչելիության հղումներ

Վազգեն Մանուկյանը «մեռյալ» է համարում Հայաստանի կայունությունը


Ընդդիմության առաջնորդներից Ազգային ժողովրդավարական միության (ԱԺՄ) նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Վազգեն Մանուկյանը «մեռյալ» որակում Հայաստանի կայունությունը, եւ ճիշտ է համարում, որ հայաստանյան քաղաքական ուժերը՝ այդ թվում իշխանական թեւի կուսակցությունները մասնակցեն արտահերթ ընտրություններ կազմակերպելու պրոցեսին:

Արձագանքելով Վրաստանում տեղի ունեցած իշխանափոխության կապակցությամբ երեկ նախագահ Քոչարյանի հայտարարությանը, թե «կարեւոր է, որպեսզի երկրում կայունություն տիրի, որպեսզի երկրի կառավարելիության աստիճանը գտնվի բավարար մակարդակում», Վազգեն Մանուկյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց. - «Կայունությունը լավ բան է: Բայց կա կայունություն, որ իր մեջ պարունակում է զարգացում, կա կայունություն, որն իր մեջ պարունակում է մահ»:

«Կայունության բովանդակությունը մեզ մոտ չի համապատասխանում զարգացմանը», - ավելացրեց նա:

Պաշտոնական Երեւանը միանգամայն հակադիր տեսակետ հնչեցրեց երեկ: «Հայաստանի կայունությունը Կովկասում դառնում է առավել մեծ արժեք», - հայտարարել էր արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը: - «Մեր քաղաքական ուժերը առավել լավ պետք է դա գիտակցեն»:

«Իսկ ես կարծում եմ, որ Հայաստանի ապագայից ելնելով մենք պետք է կարողանանք վաղաժամկետ ե'ւ Ազգային ժողովի, ե'ւ նախագահական ընտրություններ կազմակերպել: Բայց ճիշտ կլիներ, եթե այդ պրոցեսին մասնակից լինեին բոլոր քաղաքական ուժերը, այդ թվում նաեւ իշխանական թեւում գտնվող կուսակցությունները», - ասաց Վազգեն Մանուկյանը: - «Եթե ինչ-որ կուսակցություն իրեն համարում է ազգային եւ մտածում է, որ այս մեռյալ կայունության մեջ կարելի է որեւէ ազգային հարց լուծել, պետք է հասկանա, որ դա այդպես չէ»:

Նրա խոսքեորվ, եթե Ղարաբաղի հարցում ընդունելի է, որ հայերն ու ադրբեջանցիները նստեն եւ «համերաշխությամբ» գան ինչ-որ լուծման, որ օգտակար լինի ամբողջ տարածաշրջանին, ապա երկրի ներսում էլ տարբեր թեւերը կարող են «նստել եւ իրար հետ գալ եզրակացության»:

«Բայց այս վիճակում թողնել երկիրը, երբ աշխարհում ինչ-որ պրոցեսներ են գնում... դա իսկապես մենք մի փոքր գյուղ ենք մնում տարածաշրջանում հսկայական փոփոխությունների առջեւ», - ավելացրեց նա:

Մանուկյանն անդրադարձավ նաեւ դեկտեմբերի սկզբին ակնկալվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցին: Նրա խոսքերով, «լավ լուծումներ» Ղարաբաղյան կարգավորման համար այժմ չեն երեւում: Նրա համոզմամբ, բանակցային փուլում Հայաստանը ավելի թուլացած վիճակում է լինելու, որովհետեւ 2003-ի ընտրություններից հետո Հայաստանի հետ ավելի հեշտ է խոսել. - «Այսպիսի իշխանության հետ պրոբլեմներն ավելի հեշտ կլինի լուծել, քան այն իշխանության հետ, որը հենված է ժողովրդի վրա»:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG