Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Ջավախքում իրավիճակը ընդհանուր առմամբ հանդարտ է, արտակարգ միջադեպեր չկան», - փոխանցում է «Հայոց աշխարհ» թերթը՝ հարցազրույցներով ու վերլուծություններով նաեւ ի մի բերելով. - «Հայաստանի համար կարեւոր է, որ Վրաստանում լինի կայունություն եւ իրավիճակին տիրապետող իշխանություն»: «Առավոտ» թերթի շեշտադրմամբ՝ Շեւարդնաձեն «հեռացավ այն պատճառով, որ իր իշխանությունից չափազանց երկար կառչող յուրաքանչյուր իշխանավոր, ի վերջո, ստիպված է ընտրել՝ կա՛մ շարունակել կառչել պաշտոնից ողջ ուժերով, կա՛մ սեփական ժողովրդին ու պետությանը քաղաքացիական պատերազմի վտանգից զերծ պահել՝ քիչ թե շատ արժանավայել հեռանալով»։ «Էմոցիաները, թե՝ էրնեկ վրացիներին, մեզ մոտ գրեթե համընդհանուր են, որովհետեւ հայաստանցիների ճնշող մեծամասնությունը դժգոհ է իր կյանքից: Սակայն», - գրում է «Առավոտ»-ի խմբագիրը, - «նախանձելուց առաջ արժե մի պահ մտածել, թե ինչ է սպասվում Վրաստանին մոտակա ամիսներին... Հեղափոխությունը (որքան էլ այն թավշյա լինի) չի կարող բացասական հետեւանքներ չունենալ: Մեզ նման փոքր եւ փխրուն պետություններում այդ հետեւանքները կարող են ճակատագրական լինել: Հայաստանին, ինչ խոսք, պետք է իշխանափոխություն եւ պետք է օրինական, ընտրված իշխանություն: Բայց դրա միակ ընդունելի ձեւը հետեւյալն է. իշխանությունը պարտվում է ընտրություններում, արժանապատվորեն ընդունում է իր պարտությունը եւ քաղաքակիրթ, օրինական ձեւով հանձնում է իշխանությունը ընտրություններում հաղթողներին: Մի 50 տարի հետո Հայաստանում հենց այդպես էլ կլինի»:«Հայկական ժամանակ» թերթի խտացմամբ՝ վրացական ընդդիմության հաղթանակից հետո հայ հանրության ուշադրությունը սեւեռվել է հայկական ընդդիմության վրա: «Ինչո՞ւ հայկական ընդդիմությունը չկարողացավ անել այն, ինչ արեց վրացականը, եւ ո՞վ է մեղավոր դրա համար: Մարդկանց գիտակցության մեջ վերջին հարցի պատասխանը կարծես թե միանշանակ է, եւ բոլորը սկսել են հիշել, թե ինչպես տարեսկզբին Ստեփան Դեմիրճյանն այդպես էլ ոչ մի անգամ ընդդիմության երթերին չմասնակցեց, թե ինչպես էր ամեն անգամ հանրահավաքների բազմահազարանոց մասնակիցներին տուն ուղարկում, եւ թե ինչպես հայկական ընդդիմությունն այդպես էլ ոչ մի գիշեր փողոցում չանցկացրեց՝ ի տարբերություն վրացականի, եւ թե ինչպես Հայաստանի ընդդիմությունը, ի տարբերություն վրացականի, հորթի հրճվանքով վազեց խորհրդարանական կեղծված ընտրությունների արդյունքում իրեն շպրտված մանդատները վերցնելու: Հատկապես վերջին հանգամանքը խիստ էական է, որովհետեւ», - առանձնացնում է «Հայկական ժամանակ»-ը, - «վրացական ընդդիմությունը, որը խորհրդարանական ընտրությունների պաշտոնական արդյունքներով շատ ավելի լայն ներկայություն ուներ այդ երկրի խորհրդարանում, քան հայաստանցի ընդդիմադիրները, վիզը ծռած չվազեց իշխանության ձեռքից մանդատները ստանալու եւ մինչեւ վերջ կանգնեց սկզբունքային պահանջների վրա... Տպավորությունն այնպիսին է, որ Վրաստանի նախագահ Էդուարդ Շեւարդնաձեի հրաժարականին զուգընթաց՝ Հայաստանի ընդդիմության ղեկավարի պաշտոնից հրաժարական տվեց նաեւ Ստեփան Դեմիրճյանը», - բխեցնում է «Հայկական ժամանակ»-ը: - «Ընդդիմությունը կամ պետք է կարողանա նոր ղեկավար գտնել, կամ էլ՝ տեղավորվել «ձեռնասուն պետականամետ ընդդիմության» ստորացուցիչ ամպլուայում»:

«Այո, նախագահական ընտրությունների առաջին փուլից հետո ընդդիմությունն ունեցել է սխալներ։ Առավել կոպիտ սխալ եմ համարում խորհրդարանական ընտրություններից հետո ընդդիմության պահվածքը», - «Հայկական ժամանակ»-ի հարցազրույցում ասում է «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը։ - «Ուստի, ես հայցում եմ ժողովրդի ներողամտությունը եւ խնդրում եմ եւս մեկ անգամ վստահել մեզ... Իսկ եթե կա մի ուժ, որին ժողովուրդն ավելի է վստահում, քան մեզ, ես հաճույքով կմիանամ այդ ուժին ու կլինեմ նրա շարքային զինվորը»: Զուգահեռելով Վրաստանի հետ, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը «Այբ-Ֆե» թերթի հարցազրույցում, մասնավորապես, պատճառաբանում է. - «Երբ մեր ընդդիմությունը հրավիրում էր իր բազմահազարանոց հանրահավաքները, ցավոք, սեփական գործերին ի աջակցություն՝ չուներ միջազգային կազմակերպությունների հստակ ձեւակերպված գնահատականները... Իսկ երբ միջազգային դիտորդական առաքելությունների գնահատականը չկա, եւ ընդդիմությունը դիմում է ավելի կտրուկ գործողությունների, ապա հենց այդ նույն միջազգային կազմակերպությունները արդեն կդատապարտեին ոչ թե իշխանություններին, այլ ընդդիմությանը»: «Իրավունք» թերթի վերլուծությամբ, այնուամենայնիվ առաջնային դեր խաղացին հետեւյալ հանգամանքները. Հայաստանում չկար կուռ ընդդիմադիր ճակատ, ընդդիմադիր առաջնորդները վճռական գործողությունների հակված չէին, Քոչարյանը, ի տարբերություն Շեւարդնաձեի, ամբողջ Երեւանը հեղեղել էր զորքով: «Տարբեր է նաեւ Հայաստանի ու Վրաստանի բնակչության զանգվածային հոգեբանությունը: Վրաստանում բողոքի զանգվածային գործողությունների ալիքը տեւեց ամբողջ 20 օր, եւ մասնակիցները չհիասթափվեցին, չհոգնեցին եւ մի 3-4 օրից տներով չցրվեցին: Հայաստանում ընդհակառակը. բողոքի գործողությունների մասնակիցները առաջին օրերին շատանում են, բայց եթե մի քանի օրվա ընթացքում վճռական գործողություն չի լինում, ապա շատ արագ հիասթափվում են», - գնահատում է «Իրավունք»-ի մեկնաբանը:

«Սակագների բարձրացման հայտարարությամբ «ԱրմենՏել»-ը հակահարձակման է անցնում: Հայաստանի կառավարության դիրքորոշումը բացասական է, բայց ոչ միասնական ու հստակ», - որակում է այսօր «Ազգ» թերթի մեկնաբանը՝ բխեցնելով. - «Եթե կառավարությանը չհաջողվի կասեցնել այդ հարվածը, ապա դրա ուժգնությունը աննախադեպ կլինի բնակչության համար... եւ անխուսափելի հասարակական դժգոհության բուռն դրսեւորումները նախ եւ առաջ ուղղվելու են կառավարության դեմ»:

«Գոլոս Արմենիի» թերթի մեկնաբանի հայացքով, մեր պետության ռազմավարությունը սեփական գործերին չխառնվելն է կարծես: «Ներկայիս վիճակը՝ հացի գների շեշտակի բարձրացմամբ ու դրան հետեւած պաշտոնյաների արձագանքով, ասվածի ցայտուն վկայությունն է», - գրում է մեկնաբանը: - «Շուկան գնային ամենաթողություն է հռչակում, իսկ պետությունը թուլակամ լռում է: Բայց եթե այն ի վիճակի չէ հասարակության ցնցումներից պաշտպանել եւ կոռուպցիայի դեմ պայքարի միակ գործնական քայլ էլ տեսնում է հենց անպատիժ պաշտոնյաների աշխատավարձի բարձրացումը, ապա՝ ո՞ւմ է պետք նման պետությունը», - հարց է սրվում է «Գոլոս Արմենիի»-ում:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG