Մատչելիության հղումներ

Երկուշաբթի օրը Հայաստանի ազգային պատկերասրահում հանդիսավորությամբ նշվեց Հայաստանի ազգային դրամի թողարկման 10-ամյակը: Երկրի բարձրաստիճան ղեկավարների, այդ թվում՝ նախագահ Քոչարյանի, քաղաքական եւ գործարար շրջանակների հետ միասին հրավիրված էին նաեւ ԱՊՀ երկրների կենտրոնական բանկերի ղեկավարներ, միջազգային կառույցների եւ օտարերկրյա դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ։

Բարձր տնտեսական աճի եւ ազգային դրամի փոխարժեքի տեւական կայունության ֆոնին հանդիսությունը, անշուշտ, դրական երանգավորում ուներ։ Մինչդեռ 10 տարի առաջ շատ քչերն էին հավատում, որ դրամափոխության, ըստ էության, հարկադրական քայլը կարող է հաջողություն ունենալ։ Արդեն 1993 թվականի նոյեմբերին Հայաստանի իշխանություներին այլ բան չէր մնում, քան հայտարարել ազգային արժույթի թողարկման մասին։ 10-500 դրամ բանկային տոմսերը ներդրվեցին 1 դրամը 200 ռուբլի փոքարժեքով, ինչը, ինչպես կյանքը ցույց տվեց, խիստ անիրատեսորեն տրված գնահատական էր։ Հաշված ամիսների ընթացքում հայկական դրամը տասնապատիկ անգամ արժեզրկվեց, քանզի Հայաստանի կենտրոնական բանկի արտարժութային պահուստն այն պահին ընդամենը 500 հազար դոլար էր։

Այօր անկախ Հայաստանի արտաքին պետական պահուստները մոտ են 500 միլիոն դոլարի սահմանագծին։ Հայաստանի կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանի համոզմամբ, հայկական դրամն այսօր միջազգային չափանիշներին համապատասխանող արժույթ է, դրամի դիրքերն առավել ամուր են, քան ԱՊՀ ցանկացած այլ երկրի ազգային արժույթի դիրքերը:

«Այս տասը տարիների ընթացքում մեր ազգային դրամը կայացել է», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Տիգրան Սարգսյանը: - «Դրա մասին է վկայում այն մակրոտնտեսական իրավիճակը, որ ձեւավորվել է Հայաստանում»:

Այդուհանդերձ, տնտեսության դոլարացման մակարդակն էլ ցածր չէ. հայկական դրամին զուգահեռ ու ավելի մեծ ծավալներով ներքին շուկայում շրջանառվում է ամերիկյան դոլարը: Սարգսյանի բացատրությամբ, այդ երեւույթն իր օբյեկտիվ պատճառներն ունի, եւ երկրի Կենտրոնական բանկը չի կարող արհեստականորեն ավելացնել դրամային զանգվածը։ Մասնավորապես, իր ազդեցությունն է թողնում տնտեսության ստվերայնության բարձր մակարդակը, երբ քիչ թե շատ ծանրակշիռ գործարքներն հենց դոլարով են արվում։

Կենտրոնական բանկի գնահատումներով, երկրի տնտեսության մեջ գոյացող եկամուտների 35 տոկոսը ստվերում է յուրացվում եւ չի հարկվում։

Ժամանակ առ ժամանակ ասպարեզ են նետվում խոսակցություններ, թե հնարավոր է ռուբլու գոտին ընդլայնվի եւ ԱՊՀ մի շարք երկրներ, այդ թվում եւ Հայաստանը, միանան դրան։ Կենտրոնական բանկի նախագահը ժամանակավրեպ է համարում նման խոսակցությունները:

Երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւս ռուբլու գոտուն միանալու խնդիր չի տեսնում: Այս կապացությամբ իրեն տված հարցին նախագահը հարցով պատասխանեց. - «Մեր արժույթից ես դժգոհ չեմ, դուք կարո՞ղ է դժգոհ եք»: Նախագահը հավելեց, որ դրամը ծառայում է իր նպատակին՝ տնտեսության զարգացմանը. - «Ես չեմ պատկերացնում, որ մենք չանցնեինք դրամին ու հնարավոր լիներ երկրում տնտեսական քաղաքականություն իրականացնել»։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG