Մատչելիության հղումներ

Ուժային կառույցների ղեկավարները անբավարար են համարում 2004-ի բյուջեով նախատեսված հատկացումները


Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության ու ներքին գործերի եւ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ փակ նիստում շաբաթ օրը քննարկվեցին պաշտպանության նախարարության, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, կալանավայրերի պահպանման, արտակարգ իրավիճակների վարչությանը 2004 թվականի բյուջեով նախագծով նախատեսված հատկացումները:

Թեեւ ընդհանուր առմամբ եկող տարվա բյուջետային ծախսերը 3 միլիարդ դրամով պակաս են ընթացիկ տարվա բյուջեի ծախսերից, ուժային կառույցների հատկացումները, այդուհանդերձ, նախատեսվում է ավելացնել: Պաշտպանության նախարարությանը 2004-ին կհատկացվի 49, 5 միլիարդ դրամ (2003-ին՝ հատկացվել է 44 միլիարդ), ազգային անվտանգության ծառայությանը՝ 6 միլիարդ ( 2003-ին՝ 5,5 միլիարդ): Շուրջ 600 միլիոն դրամով ավելանում են ոստիկանությանը հատկացվող գումարները:

Ուժային կառույցների ղեկավարները, այդուհանդերձ, բավարար չեն համարում նախատեսված գումարները:

«Պաշտպանությունը մի այնպիսի բնագավառ է, որ նույնիսկ եթե ինչ-որ հրաշքով երկու, երեք, չորս անգամ 2004 թվականին ավելի շատ նախատեսված լիներ, էլի չէր բավարարի», - նիստից հետո լրագրողներին ասաց պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը:

Հատկացված գումարները անբավարար համարեցին նաեւ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը եւ ոստիկանապետ Հայկ Հարությունյանը:

Սերժ Սարգսյանի փոխանցմամբ, 2004 թվականի բյուջեի նախագծով բանակին հատկացվելիք գումարը ադրբեջանական բանակին հատկացվող գումարի գրեթե կեսն է: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի տվյալների, 2004-ին Հայաստանի բանակի համար նախատեսված է 83-84 միլիոն դոլար, Ադրբեջանի բանակի համար՝ 146 միլիոն դոլար:

Սերժ Սարգսյանը ասաց նաեւ, որ Հայաստանի բանակին հատկացվող գումարները շոշափելիորեն զիջում են մոտավորապես նույն թվաքանակ ունեցող այլ բանակներին հատկացվող գումարներին: Նա, միաժամանակ, վստահություն հայտնեց, որ երկրի նախագահն ու վարչապետը «2004 թվականի համար գտնելու են ձեւեր, որպեսզի համալրենք մենք մեր սպառազինությունը, ռազմական տեխնիկան»:

«Քանի որ մենք նպատակ ենք դրել 2004 թվականին բանակի մակարդակը, այդ թվում նաեւ՝ սպառազինության, մի քայլ առաջ տանել», - ավելացրեց պաշտպանության նախարարը:

Այդ ձեւերից մեկը, ըստ երեւույթին, այն է, որ սպառազինության ձեռքբերման վրա բյուջետային գումարներ չեն ծախսվում:

«2004 թվականին տարբեր տեղերից ստացվող սպառազինությունները չեն վճարվելու պաշտպանության նախարարության բյուջեից, որ նախատեսված է պահպանության ծախսերի համար: Այսինքն», - պարզաբանեց նախարարը, - «որեւէ սպառազինությունների գնում, ձեռքբերում եւ այլն չի ազդելու զինվորի սննդի, հագուստի եւ այլնի վրա»:

Սարգսյանը չմանրամասնեց, թե ինչ միջոցներով են ձեռք բերվելու սպառազինությունները, բայց, միաժամանակ, հերքեց այլ աղբյուրներից գումարներ հայթայթելու տարբերակը:

«Այլ աղբյուներից մենք հայթայթելով չենք զբաղվում», - ասաց նա: - «Համենայն դեպս, պաշտպանության նախարարությունում որեւէ անօրինական միջոցներ չկան, ենթադրվող «սեւ դրամարկղեր» չկան»:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG