Մատչելիության հղումներ

«Արդարություն» դաշինքը խիստ գնահատականներ է տալիս «Հոկտեմբերի 27»-ի նախաքննությանն ու դատաքննությանը


«Հոկտեմբերի 27»-ի դատավարությունը, ըստ էության, ավարտվել է (անցած շաբաթ դատարանը անցել է խորհրդակցական սենյակ, եւ որոշ ժամանակ անց դատավոր Սամվել Ուզունյանը կհրապարակի կայացված վճիռը), սակայն այդ աննախադեպ քրեական գործի շրջանակներում գործընթացները շարունակվում են. գլխավոր դատախազությունում ընթացքում է գործից անջատված մասի նախաքննությունը, իսկ տուժողներն ու նրանց իրավահաջորդները՝ ի դեմս «Արդարություն» դաշինքի, այսօր խորհրդաժողով անցկացրին, որում շատ կոշտ քաղաքական եւ իրավական գնահատականներ հնչեցրին:

Բազմաթիվ ելույթներում տրված գնահատականները հետեւյալ ընդհանուր ուղղվածությունն ունեին՝ ահաբեկչությունը դավ էր պետության եւ «Միասնություն» դաշինքի դեմ, կազմակերպիչներին ու նրանց կամակատար ահաբեկիչների նպատակը իշխող քաղաքական ուժը վերացնելն էր, ինչը ի կատար ածվեց:

«Ահաբեկիչները, որոնց ընտրությունը անթերի էր կատարված, ստոր մարիոնետներ էին, եւ նրանց ղեկավարող թելերը մինչ օրս այդ ուժերի ձեռքին են», - ասաց Ազգային ժողովի դահլիճում սպանված փոխխոսնակ Յուրի Բախշյանի այրին՝ Անահիտ Բախշյանը:

Որ ահաբեկչությունը կազմակերպված է եղել, համոզված է նաեւ Կարեն Դեմիրճյանի իրավահաջորդի շահերի պաշտպան Աշոտ Սարգսյանը: Նրա խոսքերով, այդ հանցագործության մեջ «իրենց դերակատարությունն են ունեցել Հայաստանում գործող որոշ քաղաքական գործիչներ եւ անձինք»:

Շարունակելով՝ փաստաբանը քրեական գործից ապացույցներ ներկայացրեց՝ փորձելով հիմնավորել լրագրողների Նաիրի Բադալյանի, Տիգրան Նազարյանի «անմիջական մասնակցությունը այս հանցագործությանը» եւ 1999 թվականին նախագահի աշխատակազմի ղեկավար Ալեքսան Հարությունյանի ու Ազգային ժողովի պատգամավոր Մուշեղ Մովսիսյանի «դերակատարությանը»:

Հնչած քաղաքական գնահատականները շատ ավելի խիստ էին: Բավականին պատասխանատու հայտարարությամբ հանդես եկավ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանը՝ կասկածներ հայտնելով, թե հանցագործության կազմակերպման մասին տեղյակ են եղել երկրի նախագահն ու պաշտպանության նախարարը:

«Անցած չորս տարվա ներքաղաքական գործընթացները եւ դատաքննությունը պարզեցին, որ ահաբեկչությունը հետապնդել է հստակ քաղաքական նպատակներ եւ ունեցել է կազմակերպիչներ: Դրա մասին իրազեկ են եղել որոշ բարձրաստիճան պաշտոնայներ եւ Ազգային անվտանգության նախարարության աշխատակիցներ: Ոճրագործությունը կարող էր կանխվել, եթե իրենց պարտականությունները կատարեին պետության անվտանգությունը կատարող մարմինները... Ռոբերտ Քոչարյանը իր վարքագծով ու հրապարակային հայտարարություններով ուղղորդել է նախաքննության եւ դատաքննության ընթացքը», - ասված է խորհրդաժողովի ընդունած բանաձեւում:

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ի՞նչ քայլեր են ձեռնակվելու հետագայում, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը ասաց. - «Մենք ի սկզբանե իլյուզիաներով չենք տառապել՝ «Հոկտեմբերի 27»-ը կբացահայտվի, բացահայտվելու է: Եվ կբացահայտվի միայն իշխանափոխությունից հետո»:

ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի խոսքերով, ավարտվող դատավարությունը մարդկանց մոտ միայն վրդովմունք է առաջացնում. - «Չեն հավատում: Հավատում են դատավարությանը այնքան, ինչքան հավատում են ընտրություններին»:

«Ակնհայտ է մեկ բան», - շարունակեց Դեմիրճյանը: - «Պետության դեմ ուղղված այս աննախադեպ հանցագործությունը ադեկվատ վերաբերմունքի չարժանացավ հենց նույն պետական իշխանության կողմից: Այսինքն՝ աննախադեպ էր նաեւ պետական իշխանության վերաբերմունքը այս ոճրագործության նկատմամբ»:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG