Մատչելիության հղումներ

Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության նախագահը պնդում է, որ իրենց չգրանցելու որոշումը քաղաքական է


Արդարադատության նախարարության կողմից չվերագրանցված Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության նախագահը պնդում է, որ իրենց մերժելը քաղաքական շարժառիթներով է պայմանավորված, քանի որ իրենք մաս են կազմում ընդդիմադիր «Արդարություն» դաշինքին: Վերջինս էլ տարածած հայտարարությամբ մերժումը որակում է «քաղաքական հաշվեհարդար»:

Անցած տարի ուժի մեջ մտած «Կուսակցությունների մասին» օրենքի պահանջով վերագրանցվելու համար արդարադատության նախարարություն փաստաթղթեր էին ներկայացրել ե'ւ Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը (նախագահ Ջորջ Հակոբյան), ե'ւ Հայաստանի Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության (նախագահ Էռնեստ Սողոմոնյան): Առաջինի գրանցումը մերժվել է, իսկ երկրորդը, որ հանդես է գալիս իշխանամետ դիրքերից, արդեն գրանցվել է:

Մինչ չվերագրանցված կուսակցության նախագահ համարում է, որ քaղաքական որոշում է ընդունվել, երկրորդի նախագահը պնդում է, որ այստեղ սոսկ «գրագիտության խնդիր կա»:

Արդարադատության նախարարության ներկայացուցիչները, իրենց հերթին, պնդում են, թե վերագրանցման պրոցեսում ընդդիմադիր-իշխանամետ խնդիր չի դրվում. պարզապես փաստաթղթերը պետք է համապատասխանեն օրենքին: Նախարարության խոսնակ Արա Սաղաթելյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե քանի որ այդ երկու կուսակցությունների անվանումները տարբերվում էին, ապա երկուսն էլ կարող էին վերագրանցվել:

Ջորջ Հակոբյանն ու էռնեստ Սողոմանյանը, սակայն, դրան համաձայն չեն. երկու կուսակցություններն էլ նույն դրոշը, զինանշանը, օրհներքը, քայլերքը ունեն, ուստի միայն մեկը կարող է գրանցվել: Եվ յուրաքանչյուրը, բնականաբար, պնդում է, թե հենց իր գլխավորած կուսակցությունն է ավանդական, 116-ամյա հնչակյան կուսակցության իրավահաջորդը:

«Ուշադրություն դարձրեք, այն դրոշը, որ ինքը պարզում է, գրած է ՍԴՀԿ, իսկ իր կուսակցությունը գրանցված է ՀՍԴՀԿ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Ջորջ Հակոբյանը: - «Բազմիցս դիմել ենք արդարադատության նախարարություն, որ դա ապօրինություն է, դա պետք է արգելել: Ուզում է նոր կուսակցության ստեղծի, թող գնա ստեղծի, ինչո՞ւ է օգտագործում մեր զինանշանը, դրոշը, ինչո՞ւ է ներկայանում որպես 116-ամյա կուսակցություն»:

Էռնեստ Սողոմոնյանը հակադարձում է. - «Մենք թույլ չենք տա, որպեսզի անբաններ տիրանան հնչակյան դրոշին, հնչակյան զինանշանին: Իրավահաաջորդը 116-ամյա կուսակցության մենք ենք եւ հինգ տարվա ընթացքում ապացուցել ենք: իսկ Ջորջիկ Հակոբյանը ընդամենը Եղիա Նաջարյանի իրավահաջորդն է»:

Ջորջ Հակոբյանին արդարադատության նախարարությունից ներկայացրել են մերժման հիմքերը, եւ նա պատրաստվում է դիմել դատարան:

«Եզրակացությունը այս համառության, որ ցուցաբերում են, անկախ ինձանից, հետեւյալ ենթատեքստն ունի, որ սփյուռքում գործող երեք կուսակցություններից երկուսը իշխանամետ են, միայն մենք ենք՝ Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը, որ ընդդիմադիր ենք: Հիմա այս արարքով կարելի է [մեր կուսակցությունը] լիկվիդացնել եւ բերել Հայաստանի սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը, որն իշխանամետ է ու դրանով հայտարարել, որ ամբողջ սփյուռքը ինձ հետ է», - վրդովված ասաց նա:

Էռնեստ Սողոմոնյանը, մինչդեռ, վստահ է, թե հարցը քաղաքական չէ եւ լուծվել է զուտ իրավական դաշտում: «Թող ընդդիմությունը ժամանակին մտածեր, իր շուրջը գրագետ մարդկանց հավաքեր: Գրանցման-չգրանցման պահը ծնվել է Ջորջիկ Հակոբյանի անգրագիտությունից, կուսակցական աշխատանքին չտիրապետելուց», - ասաց նա:

Ուրբաթ օրը «Արդարություն» դաշինքը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է. - «Իշխանություններից պահանջում ենք անհապաղ վերանայել անհիմն պատճառաբանությամբ Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության վերագրանցման մերժումը: Մենք դիտարկում ենք այդ մերժումը որպես քաղաքական հաշվեհարդար ընդդիմադիր կուսակցության նկատմամբ, ինչպես նաեւ՝ «Արդարություն» դաշինքի հանդեպ իշխանությունների որդեգրած անհանդուրժողական քաղաքականության արդյունք»:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG