Մատչելիության հղումներ

logo-print
Հինգշաբթի օրը Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում սկսվեցին 2004 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները, որոնք կշարունակվեն մինչեւ նոյեմբերի 27-ը: Իսկ դեկտեմբերի 1-ին պատգամավորների առաջարկությունների հիման վրա լրամշակված բյուջեի նախագիծը կմտնի խորհրդարանի մեծ օրակարգ։

Բյուջեի նախագիծը ներկայացնող ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը շեշտեց, որ այն մշակվել է առավելապես երկրի ներքին հնարավորություներից ելնելով, քանզի նախորդ տարիների առատ արտաքին ֆինանսավորումը չի լինելու:

«Բայց դրա արդյունքում մենք ունենք աճ, եւ այն անցյալ տարվա համեմատ 13 տոկոսով ավելի մեծ է: Հիմնականում դա ներքին ռեսուրսների վրա է, դա հարկերի հավաքագրման եւ մեծ առաջընթացի արդյունքն է», - հայտարարեց նախարարը:

Խաչատրյանի փոխանցմամբ, բյուջեի նախագծում չեն ներառված ո'չ Համաշխարհային բանկի ՍԱՔ տիպի (կառուցվածքային բարեփոխումների) վարկերը, ո'չ «Լինսի» հիմնադրամի հատկացումները, ո'չ Վրաստանի պարտքի մարումը, ո'չ Հոլանդիայի կառավարության նվիրատվությունները։

Այս պայմաններում կառավարությունը հարկադրված է խստացնել հարկային վարչարարությունը՝ ավելացնել գանձվող հարկերի ծավալները։ Ըստ այդմ՝ հաջորդ տարի պետական գանձարան կմուտքագրվեն 269 միլիարդ 100 միլիոն դրամի եկամուտներ, ծախսերը կկազմեն ՝ 311,5 միլիարդ դրամ, իսկ գոյացած դեֆիցիտը՝ մոտ 42 միլիարդ դրամի չափով կծածկվի վերստին արտաքին նպատակային վարկերի հաշվին։

Դատելով պետական բյուջեի նախագծից, այն եկամտային մասի կատարման առումով բավականին լարված է լինելու: Գանձման ենթակա պետական եկամուտների առյուծի բաԺինը՝ ավելի քան 95 տոկոսը գոյանալու է հարկերից։ Բյուջեի նախագիծը նախատեսում է միայն ստվերում գոյացող եկամուտներից շուրջ 8 միլիարդ դրամի հավելյալ հարկեր գանձել։

Չնայած արտաքին մուտքերի կրճատմանը, Անդրանիկ Մարգարյանի կառավարությունը պատրաստվում է ավելացնել սոցիալական ոլորտի հատկացումները: «Բոլոր ուղղություններում սոցիալական կունենանք բարձրացումներ՝ աշխատավարձի, նպաստների, թոշակների: Բոլոր ոլորտներում ունենք առաջընթաց», - հավաստիացրեց Վարդան Խաչատրյանը:

Ըստ բյուջետային կանխատեսումների, հաջորդ տարի իրենց աշխատավարձերին շոշափելի հավելում կստանան ուսուցիչները։ Նրանց աշխատավարձը փաստորեն կկրկնապատկվի՝ ներկայիս 15 հազար դրամից հասնելով 30,5 հազարի։ Բուժաշխատողների աշխատավարձերը կավելանան 3,5 հազար դրամով, ընտանեկան նպաստները կաճեն 2000 դրամով, իսկ հանրապետությունում օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձը 5000 դրամից կհասցվի 13000 դրամի։ Թոշակառուները, մինչդեռ, ստիպված կլինեն բավարարվել իրենց չնչին եկամտին հերթական 700 դրամանոց հավելումով։

Պատասխանելով հարցին, թե դա բավարար կլինի՞ հացի, տրանսպորտի, ջեռուցման ծախսերի, հաջորդ տարեսկզբից նաեւ ջրի, բնական գազի եւ այլ ապրանքների ու ծառայությունների հնարավոր թանկացումները փոխհատուցելու համար, Վարդան Խաչատրյանը վստահեցրեց, թե պետությունը բնակչության աղքատ շերտերին թանկացումների դիմաց բազմակի փոխհատուցում կտա:

«Եթե մի բան բարձրացել է 100 դրամով, 200 դրամով, մենք 2000-ով ավելացնելու ենք ամսեկան այդ գումարները: Մեր քաղաքականությունը ուղղված է լինելու աղքատ խավին. մնացած խավերը առայժմ պետք է համբերատար լինեն», - ասաց նա:

Իսկ հարցին, թե 2004 թվականի բյուջեի՝ նախագծում ներկայացված տեսքով ամբողջությամբ կատարվելու դեպքում հայաստանցու կենսամակարդակը կբարձրանա՞, թե՞ կիջնի, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարը պատասխանեց. - «Եթե մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն (համախառն ներքին արդյունքը) ավելանալու է՝ 834-ից դառնալու է մոտ 900 դոլարի կարգի, ինձ թվում է, որ պետք է լավանա: Իհարկե, կա բեեւռացվածության խնդիրը, որի համար էլ մենք մեծ նշանակություն ենք տալիս փոքր եւ միջին ձեռներեցության զարգացմանը»:

Խորհրդարանական ընդդիմությունը, մինչդեռ, իրատեսական չի համարում 2004 ի պետական բյուջեի նախագիծը: «Առանց բացառության բոլոր կանխատեսումները դրված են առանց հիմնավորումների», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց «Արդարություն» խմբակցությունը ներկայացնող պատգամավոր Թաթուլ Մանասերյանը: - «Թերագնահատված է տնտեսական աճը, եւ միտում կա արհեստականորեն ցածր տնտեսական աճ ցույց տալու, որպեսզի հետո թմկահարեն իրական ձեռքբերումները, այն է՝ երկնիշ թվով տնտեսական աճը»:

Ըստ Մանասերյանի, նախագծում խիստ թերագնահատված է նաեւ հարկային եկամուտների կանխատեսումը։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG