Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. - «Վրաստանի կայունությունը կենսական նշանակություն ունի Հայաստանի համար»


Չորեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում Հայաստանի նախագահին առընթեր անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը Հայաստանի համար «կենսական» որակեց հետընտրական Վրաստանում կայունության հաստատումը:

«Հայաստանի Հանրապետության համար կայունությունը Վրաստանում, Վրաստանի տարածքում շատ էական է», - ասաց Սերժ Սարգսյանը: - «Չափազանցություն չի լինի ասել, որ ունի կենսական նշանակություն»:

Իսկ «հակահայկական հիստերիան» (Սարգսյանի ձեւակերպում է) թեպետ անթույլատրելի է, բայց նախընտրական հնարքների շարքում է: «Շատ ավելի նման է մեր իրականությանը, երբ որ այնտեղ ասում են՝ հայերը, այստեղ ասում են՝ ղարաբաղցիները», - զուգահեռեց Սերժ Սարգսյանը: - «Հասկանում եք՝ նույն բանն է, ներողություն՝ նույն էշությունն է, նույն հիմարությունն է: Այնպես որ՝ այդ բաներին հանգիստ է պետք նայել»:

Հարցին, թե արդյոք ներվրաստանյան իրավիճակը կարող է համատարածաշրջանային հիմնախնդրի որակ ձեռք բերել՝ ԱՄՆ - Ռուսաստան մրցակցության ֆոնի վրա, պաշտպանության նախարարը պատասխանեց. - «Հույս ունեմ, որ այդպիսի բախման կիզակետում չենք հայտնվի: Համենայն դեպս, իմ լավատեսությունը ոչ միայն զուտ ցանկության վրա է հիմնված, այլ նաեւ հիմնված է վերջին 1-1.5 տարվա զարգացումների վերլուծության վրա»:

Մեծ պետություները, Սարգսյանի համոզմամբ, շատ ավելի լուրջ պրոբլեմներ ունեն եւ շատ ավելի տրամաբանական է կարծելը, որ նրանք ուժերը կմիավորեն հենց դրանց լուծման նպատակով եւ ոչ թե նոր պրոբլեմ կհարուցեն:

Անդրադառնալով երեկ Ազգային ժողովում ՀՅԴ խմբակցության անդամ, ծագումով ղարաբաղցի Կիմ Բալայանի թեկնածության՝ որպես Սահմանադրական դատարանի անդամ քվեարկությանը նախորդած՝ հայաստանցի - ղարաբաղցի վտանգավոր բաժանման մասին խոսակցություններին, Սերժ Սարգսյանը ասաց, թե դա ղարաբաղցիների խնդիր չէ: «Այստեղ Քոչարյանի, Սարգսյանի խնդիրն է, որովհետեւ մարդ, որի ուղեղը միչեւ վերջ հարդուկած չի, ուղղակի կտեսնի, որ վերջին երեք ամիսների ընթացքում նշանակվել են 50-ից ավելի մարդիկ, որից մեկ հոգին էլ թող ղարաբաղցի լինի», - բառացիորեն ասաց Սարգսյանը:

«Տարօրինակն այն է, որ այդ հարցով շատ գոռգոռում են մարդիկ, ովքեր ծնունդով ղարաբաղցիների շնորհիվ մտել են քաղաքական դաշտ, ստացել են տեղեր Ազգային ժողովում եւ այլ տեղերում, հիմա էլ փորձում են կծել այդ ձեռքը», - ավելացրեց նա:

Խոսելով ղարաբաղյան կարգավորման առաջիկա զարգացումների մասին Անվտանգության խորհրդի նախագահն ասաց. - «Մենք դրան կարող ենք անդրադառնալ այն բանից հետո, երբ կգան համանախագահները [Մինսկի խմբի] եւ միգուցե նոր առաջարկներ կբերեն»:

Հայաստանի ներքաղաքական իրավիճակի՝ մասնավորապես նախկին վարչապետ Արամ Սարգսյանի՝ մի քանի ամսից իշխանափոխություն իրականացնելու մասին հայտարարությունների մասին Սերժ Սարգսյանը ասաց. - «Ցանկացած քաղաքական գործիչ պիտի պատասխանատու լինի իր հայտարարությունների համար: Եվ հասարակությունն էլ պիտի պահանջողի դերում լինի: Եթե ես երկու տարի առաջ, երեք տարի առաջ մի հայտարարություն եմ արել եւ այս հայտարարությունը ընդհանրապես իրականություն չէր, եւ հետո նորից ու նորից եմ արել, ես դառնում եմ քամի տատանող եւ ոչ թե քաղաքական գործիչ»:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG