Մատչելիության հղումներ

Քննարկվել են հայ-ամերիկյան ռազմական համագործակցության հեռանկարները


Ամերիկացի բարձրաստիճան զինվորականը Հայաստանի պաշտպանության նախարարի հետ չորեքշաբթի օրը քննարկել է երկու երկրների միջեւ ռազմական համագործակցությանը, միջազգային ահաբեկչության դեմ պայքարին, տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր:

Հայաստանի պաշտպանության նախարարության լրատվության եւ քարոզչության վարչության տարածած հաղորդագրության համաձայն, ԱՄՆ Զինված ուժերի Եվրոպական հրամանատարության հրամանատարի տեղակալ, գեներալ Չարլզ Ուոլդը եւ Հայաստանի պաշտպանության նախարար, նախագահին առընթեր անվտանգության խորհրդի քարտուղար Սերժ Սարգսյանը չորեքշաբթի օրը քննարկել են «հայ-ամերիկյան ռազմական համագործակցության ներկա վիճակն ու հեռանկարները, անդրադարձել միջազգային ահաբեկչության դեմ պայքարի խնդիրներին, տարածաշրջանային անվտանգության հարցերին»:

Գեներալ Ուոլդի գլխավորած պատվիրակությունը Հայաստան է ժամանել տարածաշրջանային ճանաչողական այցով:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ գեներալ Ուոլդը ասաց, թե աշխարհում տեղի ունեցող փոփոխությունները ենթադրում են նաեւ որոշակի փոփոխություններ ԱՄՆ Զինված ուժերի Եվրոպական հրամանատարության գործունեության շրջանակներում՝ անհրաժեշտություն է առաջացել համագործակցություն հաստատել այն երկրների հետ, որոնց հետ նախկինում որեւէ համագործակցություն չի եղել:

ԱՄՆ զինված ուժերի եւ Հայաստանի պաշտպանության նախարարության միջեւ գործում են երկու տարի առաջ ստորագրված բժշկության եւ ականազերծման բնագավառին առնչվող համագործակցության պայմանագրերը: Իսկ այսօր, ամերիկացի գեներալի խոսքերով, տարածաշրջանում համագործակցությունն ընդլայնելու մեծ հնարավորություն է ստեղծված ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի, Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ:

«Նախատեսված է համագործակցել ինչպես համատեղ զորավարժություններ, ուսուցումներ անցկացնելու, այնպես էլ երկխոսության միջոցով», - ասաց Չարլզ Ուոլդը:

Գեներալը ավելացրեց, որ ԱՄՆ-ը կարեւորում է հարավկովկասյան տարածաշրջանը՝ ահաբեկչության դեմ պայքար ծավալելու առումով, իսկ դրա համար անհրաժեշտ է, որպեսզի միմյանց հետ համագործակցեն նաեւ տարածաշրջանի երկրները. - «Որպեսզի հաղթահարենք ակնկալվող վտանգները: Դրանք ռեալ վտանգներ են»:

«Ես կարծում եմ, որ ԱՄՆ զինված ուժերի Եվրոպական հրամանատարությունը հեշտությամբ կարող է աշխատել յուրաքանչյուր հանրապետության հետ ակնկալվող նոր վտանգների դեմ պայքարում», - ասաց Ուոլդը՝ նկատի ունենալով ահաբեկչությունը: Նրա անձնական կարծիքով, վատ չէր լինի, եթե ստեղծվեր համատեղ զորախումբ՝ Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, Հայաստանի, Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի ուժերով:

Ուոլդը հրաժարվեց պատասխանել հարցին, թե ինչպես է տեսնում ռազմական համագործակցությունը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ, երբ դեռեւս կարգավորված չէ Ղարաբաղյան հակամարտությունը, երբ Ադրբեջանը հրաժարվում է Հայաստանի հետ համագործակցել նույնիսկ տնտեսության բնագավառում: «Երկու երկրների ղեկավարներն էլ խելացի եւ ուժեղ են, ուստի ճիշտ չէր լինի, որպեսզի հարցը ես մեկնաբանեի», - ասաց նա:

Հայաստանի պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի պետ Միքայել Հարությունյանը նույն հարցին ի պատասխան ասաց, որ այսօր դժվար թե նման համագործակցություն լինի Ադրբեջանի հետ՝ չբացառելով, այդուհանդերձ, որ ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում տեղեկատվության փոխանակման առումով որոշակի համագործակցության հնարավորություն ստեղծվի, քանի որ դա բխում է ոչ միայն երկու երկրների, այլեւ ողջ միջազգային հանրության շահերից:

«Դժվար թե հայ-ադրբեջանական [ռազմական] համագործակցություն լինի: Ես իբրեւ գլխավոր շտաբի պետ բացառում եմ այսօր նման համագործակցության հնարավորությունը», - ասաց Հարությունյանը: - «Իսկ երբ լուծվի Ղարաբաղյան հարցը, ես հավատացած եմ, որ դրա ժամանակն էլ կգա»:

Վաղը գեներալ Ուոլդի գլխավորած պատվիրակությունը մեկնելու է Բաքու:

Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG