Մատչելիության հղումներ

Արմեն Սարգսյանը դատապարտվեց 15 տարվա ազատազրկման


Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատավոր Սարիբեկ Արամյանը երեքշաբթի օրը հրապարակեց ացած տարեվերջին սպանված Հանրային հեռուստառադիոյի խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանի սպանության գործով ամբաստանյալների դատավճիռը: Ամենախիստ՝ 15 տարվա ազատազրկման դատապարտվեցին սպանության պատվիրատուն եւ անմիջական կատարողը:

Դատավոր Արամյանի հրապարակած դատավճիռը գրեթե նույնությամբ կրկնեց հոկտեմբերի 5-ին մեղադրող կողմի պահանջած պատժաչափերը: Սպանությունը պատվիրելու մեջ ամբաստանված Արմեն Սարգսյանը (1999 թվականի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովի դահլիճում սպանված վարչապետ Վազգեն Սարգսյանի եւ ներկայումս ընդդիմության առաջնորդներից նախկին վարչապետ Արամ Սարգսյանի կրտսեր եղբայրը) եւ սպանությունը կատարելու մեջ ամբաստանված Լեռնային Ղարաբաղի բնակիչ Ջոն Հարությունյանը դատապարտվեցին 15 տարվա ազատազրկման:

Սպանությունը կազմակերպողների, դրան օժանդակողների, պարտակողների, այդ թվում Արմեն Սարգսյանի ազգական՝ Հովհաննես Հարությունյանի (Ապեր) համար դատարանը սահմանեց ավելի մեղմ պատժաչափեր: 12 տարվա ազատազրկման դատապարտվեց Լեռնային Ղարաբաղի բնակիչ Ֆելիքս Առուստամյանը, որը վերջին պահին հրաժարվել էր կատարել սպանությունը, 11 տարվա ազատազրկման՝ սպանության նախապատրաստմանը ակտիվ մասնակցություն ունեցած Գեղամ Շահբազյանը, 7 տարի ազատազրկման՝ Հովհաննես Հարությունյանը: Վեց ամբաստանյալ դատապարտվեց 1 տարով պայմանական ազատազրկման:

Դատավճռից դժգոհ էին թե' ամբաստանյալները, թե' նրանց պաշտպանները եւ թե' տուժողները: Տիգրան Նաղդալյանի քույրը՝ Կարինե Նաղդալյանը համարում է, որ սպանության պատվիրատուն եւ կատարողը պետք է դատապարվեին ցմահ բանտարկության: Հարցին, թե արդյո՞ք դատաքննության ընթացքում ապացուցվեց, որ սպանության պատվիրատուն Արմեն Սարգսյանն է, Կարինե Նաղդալյանը պատասխանեց. - «Ես այնքան էլ վստահ չեմ: Ես ընդունում եմ, որ նա միջնորդ կարող է հանդիսանալ, բայց դա նրա մեղքը չի թեթեւացնում: Պատվիրատուները ինձ թվում է բոլորն էլ գիտեն, թե ովքեր են առանձնապես պետք չէ անուններ տալ»: Տիգրան Նաղդալյանի քույրը չճշտեց, թե ում նկատի ունի:

Վճռի հրապարակումից անմիջապես հետո դատարանի դահլիճում դժգոհություն հայտնեցին Ջոն Հարությունյանն եւ Ֆելիքս Առուստամյանը: Ջոն Հարությունյանը բոլորի համար լսելի ձայնով ասաց. - «Սաղ իմ վրա վերցրեցի ձեր պատճառով, բայց ոչ մի բան չեղավ: Ասելական էիք, որ պետք ա լինի»: «Պարզվում ա, որ մարդու չպիտի խղճայի: Ես 10 անգամ գնացի՝ խղճացի-չսպանեցի, բայց ինձ ամենաբարձրը տվեցին», - ասաց Ֆելիքս Առուստամյանը:

Արմեն Սարգսյանի շահերի պաշտպան, փաստաբան Ռոբերտ Գրիգորյանի համար սպասելի էր այս դատավճիռը, բայց «ցավն այն է, որ ոչ թե գործի ապացույցներն են դրան տանում, այլ վերաբերմունքն էր այդպիսին»:

Գրիգորյանի խոսքերով, դատաքննության ընթացքում մի շարք հանգամանքներ պարզապես քննության առարկա չդարձան՝ սպանությունը կատարողներին վերագրված մեղադրանքն էլ անվիճելիորեն հաստատված համարել չի կարելի:

Փաստաբանը հիշեցրեց, օրինակ, որ հիվանդանոցի բժիշկները մահացու վնասվածքը նկարագրելիս նշել են, որ Տիգրան Նաղդալյանի գլխի շրջանում գնդակի «մուտքի վերքը ծոծրակի վրայի վերքն է... ճակատայինը ելքն է»: «Դատաբժշկական փորձագետը հակառակ եզրակացությունն է տվել: Այս հարցերը պարզաբանված չեն», - ասաց նա՝ ավելացնելով, որ իրենք անպայման բողոքարկելու են դատարանի վճիռը:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG