Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Ոչ թեժ աշուն՝ վերնախավային սրացումներով». - իրավիճակի այս հերթական գնահատականով է «Իրավունք» թերթի մեկնաբանը դիմավորում նոր շաբաթը: - «Թեեւ ընդդիմությունը այդպես էլ չթեժացրեց աշունը, այնուամենայնիվ, ներիշխանական հարաբերությունները գնալով սրվում են, ինչը 2004-ի սկզբին կարող է հանգեցնել բավականին անսպասելի փոփոխությունների»:

Հարաբերությունների սրման նոր լուրջ ասպարեզ է դիտվում Ազգային ժողովում Սահմանադրական դատարանի նոր անդամի ընտրությունը: «Հայկական ժամանակ» թերթի փոխանցմամբ, մասնավորապես՝ երեկ խորհրդարանի միջանցքներում պատգամավորներն ակտիվ քննարկում էին Կիմ Բալայանի թեկնածությունն, ու նրա անձի վերաբերյալ «թե՛ ընդդիմության եւ թե՛ հատկապես իշխանական կոալիցիայի ՀՀԿ-ական հատվածի գնահատականները բնավ էլ մխիթարական չէին»: Որպես Բալայանի մեծ թերություններ ոմանք կարճ ձեւակերպում են՝ կուսակցական է եւ ղարաբաղցի: «Ինչպե՞ս եք վերաբերում շրջանառվող խոսակցություններին, թե ձեր նշանակումը համարվելու է իշխանությունը արցախցիներով համալրելու հերթական քայլը». «Հայոց աշխարհ» թերթի այս հարցին Կիմ Բալայանը պատասխանել է. - «Ներքաղաքական միջավայրում նման արժեքային համակարգով առաջնորդվելը օտար մտածողությանը տուրք տալ եմ համարում»։

«Երբ գողը տնից է» վերնագրի տակ «Հայոց աշխարհ»-ի մեկնաբանն այսօր գրում է. - «Անընդունելի է, երբ կոալիցիայի անդամ կուսակցությունները պոպուլիստական հայտարարություններ եւ գործընկերների հաշվին սեփական իմիջը բարձրացնելու հրապարակային ցույցեր են անում՝ ջուր լցնելով ընդդիմության ջրաղացին... Ի սկզբանե տեսանելի էր, որ նախընտրական պոպուլիզմը մի բան է, ընտրություններից առաջ տրված շռայլ խոստումներն իրականացնելը՝ մեկ այլ բան: Որ կոալիցիոն կառավարությունը թոշակները եւ աշխատավարձերը բարձրացնելու հաճելի պարտականությանը զուգահեռ, ստիպված է նաեւ ոչ ամբոխահաճո որոշումներ ընդունել՝ կապված մասնավորապես ջրի, հնարավոր է նաեւ էլեկտրաէներգիայի սակագները վերանայելու, դպրոցների օպտիմալացման ծրագիրը տրամաբանական ավարտին հասցնելու, ըստ այդմ, ուսուցիչների բանակը կրճատելու տհաճ առաքելության հետ: Այստեղ էլ, ահա, ակնհայտ է դառնում, որ բարեփոխումների ուղեգծին հավատարիմ մնալու փորձությունը կարող է կոալիցիայի համար փորձանք էլ դառնալ, եթե միասնական ծրագիր որդեգրած եւ համատեղ պատասխանատվություն ստանձնած կուսակցությունները շարունակեն մեկը մյուսի, կամ, որ ավելի վատ է, ՀՀԿ-ի հաշվին միավորներ վաստակելու մարտավարությունը: «Օրինաց երկիր» կուսակցության վերջին համագումարում հնչած նկատառումները իսկապես մտահոգիչ նախադեպ են ստեղծում կոալիցիայի ներսում առկա բաժանարար «նրբագծերը» խորացնելու առումով», - շեշտադրել է «Հայոց աշխարհ»-ի մեկնաբանը՝ ամփոփելով. - «Ժամանակն է թերեւս ձերբազատվելու հետընտրական պոպուլիզմից, ինչպես նաեւ ժամանակից շուտ նախընտրական պոպուլիզմի գիրկն ընկնելու գայթակղությունից: ործընկերներին քավության նոխազ դարձնելով՝ հեռու չես գնա»:

Ազգային ժողովրդավարական միության (ԱԺՄ) նախագահ Վազգեն Մանուկյանի վերլուծությամբ, որ ներկայացված է «Առավոտ» թերթում, իշխանությունը միշտ ուզում է ունենալ այնպիսի այլընտրանք, որի դեպքում «ինչքան էլ դիմացինը ձայն հավաքի, բացատրություն լինի, թե ինչու է ինքը իշխանությունը իր ձեռքում պահում». - «Վերջին ընտրություններում էլ Ստեփան Դեմիրճյանին որպես հակառակորդ ունենալը Քոչարյանին ձեռնտու էր, որովհետեւ շատ հեշտ էր համոզել այն մի քանի տասնյակ հազարավոր մարդկանց, որոնք ոչ թե զգացմունքներով են առաջնորդվում, այլ կորցնելու բան ունեն այս երկրում, որ այդպիսի անփորձ երիտասարդ մարդը չի կարող երկիր ղեկավարել... Հաջորդ ընտրություններին էլ իշխանությունները պետք է կարողանան խոցելի այլընտրանքային քաղաքական ուժ գտնել՝ կոմունիստ, ֆաշիստ, անփորձ կամ՝ հետեւում կասկածելի օտար ուժ ունեցող: Այդ ուղղությամբ պետք է մտածեն, որ հեշտ հաղթեն... Եվ ընդդիմությունն էլ», - համադրում է Վազգեն Մանուկյանը, - «պետք է մտածի՝ այդ ո՞վ պիտի գա, որ հավաքի այնքան ձայն, որքան ես հավաքել էի 96-ին կամ Ստեփան Դեմիրճյանը հավաքեց այս ընտրություններում: Երկու դեպքում էլ հնարավոր չեղավ իշխանություն փոխել: Այդ դեպքում ինչի՞ շնորհիվ պետք է փոխվի»:

«Արտասահմանյան դիտորդների արձագանքներից դատելով, ընտրությունները հավասարապես հիասթափեցնող են եղել Հարավային Կովկասի երեք պետություններում էլ: Այդ դեպքում ինչո՞ւ ԱՄՆ-ը որոշեց իշխանափոխություն կազմակերպել հենց Վրաստանում»: - Իր այս հարցադրման շրջանակում «Առավոտ» թերթը նշում է. - «Միամիտ կլիներ համարել, որ հետընտրական նույն իրավիճակում հայտնված Հայաստանում, Վրաստանում եւ Ադրբեջանում ամերիկացիները որոշեցին օժանդակել Վրաստանին միայն այն պատճառով, որ Քոչարյանն ու Ալիեւը նրանց հարմար են, իսկ Շեւարդնաձեն՝ ոչ: Մեծ հաշվով, վաղուց արդեն արեւմտամետ Շեւարդնաձեն, որը պարբերաբար կոնֆլիկներ ունի Մոսկվայի հետ, պիտի որ ԱՄՆ-ին շատ ավելի հաճո լիներ: Մեր կարծիքով, այս հանելուկի պատասխանը պարզ է: Գուցե Շեւարդնաձեն հարմար է ամերիկացիներին, բայց հարցն այն է, որ նա դադարել է հարմար լինել իր ժողովրդին: Իսկ Քոչարյանի ու Իլհամ Ալիեւի պարագայում քաղաքացիական դժգոհության կրիտիկական զանգվածը անհրաժեշտ կետի չհասավ»:

Անդրադառնալով ջավախքահայությանն ուղղված՝ «Հայ արիական միաբանության» երեկ տարածած կոչին՝ սկսել անկախության գործընթաց, «Հայկական ժամանակ» թերթն այսօր ընդգծում է. - «Հայտարարության ուշադիր ընթերցումը միանշանակ է դարձնում, որ հայ ազգայնականները ջանում են Հայաստանը ներքաշել հերթական պատերազմի մեջ՝ այս անգամ Վրաստանի հետ: Թերեւս, ազգայնականներին հանգիստ չի տալիս այն փաստը, որ Հայաստանում դեռեւս մեկ-երկու միլիոն մարդ է բնակվում: Ազգայնականների գործողություններն ակնհայտ են դարձնում, որ նրանց երազած Հայաստանը մի մեծ ռուսական ռազմական բազա է՝ դրանք սպասարկող բնակչությամբ: Ամենադատապարտելին այն է, որ վերը նշված հայտարարությունում բացահայտ սպառնալիքներ կան Հայաստանում գտնվող վրացիների, անգամ վրաց դիվանագետների հասցեին»: Ընդհանուր առմամբ սա «Հայկական ժամանակ»-ը որակել է «խառնակչություն»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG