Մատչելիության հղումներ

Կրկին հերթեր են գոյացել Easy card-երի համար


Ինչպես որոշ ժամանակ առաջ հայտարարել էր Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում մենաշնորհ վայելող «ԱրմենՏել» ընկերությունը, նոյեմբերի վերջին ծրագրված է թողարկել բջջային կապի կանխավճարային (Easy card) եւ պայմանագրային (SIM card) 20 հազար հավելյալ քարտ: Հեռախոսակապի բաժանորդների սպասարկման կետերում, սակայն, երկուշաբթի օրը հավաքված բազմաթիվ մարդկանց, ովքեր եկել էին հերթագրվելու հիմնականում կանխավաճարային քարտերով բջջային հեռախոսահամար գնելու համար, հիասթափություն էր սպասում:

Բաժանորդների սպասարկման կետերում այսօր որեւէ հերթագրում չէր կատարվում: Մինչդեռ, ըստ որոշ լրատվամիջոցների տարածած տեղեկատվության, հերթագրման գործընթացը պետք է սկսվեր նոյեմբերի 15-ից: Ցանկացողները պետք է հեռախոսակապի բաժանորդների սպասարկման կետերում (ավտոմատ հեռախոսակայաններ, «ԱրմենՏել»-ի մասնագիտացված խանութներ եւ այլն) վճարեին քարտի արժեքը՝ 24 դոլարին համարժեք դրամ, եւ ստանային հատուկ կտրոններ, որոնք պետք է նոյեմբերի վերջին ներկայացնել «ԱրմենՏել»-ի համապատասխան ստորաբաժանումներ ու ստանալ բջջային հեռախոսահամարը:

«Կենտրոն» տեղամասում, օրինակ, մարդիկ արդեն չորրորդ օրն է ապարդյուն փորձում են հերթագրվել: «Ինձ պատասխանեցին, որ դեռ հրահանգ չունեն, որ դիմումները վերցնեն, որ հերթագրեն», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Եվա Մարտիրոսյանը:

«Բոլոր ինֆորմացիոն ձեւերով գնում է հայտարարությունը, բայց կազմակերպությունը, որ այդ հայտարարությունը ներկայացրել է, այսօր պատրաստ չէ մեզ անգամ մարդկայնորեն պատասխան տալ», - վրդովված ասաց հավաքվածներից մեկ այլ կին:

«ԱրմենՏել»-ի համապատասխան հրամանը, ինչպես «Ազատություն» ռադիոկայանը տեղեկացել է իրազեկ աղբյուրներից, գրվել է նոյեմբերի 11-ին, ստորագրվել նոյեմբերի 14-ին եւ նույն օրն էլ ուղարկվել է սպասարկման կետերը:

Ըստ այդ հրամանի, «ԱրմենՏել»-ը, հաշվի առնելով անցած տարի մարտին կանխավճարային քարտերի ներդրմանը հաջորդած հերթերն ու բողոքները, այս անգամ որոշել է կանոնակարգել քարտերի վաճառքի ձեւերն ու մեթոդները: Այն է՝ մինչեւ նոյեմբերի 10-ն եղած դիմումները բավարարվելու են առաջին փուլում՝ 20 հազար քարտերի համար (բնականաբար, մինչ այդ որեւէ դիմում չի եղել), իսկ նոյեմբերի 11-ից հետո սկսվելու է երկրորդ փուլի համար դիմումների ընդունումը: Երկրորդ փուլում, որի հերթագրումը եւ կտրոնների բաժանումը հույս ունեն սկսել դեկտեմբերի 15-ից, եւս 100 հազար քարտի իրացում են նախատեսել:

Իսկ առայժմ մարդիկ մի քանի օր շարունակ գալիս են բաժանորդների սպասարկման կետեր եւ ձեռնունայն հեռանում: Շատ հավանական է, որ դիմումներն ընդունելուց, հերթագրելուց հետո նոր բազմամարդ հերթեր գոյանան քարտեր իրացնող «ԱրմենՏել»-ի հատուկ ստորաբաժանումներում: Չի բացառվում, որ այս անգամ էլ ճարպիկ մարդիկ գտնվեն, ովքեր ծանոթ-բարեկամների միջոցով մեծ քանակությամբ քարտեր ձեռք բերեն՝ շուկայում ավելի թանկ գնով վերավաճառելու նպատակով:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG