Մատչելիության հղումներ

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց «Արդարություն» դաշինքի առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը, ընդդիմությունը չի հրաժարվել անցած նախագահական եւ խորհրդարանակն ընտրությունների արդյունքները վիճարկող հայցով Եվրոպական դատարան դիմելու մտադրությունից:

«Մտադրության նամակը ուղարկվել էր Եվրոպական դատարան, ընդունվել էր այդ դատարանի կողմից», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում, ի պատասխան հարցին, թե հոկտեմբերի 17-ին լրացել է այդ հարցով Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու ժամկետը, շաբաթ օրը փոխանցեց Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության ղեկավար, Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ, անցած նախագահական ընտրություններում՝ ըստ պաշտոնական արդյունքների պարտված թեկնածու Ստեփան Դեմիրճյանը: - «Հիմա համապատասխան մասնագետնաերը աշխատում են հայցի վրա, եւ շուտով հայցը կուղարկվի Եվրոպական դատարան»:

Անդրադառնալով մշակվող հայցադիմումի՝ Հայաստանի համար հնարավոր հետեւանքներին՝ հաշվի առնելով, որ եվրոպական կառույցներում հայաստանյան ընտրությունների գնահատման առումով տեսակետերի փոփոխություն է նկատվում՝ կոշտ գնահատակաները մեղմանում են, Դեմիրճյանը ասաց. - «Հայտնի են դիտորդների ոչ թե կոշտ, այլ, ես կասեի՝ անաչառ, ադեկվատ գնահատականները: Եվ իհարկե՝ հիասթափեցնում է մոնիտորինգի [Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի] խմբի զեկույցը, որովհետեւ կետեր կան այդ զեկույցում, որոնք բացարձակապես ընդունելի չեն»:

Դեմիրճյանը կտրականապես համաձայն չէ զեկույցի այն արձանագրմանը, թե «խախտումները եղել են տարբեր թեկնածուների համար»: «Սա իսկապես հասկանալի չէ: Միգուցե գրեին՝ ձերբակալություններն է՞լ են եղել երկուստեք», - տարակուսեց նա՝ պարզաբանելով, թե ընդդիմությունը չէր կարող խախտումներ անել, քանի որ ընտրահանձնաժողովները ձեւավորել էր իշխանությունը: - «Հայտնի է նաեւ, որ ոստիկանությունը դարձել էր գործիք եւ հանում էր ընտրատեղամասերից մարդկանց, ովքեր պայքարում էին կեղծքիների դեմ»:

Դեմիրճյանի խոսքերում քողարկված դժգոհություն հնչեց եվրոպական կառույցների դեմ. - «Եվրոպական կառույցները պետք է լինեն հետեւողական եւ սկզբունքային, որովհետեւ եթե նրանք փոխում են իրենց դիրքորոշումները, դա ուղղակիորեն ազդում է այդ կառույցների հեղինակության վրա»:

Հարցին, թե համամի՞տ է արդյոք նախկին վարչապետ, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար անդամ Արամ Սարգսյանի համոզմանը, թե Հայաստանում առաջիկա մի քանի ամիսների ընթացքում արտահերթ ընտրությունների միջոցով իշխանափոխություն է իրականացվելու, Դեմիրճյանը ասաց. - «Ես չեմ ուզում կոնկրետ ժամկետների մասին խոսել, բայց օրինական իշխանության հաստատումը Հայաստանում առաջնահերթ խնդիր է: Սա հասարակական պահանջ է»:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG