Մատչելիության հղումներ

Հայտնաբերվել են «ՄիԳ-29»-ի բեկորները եւ օդաչուի մարմինը


Ինչպես հինգշաբթի օրը փոխանցեց Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, չորեքշաբթի կեսօրին Երեւանի «Էրեբունի» օդանավակայանից օդ բարձրացած եւ քիչ անց ռադարների էկրաններից անհետացած «ՄիԳ-29» մարտական ինքնաթիռի բեկորները հինգշաբթի առավոտյան հայտնաբերվել են Շիրակի մարզի Կաքավասար եւ Լուսաղբյուր գյուղերի միջեւ ընկած տարածքում: Ջախջախված ինքնաթիռից 30-40 մետր հեռավորություն վրա հայտնաբերվել է նաեւ զոհված օդաչուի՝ Կոնստանտին Կարդաշի դիակը։

Վթարված ինքնաթիռը պատկանում էր Հայաստանում տեղակայված ռուսաստանյան ռազմակայանին: Ռուսաստանյան ու հայաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչները, որոնց թվում նաեւ «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը, չեն կարողացել հասնել վթարված ինքնաթիռի մոտ՝ վատ եղականի պատճառով: Դեպքի վայր կարողացել էին ուղղաթիռով հասնել Ռուսաստանի զինվորական դատախազության ներկայացուցիչները եւ մասնագետները: Նրանց հետ դեպքի վայր մեկնած Գյումրիի «Ցայգ» հեռուստաընկերության օպերատորի խոսքերով, զոհված օդաչուի դիակը արդեն տեղափոխվել էր Երեւան:

Ռուսաստանից ժամանած մասնագետների նախնական եզրակացությամբ, վթարի պատճառը, ամենայն հավանականությամբ, եղանակային պայմաններն են եղել, ինչի հետեւանքով օդանավը բախվել է սարին:

Հայաստանի պաշտպանության նախարարի ենթադրությամբ էլ, օդանավի կործանման պատճառը եղանակային վատ պայմաններն են եղել:

«Փրկարարների առաջին ինֆորմացիան այն է, որ, կարծեք թե, ինքնաթիռը բախվել է սարին», - լրագրողներին ասաց Սերժ Սարգսյանը՝ ավելացնելով, թե վթարի այլ պատճառների դեպքում օդաչուն ինքը կմիացներ կատապուլտի մեխանիզմը: - «Բայց, ամենայն հավանականությամբ, այդ մեխանիզմը սկսել է աշխատել հարվածից հետո»:

Նախարարն ասաց, որ վթարի պատճառները հետաքննելու նպատակով երեկ գիշեր Հայաստան ժամանած՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարության մասնագետները կունենան իրենց հետաքրքրող հարցերի «հարյուր տոկոսանոց պատասխանները»:

«Կա ինքնաթիռը, գտնվել են այսպես կոչված սեւ արկղները: Որեւէ մութ հարց չի մնում», - ասաց Սերժ Սարգսյանը:


Հրաչ Մելքումյան եւ Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG