Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը պաշտպանում է ռուսաստանյան ռազմակայանի կոմունալ ծախսերը վճարելու որոշումը


Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը հինգշաբթի օրը, հստակություն մտցնելով Ռուսաստանի պաշտպանության նախարարի վերջին այցի ժամանակ ստորագրված համաձայնագրի վերաբերյալ, որով Հայաստանը պարտավորվել է վճարել Գյումրիում տեղակայված ռուսաստանյան ռազմակայանի կոմունալ ծախսերը (տարեկան 1.5 միլիոն դոլար), հայտարարեց, թե Ռուսաստանը դրա դիմաց փոխհատուցում է «շատ ավելի մեծ արժեքի ծառայություններով»:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը պարզաբանեց, որ վերջին օրերին այդ խնդրի առնչությամբ որոշ լրատվամիջոցներ անհարկի աղմուկ են բարձրացրել, մինչդեռ, իրականում Հայաստանը նման պարտավորություն ստանձնել էր դեռեւս 1996 թվականի սեպտեմբերի 27-ի պայմանագրով եւ մինչեւ 2002 թվականի նոյեմբերը բարեխղճորեն վճարել է ռազմակայանի կոմունալ ծառայությունների արժեքի 70 տոկոսը։ Իսկ 2002-ի նոյեմբերի 5-ին երկու երկրների կառավարության նախագահների ստորագրած պայմանագրով այդ կետը չեղյալ է համարվել:

«Այսինքն Հայաստանը այլեւս անվճար, առանց որեւէ փոխհատուցման այդպիսի վճարումներ չի կատարում», - պայմանագրի իմաստը պարզաբանեց Սերժ Սարգսյանը: - «2004 թվականի հունվարի 1-ին հայկական կողմը վերստին կվճարի ռուսաստանյան ռազմակայանի շուրջ 1,5 միլիոն դոլարի հասնող կոմունալ ծախսերը, իսկ ռուսական կողմը կփոխհատուցի շատ ավելի մեծ արժեքի ծառայություններով»:

Այդ ծառայություններից Սարգսյանը նշեց հայ սպաների կրթությունը Ռուսաստանում: Պաշտպանության նախարարը հիշեցրեց, որ 1996 թվականին Հայաստանը պարտավորվել էր Ռուսաստանում սովորող յուրաքանչյուր հայ սպայի ուսուցման դիմաց տարեկան 2500 դոլար վճարել, մինչդեռ, փաստացի վճարել ու այժմ էլ վճարում է ընդամենը 200 դոլար։ Ու այդ կերպ տարիների ընթացքում գոյացած շուրջ 52 միլիոն դոլարի հասնող պարտքը Ռուսաստանը 2002 թվականին դուրս է գրել:

«Այստեղ մենq ավելի շատ շահող ենք, քան կորցնող, որովհետեւ մենք այս բնագավառում տալու ավելի քիչ բան ունենք, քան ստանալու», - հայտարարեց Սերժ Սարգսյանը՝ Ռուսաստանի նման առատաձեռնությունն էլ բացատրելով այսպես. - «Որովհետեւ մենք ստրատեգիական դաշնակից ենք»:


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG