Մատչելիության հղումներ

Արմեն Ռուստամյան. «Քաղաքական չեզոքությունն իր սահմաններն ունի»


Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը համոզված է, որ հարկավոր է «փորձել բոլոր միջոցներով ժամանակին կանխել» հետընտրական Վրաստանում ներքին դիմակայության զարգացումներում երբեմն հնչող հակահայկական հայտարարությունները:

Նոյեմբերի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները շարունակական ցույցերում եւ հանրահավաքներում վիճարկում է Վրաստանի՝ արեւմտամետ ընդդիմությունը՝ պնդելով, թե նախագահ Էդուարդ Շեւարդնաձեի կողմնակիցները կեղծել են դրանց արդյունքները եւ պահանջում է նախագահի հրաժարականը: Ցավոք, «հայկական գործոնը» որ միշտ է դրական առումով գործածվում: Արդեն տեղեկություններ կան, որ հայերի նկատմամբ մեղադրական ու վիրավորական խոսքեր են հնչում նույնիսկ հանրահավաքներում:

«Մենք նաեւ չենք կարող, իհարկե, անտարբեր մնալ այն հայտարարությունների նկատմամբ, որոնք հակահայկական բնույթ ունեն, եւ պետք է փորձել բոլոր միջոցներով ժամանակին դա կանխել, որպեսզի դա ձնագնդի էֆեկտը չտա», - հինգշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրուցում ասաց Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, իշխանական կոալիցիայի կուսակցություններից Դաշնակցության ղեկավար անդամ Արմեն Ռուստամյանը: - «Քաղաքական չեզոքությունն իր սահմաններն ունի: Մենք ինքներս չպետք է մեր կողմից անենք քայլեր, որոնք կարող են այդ քաղաքական չեզոքությունը վերացնել»:

Շարունակելով, սակայն, Ռուստամյանը ասաց. - «Օրինակ՝ եթե գործը հասցնեն այնտեղ, որ սկսեն պայթեցումներ նույն գազատար խողովակի, ճանապարհներն սկսեն փակել, նույն այդ հակահայկական հիստերիան վերաճի նրան, որ սկսեն ներսում արդեն հայերի դեմ բռնություններ կիրառել, սա արդեն որեւէ կապ չի ունենա ընտրությունների հետ»:

«Եթե խոսում ենք ընտրությունների խախտումների մասին, մենք պետք է մեր բոլոր հնարավոր ազդեցությունը օգտագործենք, որպեսզի հնարավորինս շուտ իրավիճակը Վրաստանում կայունանա: Սա ամենակարեւոր խնդիրն է, սա ոչ թե անհրաժեշտ է միայն վրաց ժողովրդին, այլ անհրաժեշտ է ամբողջ տարածաշրջանին», - ասաց Ռուստամյանը:

Նրա գնահատականը միարժեք էր, թե Վրաստանի տարբեր քաղաքական ուժեր անհեռատես հայտարարություներ են անում, ինչը կարող է լարել իրավիճակը ողջ տարածաշրջանում: Սակայն, եթե նրանք ձգտում են իշխանության, ապա պետք է իմանան, որ «պետք է լինեն իշխանություն բոլորի համար, ովքեր Վրաստանի քաղաքացի են»:

Անդրադառանալով Վրաստանում առաջացած լարվածության մեջ արտաքին ազդեցությունների գործոնին, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը տեսակետ արտահայտեց, թե հարավկովկասյան տարածաշրջանում տարբեր գերտերությունների շահերն իրոք արտահայտված են, ինչը կարող է ունենալ ինչպես բացահայտ, այնպես էլ թաքնված բնույթ: Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի դեպքում, սակայն, Ռուստամյանը ավելի հակված է հենվել նախագահաներ Պուտինի եւ Բուշի՝ անցյալ մայիսին Հարավային Կովկասին վերաբերող հայտարարության վրա:

«Այնտեղ հստակ ասվում է, որ Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանը այսուհետեւ մերժում են իր անհեռանկարայնությունը ի ցույց դրած մեծ տերությունների մրցակցության մոդելը: Սա չափազանց կարեւոր հայտարարություն է: Ես կարծում եմ, ձեռնտու չէ այլեւս այդ մրցակցությունը տարածաշրջանում այն աստիճանի բարձրացնել, որը կբերի ի վերջո երկու գերտերությունների բախման», - հայտարարեց Արմեն Ռուստամյանը:

Գերտերությունները, ըստ Ռուստամյանի, գիտեն, թե ինչ են ուզում մեր տարածաշրջանում. - «Նրանք վստահաբար գտել են իրենց շահերի հատումն այստեղ»: Ուստի՝ չէին կարող անտարբեր լինել «չկայացած ժողովրդավարությունների պայմաններում ցնցումների հեռանկարով հղի ընտրությունների հարցում:

Ռուստամյանը կարծում է, որ Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը համաձայնեցված են գործում եւ դա սոսկ վրացական զարգացումներին չէ, որ վերաբերում է, այլ ողջ տարածաշրջանին. - «Իհարկե, պետք է ամեն ինչ արվի, եւ դա, կարծում եմ, կանեն, որպեսզի պրոցեսները մնան ի վերջո վերահսկողության տակ, զարգանան օրենքների շրջանակում»:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG