Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Ի՞նչ է լինելու Վրաստանում» եւ «Ինչո՞ւ հանկարծ Աբաշիձեն եկավ Երեւան» հարցերն այսօր քննարկվում են հայաստանյան բոլոր թերթերում: Աբաշիձեի «Աղորձինեբա» կուսակցության առաջնորդներից Ջեմալ Գոգիտիձեն «Ազգ»-ի թղթակցի հետ զրույցում հերքել է, թե Շեւարդնաձեն փորձում է Աբաշիձեին դարձնել խորհրդարանի նախագահ՝ վերջինիս համար Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու հնարավորությունը դարձնելով առավել մատչելի։ «Աբաշիձեն երբեք չի հավակնում խորհրդարանի նախագահի պաշտոնին, նրա մտահոգությունը Վրաստանի քաղաքական իրավիճակի կայունացումն է», - ասել է նա: Ընդդիմադիր Բուրջանաձե - «Միացյալ ժողովրդավարներ» նախընտրական դաշինքի առաջնորդներից Գեորգի Բարամիձեն էլ զարմանալի է համարել Աջարիայի առաջնորդի այցերը Երեւան եւ Բաքու։ Ըստ Բարամիձեի, առավել մտահոգիչ է, երբ Շեւարդնաձեի էմիսար Աբաշիձեին ընդունում են ամենաբարձր մակարդակով. - «Մենք վստահ ենք, որ Հայաստանը եւ Ադրբեջանը իրատեսական են գնահատում Վրաստանի ներքաղաքական իրավիճակը եւ չեն միջամտի Վրաստանի ներքին գործերին։ Բացի այդ, Աբաշիձեն չունի այն պաշտոնը, որը նրան հնարավորություն կտար ամենաբարձր մակարդակով ընդունելության արժանանալ Վրաստանին հարեւան եւ բարեկամ Հայաստանում եւ Ադրբեջանում», - «Ազգ»-ի թղթակցին ասել է Բարամիձեն։

«Հայկական ժամանակ» թերթի մատուցմամբ, Աբաշիձե-Շեւարդնաձե զույգը փորձում է «Վրաստանում ստեղծված ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման բանալիներ գտնել Հայաստանում եւ Ադրբեջանում». - «Վարկածներից մեկի համաձայն, Աբաշիձեն հույս ունի, որ հարեւան երկրների ղեկավարներն իրեն հատուկ գումարտակներ կտրամադրեն, որոնք կստանձնեն վրացական ընդդիմության ցույցերը ցրելու, նաեւ Վրաստանի նախագահի նստավայրն ու խորհրդարանի շենքը պաշտպանելու գործը», - գրում է «Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը: - «Եթե Աբաշիձեն, որպես Վրաստանի ապագա նախագահ, ստանա Հայաստանի եւ Ադրբեջանի աջակցությունը, կարող է Վրաստանի արտահերթ նախագահական ընտրություններում հաղթելու հրաշալի հնարավորություն ստանալ... Այս ամենը, սակայն, տեսության ոլորտից է: Գործնականում Վրաստանում ստեղծված ներքաղաքական ճգնաժամը դժվար թե հնարավոր լինի լուծել Շեւարդնաձե - Աբաշիձե զույգի գծած սցենարով: Ի վերջո, չպետք է մոռանալ, որ Աբաշիձեի՝ Վրաստանի նախագահ դառնալու հեռանկարը լուրջ դժգոհություն է առաջացնելու Վրաստանի քաղաքական էլիտայում»: «Հայկական ժամանակ»-ում նաեւ ուրվագծված է. - «Կարծիք կա, որ այս անգամ էլ հայկական զորքերի ներքաշումը Վրաստանի ներքին գործերին կարող է տեղի ունենալ տրանսպորտային պատրվակով. ասենք՝ Վրաստանից դեպի Հայաստան եկող գնացքների եւ ավտոշարասյուների համար խոչընդոտներ են հարուցվում, ու Վրաստանի իշխանությունները ՀՀ իշխանություններին առաջարկում են, հայկական բեռները պաշտպանելու համար, դրանք ապահովել զինված պահակախմբերով: Մնացածը, ինչպես ասում են, կընթանան առանց բարդությունների՝ մեկ-երկու պրովոկացիա, եւ հայկական զորքերը Վրաստանում գործելու լայն հնարավորություն կունենան. իհարկե՝ վրացական իշխանությունների հետ համատեղ»: «Հույս ունենք, սակայն, որ Հայաստանի գործող իշխանություններն այսպիսի քայլերի չեն դիմի», - ամփոփել է մեկնաբանը: - «Վրաստանի քաղաքացիները պետք է իրենք որոշեն իրենց երկրի հետագա ճակատագիրը»:

Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Կյուրեղյանի կարծիքով, Աջարիայի ինքնավար հանրապետության ղեկավար Ասլան Աբաշիձեն Հայաստան էր ժամանել Ռոբերտ Քոչարյանին խնդրելու Վրաստանի տարածք մտցնել հայկական զորքեր: «Վրաստանն այսօր իսկապես շատ ծանր վիճակում է: Սա առաջին դեպքը չէ, երբ վրացի ղեկավարները հասկանում են, որ իրենց միակ օգնականը կարող է լինել Հայաստանը», - ասում է նա «Այբ-Ֆե» թերթի հարցազրույցում: - «Հայաստանը, անկասկած, պետք է բավարարի Վրաստանի խնդրանքը: Մենք պարտավոր ենք օգնել մեր հարեւաններին, եթե անհրաժեշտ է՝ նաեւ մեր զորքի կիրառմամբ», - գտնում է ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավորը:

Իսկ Հայաստանի Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Ռուբեն Հովսեփյանը, որը որպես դիտորդ ներկա էր եղել Վրաստանի ընտրություններում, «Առավոտ» թերթում շեշտում է. - «Մեր խառնվելը Վրաստանի ընտրություններին կարող է հանգեցնել շատ բարդ հետեւանքների: Առանց այն էլ՝ այդ ամբողջ ընտրական գործընթացում սեւ ուրվականի պես անցնում էին հայերին առնչվող մեղադրանքները՝ «հայկական հեղաշրջում», «հայազգի առաջնորդներ», «հայկական արյուն» եւ այլն: Հարավային Կովկասում հայկական ֆենոմենը բացասաբար ներկայացնելու միտում կա: Ո՜ւր մնաց, թե Հայաստանը հանկարծ նաեւ միջամտի: Անհեռատես եւ սխալ կլիներ»: Ի վերջո Ռուբեն Հովսեփյանը բանաձեւում է. - «Խնդիրը գոնե մեզ համար ոչ թե Շեւարդնաձեին փրկելն է, այլ Վրաստանի կայունությունը: Այն կարող է եւ ապահովվել ընդդիմության միջոցով»:

Ըստ «Հայոց աշխարհ» թերթի, Հայաստան եւ Ադրբեջան շրջագայությամբ Ասլան Աբաշիձեն, իսկ նրա միջոցով՝ Շեւարդնաձեն, փաստորեն փորձում են աշխարհի հզորներին եւ սեփական ընդդիմությանը ցույց տալ, որ տարածաշրջանային առումով ներկա իշխանությունները անվերապահորեն նախընտրելի են ընդդիմությունից: «Այս իրավիճակում ավելորդ է դառնում անգամ խոսել մեր որոշ լրատվամիջոցների կողմից տարածվող վարկածի մասին, թե իբր Ասլան Աբաշիձեն Հայաստանի նախագահին խնդրել է զորք մտցնել Վրաստան՝ իրավիճակը կայունացնելու համար», - բխեցնում է «Հայոց աշխարհ»-ի մեկնաբանը՝ նաեւ նշելով. - «Անկախ նրանից, թե ինչպիսի վարչակարգ կլինի Վրաստանում, Հայաստանը միշտ էլ հարաբերությունները Վրաստան պետության հետ պայմանավորելու է իր ազգային շահերը՝ սեփական կոմունիկացիաների անվտանգությունը, վիրահայության իրավունքների հարգումը եւ այլ խնդիրները գործող իշխանության միջոցով հետապնդելու եւ լուծելու անվերապահ առաջնահերթությամբ։
Տվյալ առաջնահերթության շրջագծում Հայաստանի կողմից Վրաստանի իշխանություններին ցույց տրվող ներկա չափավոր աջակցությունը միանգամայն արդարացված է»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG