Մատչելիության հղումներ

Ռուսաստանի ռազմական ինքնաթիռը անհետացել է Հայաստանի օդային տարածքում


Չորեքշաբթի օրը ռուսաստանյան «ՄիԳ-29» ռազմական ինքնաթիռը ուսումնամարզական թռիչքի ժամանակ անհետացել է Հայաստանի օդային տարածքում:

Ինչպես «Ազատություն» փոխանցեց Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Սեյրան Շահսուվարյանը, Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանին պատկանող մարտական ինքնաթիռը անհետացել է ռադարների էկրաններից Երեւանի «Էրեբունի» օդանավակայանից օդ բարձրանալուց որոշ ժամանակ անց:

Շահսուվարյանի խոսքերով, Հայաստանի կառավարության արտակարգ իրավիճակների վարչության փրկարար ջոկատը որոնումներ է ձեռնարկել Թուրքիային սահմանամերձ Արթիկի շրջակայքում՝ ուր ենթադրաբար կարող էր վայր ընկնել ինքնաթիռը հնարավոր վթարի դեպքում:

Վկայակոչելով Հայաստանում տեղակայված ռուսաստանյան զինվորական աղբյուրներ, «Իտառ-Տասս» գործակալությունը հաղորդել է, թե տեղի բնակիչները տեսել են վայր ընկնող «ՄիԳ-29»-ը: Արտակարգ իրավիճակների վարչության խոսնակ Նիկոլայ Գրիգորյանը, այդուհանդերձ, «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ 20.00-ի դրությամբ փրկարարները ինքնաթիռի բեկորներ կամ վթարի այլ հետքեր չեն հայտնաբերել: Նրա խոսքերով, ընդամենը կասկածներ կան, թե ինքնաթիռը վթարի է ենթարկվել Արթիկի մերձակայքում:

Անհայտ է նաեւ օդաչուի՝ 39-ամյա Կոնստանտին Կարդաշի գտնվելու վայրը:

Հաղորդվում է նաեւ, որ որոնման աշխատանքներին մասնակցում են ռուս զինվորականներ: Ռուսաստանի Ռազմաօդային ուժերի լրատվական ծառայության պետ, գնդապետ Ալեքսանդր Դրոբիշեւսկին, ըստ ռուսական ինտերնետային թերթերից մեկի, ասել է, որ որոնման աշխատանքներում օգտագործվում են ուղղաթիռներ: Նրա խոսքերով, որոնումներն ընդհատվել են մութն ընկելուց հետո եւ կշարունակվեն վաղը: Դրոբիշեւսկին ասել է նաեւ, որ Մոսկվայում ստեղծվել է հատուկ հանձնաժողով, որը Երեւան կժամանի չորեքշաբթի ուշ երեկոյան:


Արմեն Զաքարյան եւ Էմիլ Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG