Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայկական ժամանակ» թերթը «սենսացիոն» է որակել Աջարիայի ինքնավար հանրապետության ղեկավար Աբաշիձեի՝ երեկվա չնախատեսված այցը Երեւան: Ակնարկվում է, որ հիմնական նպատակներից մեկն է եղել Ռուսաստանի պաշտպանության նախարար Իվանովին հանդիպելը: «Քաղաքական դիտորդները չեն բացառում, որ Աբաշիձեն Ռոբերտ Քոչարյանին խնդրել է զորք մտցնել Վրաստան՝ իրավիճակը կայունացնելու համար», - ավելացնում է թերթը: - «Մանավանդ որ՝ ժամանակին Լեւոն Տեր-Պետրոսյանին նման խնդրանքով դիմել է Վրաստանի գործող նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն»: «Ազգ» թերթի մեկնաբանը լրատվական հոսքերից քաղել է, որ Ռոբերտ Քոչարյանը «լիովին աջակցություն է հայտնել Շեւարդնաձեին», հեռախոսազրույցում, ըստ Վրաստանի նախագահի մամլո ծառայության հաղորդագրության, ասել է, թե «Վրաստանի հայ քաղաքացիներն ընտրություններում միաձայն արտահայտել են իրենց աջակցությունը Շեւարդնաձեին»։ «Նշենք, որ Վրաստանի հայերը միաձայն չեն պաշտպանել կառավարամետ «Հանուն նոր Վրաստանի» դաշինքը», - շարունակում է «Ազգ»-ի մեկնաբանը: - «Ճիշտ է, Շեւարդնաձեի աջակցությունը վայելող դաշինքի օգտին քվեարկել են հիմնականում երկրի երկու խոշոր էթնիկ փոքրամասնությունները՝ ադրբեջանցիները (մոտ 90 տոկոս) եւ հայերը (մոտ 70 տոկոս), սակայն այս «աջակցությունը» ստացվել է առավելապես «սեւ» քարոզչության, շանտաժի, բացահայտ սպառնալիքների պայմաններում»։ Ընդհանուր առմամբ, «Ազգ»-ում խտացված է. - «Անդրկովկասյան երեք հանրապետությունները 2003 թվականի իրենց ընտրություններով եվրոպական կառույցներին հասկացրին, որ իրենք այնքան էլ ժողովրդավարական չեն։ Եվրոպան երեք երկրների ընտրությունների կեղծիքները հավասարապես դատապարտեց՝ բոլորին չափելով նույն արշինով»։

«Հայաստանի տեղը, ըստ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգային հանձնախմբի զեկույցի, այնքան ժամանակ կլինի Վրաստանի եւ Ադրբեջանի կողքին, քանի դեռ չենք քաղաքակրթվել արդար ու ազատ ընտրություններ անցկացնելու համար», - վերջին գնահատականներին է այսօր անդրադառնում «Առավոտ» թերթը։ - «Բայց ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու ունակությունը կարելի է ապացուցել միայն ընտրությունների ժամանակ, այսինքն 4-5 տարի հետո: Այս ողջ ընթացքում մենք պետք է քայլենք Եվրախորհրդի դժգոհության դամոկլյան սրի ներքո, քանի որ Հայաստանի իշխանություններն այդպես էլ չհաջողեցին կատարել եվրոպացիների առաջ ստանձնած որոշ պարտավորություններ»։ «Հենց որ սկսում ես վարժվել վատին, կյանքը տեղնուտեղը ավելի է վատանում», - գրում է այսօր «Հայոց աշխարհ» թերթի խմբագիրը։ - «Նոր-նոր էինք համակերպվել (կամ ձեւացրել, թե համակերպվել ենք) քաղաքակիրթ ընտրությունների անցկացման ու մահապատժի վերացման վերաբերյալ Եվրախորհրդի տխմար պահանջների հետ, հիմա էլ պահանջում են, որ մենք շտապ գրանցենք «Եհովայի վկաներին», հանենք քրեական օրենսգրքից զրպարտության եւ վիրավորանքի համար նախատեսված պատիժները, ինչպես նաեւ ընդունենք այլընտրանքային զինծառայության մասին իրենց նախընտրած տարբերակը»։ «Եվրոպան հաստատ հիվանդ է» - ախտորոշում է խմբագիրը: - «Համբերության բաժակը լցված է։ Ժամանակն է, ժամանակն է հասցնել Եվրոպայի կուշտ, ինքնագոհ մռութին, փախչել սարերն ու հպվել մեր արմատներին ու ակունքներին»։

«Ռսի ոտը մեր վրա թանկ նստեց», - ձեւակերպել է այսօր «Առավոտ»-ը այն առիթով, որ 2004թ. հունվարի 1-ից սկսած Հայաստանում տեղաբաշխված ռուսական ռազմակայանի կոմունալ ծախսերը վճարելու է Հայաստանը՝ պետական բյուջեից: «Խոսքը տարեկան ավելի քան 1 մլն 200 հազար դոլարի մասին է: Սա մոտ 2500 ուսուցիչների մեկ տարվա աշխատավարձն է», - ընդգծում է «Հայկական ժամանակ» թերթը: - «Կարծում ենք, մեր կրճատված ուսուցիչներն ըմբռնումով կմոտենան մեր իշխանությունների նման քայլին. չէ՞ որ հինգ հազարանոց ռուսական բազան չեզոքացնում է թուրք ենիչերիների սպառնալիքը: Իսկ հանուն դրա կարելի է նաեւ անգրագետ մնալ»: «Առավոտ»-ի մեկնաբանը, որպես մեր երկրի շարունակական առաջընթացի առհավատչյա, օրախնդիր է համարել այսօր որոշ թեզեր ամրագրել «Օրինաց երկիր» կուսակցության նախարարների հաշվետվություններից, որ հնչեցին իրենց համագումարում: Մասնավորապես, Թամարա Պողոսյանից մեջբերվում է հետեւյալը. - «Մինչեւ հիմա մենք գիտեինք, որ մենք ունեինք ֆինանսավորման ոչ մի սկզբունք չկար չափորոշիչների՝ որ կազմակերպությանն ինքան էինք տալիս, ինչ սկզբունքով էինք տալիս: Այսուհետեւ մենք մտնում ենք շուկայական հարաբերությունների տրամաբանության դաշտը»: Այդ նույն հավաքում «Օրինաց երկիր»-ի խորհրդարանական խմբակցության նախագահ Սամվել Բալասանյանը հայտարարել է, որ գիտության ու կրթության բարեփոխումների փաթեթը, որոնց պատճառով տեղի են ունենում ուսուցիչների կրճատումներ, իրենք ժառանգություն են ստացել եւ ստիպված իրենք են այսօր բացատրություն տալիս դրա համար, եւ ինչ վերցնում են, տակից գարշահոտ է փչում: Կրթության եւ գիտության նախկին նախարար, Դաշնակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանը «Հայկական ժամանակ» թերթի հարցազրույցում այսօր արձագանքում է. - «Ցավալի է, որ պատասխանատու անձն իր կուսակցության անունից համագումարում կոալիցիոն գործընկերների նկատմամբ թույլ է տալիս էթիկայի կանոններին բոլորովին հակասող արտահայտություններ: Ես հույս ունեմ, որ «Օրինաց երկիր»-ը քննության կառնի նման պահվածքը: Հակառակ պարագայում պիտի ընդունենք, որ իսկապես քաղաքական կյանք է մուտք գործում գարշահոտությունը»: Լեւոն Մկրտչյանը հավաստիացնում է, որ իրականում բոլոր հիմքերը կային դպրոցի բարեփոխումներն առանց ցնցումների անցկացնելու համար: Մինչդեռ հիմա լուրջ մտահոգություններ են կուտակվել: «Ես մեծ մտահոգություն ունեմ ուսուցիչների սոցիալական ապահովության համար նախատեսված այդ 2 միլիոն դոլարի համար: Դա ուսուցիչները պետք է կանխիկ ստանան: Եթե այդ գումարը որոշվեց ծախսել տարբեր տիպի վերապատրաստումների համար, կարծում եմ, դա կնշանակի այդ գումարի փոշիացում», - ասում է Լեւոն Մկրտչյանը:

Աջափնյակի թաղապետի ընտրության հետքերով մամուլում շարունակվում է կողմերի մտափոխանակությունը՝ «Ով է ավելի սակավամիտ» շրջանակում: Վերընտրված թաղապետ Արծրուն Խաչատրյանը «Այբ-Ֆե» թերթի հարցազրույցում Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին այսօր պատասխանում է. - «Եթե նա ինձ սակավամիտ է անվանում, ուրեմն ինքը ընդհանրապես զրո է, քանի որ պարտություն է կրել սակավամիտից»: Ընդհանուր առմամբ, Խաչատրյանը ավետում է. - «Առաջին անգամ Աջափնյակում եւ ընդհանրապես հանրապետությունում տեղի ունեցան ժողովրդավարական ընտրություններ»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG