Մատչելիության հղումներ

Երեքշաբթի օրը Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հետընտրական Վրաստանում տիրող իրավիճակի մասին հեռախոսազրույց է ունեցել այդ երկրի նախագահ Էդուարդ Շեւարդնաձեի հետ՝ հույս հայտնելով, որ իրավիճակը կկայունանա հնարավորին կարճ ժամանակահատվածում»:

Հեռախոսազրույցին հետեւել է Աջարիայի ինքնավար հանրապետության ղեկավար Ասլան Աբաշիձեի անակընկալ այցը Երեւան: Վրաստանի նախագահի եւ արեւմտամետ ընդդիմության դիմակայության մեջ Աբաշիձեն աջակցում է Էդուարդ Շեւարդնաձեին: Ուշ երեկոյան տեղի է ունեցել Աբաշիձե -Քոչարյան հանդիպումը: Խոհրդային Միության փլուզումից հետո սա Աբաշիձեի առաջին այցն է Հայաստան:

Թբիլիսիի փողոցներում, մինչդեռ, շարունակվում են ցույցերը ընդդեմ նոյեմբերի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների, որոնք, ընդդիմության պնդմամբ, կեղծվել են հօգուտ Շեւարդնաձեի կողմնակիցների: Վերջինս պաշտպանության նախարարի հայտարարությունից հետո, թե իրավիճակը երկրում «գործնականում անվերահսկելի է», իր հերթին, մեղադրել է արմատական ընդդիմությանը հեղաշրջում նախապատրաստելու մեջ:

«Քննարկվել են Վրաստանի խորհրդարանական ընտրություններից հետո ստեղծված իրավիճակին առնչվող մանրամասներ», - Շեւարդնաձեի հետ հեռախոսազրույցի եւ Աբաշիձեի հետ հանդիպման վերաբերյալ առանձին հաղորդագրություններում նշել է նախագահի մամլո գրասենյակը: - «Ռոբերտ Քոչարյանը հույս է հայտնել, որ իրավիճակը կկայունանա հնարավորին կարճ ժամանակահատվածում»:

«Քաղաքական կայունությունն անհրաժեշտ է ոչ միայն Վրաստանի, այլեւ Հայաստանի ու ողջ տարածաշրջանի համար», - Շեւարդնաձեի հետ հեռախոսազրույցում ասել է Հայաստանի նախագահը: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Հայաստանը միշտ ուշադրությամբ հետեւել է Վրաստանի ներքին քաղաքական զարգացումներին: Լեռնային Ղարաբաղի հակամարտության սկզբից ի վեր այդ երկրով է անցնում Հայաստանն արտաքին աշխարհի հետ կապող հիմնական ուղին:

Դա այսօր մեկ անգամ եւս նշել է Հայաստանի պաշտպանության նախարար, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Սերժ Սարգսյանը: Երեւանում Ռուսաստանի պաշտպանության նախարար Իվանովի հետ համատեղ մամուլի ասուլիսում պատասխանելով Վրաստանում տիրող իրավիճակին վերաբերող հարցին, Սարգսյանը ասել է, թե Հայաստանի համար Վրաստանի իրավիճակը շատ կարեւոր է, որովհետեւ այդ երկրով է անցնում Հայաստան մտնող միակ աշխատող երկաթգիծը:


Էմիլ Դանիելյան եւ Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG