Մատչելիության հղումներ

Ինչպես երեքշաբթի օրը Երեւանում հայտարարեց Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովը, Ռուսաստանը կշարունակի արտոնյալ պայմաններով զենք տրամադրել Հայաստանին, ինչպես նաեւ մտադիր է արդիականացնել Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի սպառազինությունը:

Երկօրյա այցի ավարտին հայաստանյան իր գործընկեր Սերժ Սարգսյանի հետ համատեղ ասուլիսում հայտնելով, որ Ռուսաստանը շարունակելու է «արտոնյալ պայմաններով» զենք մատակարարել Հայաստանին, Սերգեյ Իվանովը չմանրամասնեց, թե խոսքը ինչ քանակի եւ տեսակի զենքի մասին է: Ռուսաստանի պաշտպանության նախարարը փոխարենը ընդգծեց, որ զենքի տրամադրումը չի ազդի տարածաշրջանի կայունության վրա:

«Ռուսաստանից ռազմական տեխնիկայի առանձին զինատեսակների բոլոր մատակարարումները Հայաստան՝ որպես Հավաքական անվտանգության պայմանագրի գծով դաշնակցի, տարածաշրջանում անկայունություն չեն մտցնում, քանի որ դրանք կրում են զուտ պաշտպանական նշանակություն», - ասաց Իվանովը՝ ավելացնելով, որ հայ-ռուսական ռազմական համագործակցության նպատակը Հայաստանի պաշտպանունակությունն ամրապնդելն է:

Հավաքական անվտանգության պայմանագրի անդամ երկրների միջեւ գործող պայմանագրով, այդ երկրները արտոնյալ պայմաններով են միմյանց զենք եւ զինամթերք մատակարարում, ինչն էլ, Իվանովի խոսքերով, գրավիչ է դարձնում այդ կազմակերպությունը:

Ռուսաստանը մտադիր է նաեւ արդիանականացնել Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի սպառազինությունը՝ առանց քանակապես ավելացնելու զինվորական ներկայությունը: «Եթե խոսենք սվինների ավելացման մասին, ապա այդպիսի ծրագրեր չկան», - ասաց նա:

Հայաստանում գտնվող ռուսական ռազմակայանում կա 5 հազար զինծառայող, եւ այդ քանակը, Ռուսաստանի պաշտպանության նախարարի խոսքերով, բավարար է: Բավարար չէ, սակայն, սպառազինության որակը: Ռազմակայանը անհրաժեշտ է վերասպառազինել ամենաժամանակակից, նորագույն զենքերով: Թեեւ նման վերասպառազինման կարիք ունեն Ռուսաստանի զինված ուժերի բոլոր զորամասերը, բայց «այստեղ դա ավելի հրատապ հարց է»:

Ռուսաստանի պաշտպանության նախարարը, ամփոփելով այցի արդյունքները, ասաց, թե նպատակը հայ-ռուսական համագործակցության զարգացումն ու խորացումն էր ռազմական եւ ռազմատեխնիկական բնագավառում:

2004 թվականի հայ-ռուսական ռազմական համագործակցության ծրագրից բացի, երկու երկրների պաշտպանության նախարարները այսօր եւս մի փաստաթուղթ են ստորագրվել, որով Ռուսաստանի ռազմակայանին նոր տարածքեր են տրամադրվելու Հայաստանում: Ռուս նախարարի խոսքերով, դա հնարավորություն կտա ռուս զինվորականներին «ավելի հարմար զգալ իրենց»:

Այցի շրջանակներում Սերգեյ Իվանովը հանդիպումներ է ունեցել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG