Մատչելիության հղումներ

Առաջարկվել է Հայաստանը թողնել Եվրախորհրդի մոնիտորինգի ռեժիմում


Նոյեմբերի 5-ին Փարիզում տեղի ունեցած Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի նիստում ներկայացված Հայաստանի պարտավորությունների կատարման գծով համազեկուցողների միջանկյալ զեկույցում առաջարկվել է Հայաստանը թողնել Եվրախորհրդի մոնիտորինգի ռեժիմում՝ մինչեւ հաջորդ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները:

«Նախ՝ որոշվում է, որ չի դադարեցվելու Հայաստանի մոնիտորինգի գործընթացը մինչեւ հաջորդ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացումը», - երկուշաբթի օրը հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարեց փարիզյան նիստին մասնակցած Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը: - «Հայաստանը պետք է ապացուցի, որ ընդունակ է կազմակերպել ազատ եւ արդար ընտրություններ՝ միջազգային ճանաչված նորմերին համապատասխան»:

Հայաստանը, այսպիսով, դուրս չի բերվի Եվրախորհրդի մոնիտորինգի ռեժիմից անգամ այդ կազմակերպությանը անդամակցությամբ ստանձնած պարտավորությունները սահմանված ժամկետներում եւ ամբողջությամբ կատարելու դեպքում:

Չկատարված պարտավորություններ Հայաստանը դեռ ունի: Անդրադառնալով դրանց՝ Արմեն Ռուստամյանը ասաց. - «Պիտի փոխվի Ընտրական օրենսգիրքը՝ Եվրախորհրդի եւ ԵԱՀԿ-ի (Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպություն) հետ համագործակցաբար: Սահմանադրական բարեփոխումների համար իրենք առաջարկում են ժամկետներ, որոնք իրականությանը այսօրվա առումով չեն համապատասխանում, եւ, կարծում եմ, այստեղ դեռ շատ լուրջ քննարկումների հարց կա»:

Հայաստանի պարտավորությունների կատարման ընթացքի միջանկյալ զեկկույցում ,որը կազմել են պատգամավորներ Յերժի Յասկերնիան եւ Ռընե Անդրեն, առաջարկվում է, որ մինչեւ տարեվերջ Եվրախորհրդի փորձագետներին ներկայացվի սահմանադրական բարեփոխումների փաթեթը, իսկ հանրաքվեն կազմակերպվի արդեն 2004 թվականի առաջին կիսամյակում: Այլընտրանքային քաղաքացիական ծառայության մասին օրենքը առաջարկվում է ընդունել մինչեւ տարեվերջ՝ ծառայության տեւողության «խելամիտ սահմանումով»:


Այս հարցում Հայաստանի իշխանությունների եւ Եվրախորհդրի միջեւ ակնհայտ տարաձայնություններ կան: Հայաստանի օրենսդիրները այլընտրանքային ծառայությունը տեսնում են որպես զինվորական ծառայությունը՝ սովորական զինծառայողներից մեկ տարով ավելի ծառայության ժամկետով: Եվրախորհուրդը, սակայն, պնդում է, որ «խելամիտ ժամկետներ» սահմանվեն այլընտրանքային քաղաքացիական եւ ոչ թե զինվորական ծառայության համար:

Մինչեւ տարեվերջ առաջարկվում է նաեւ Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելով ապաքրեականացնել «զրպարտություն» հոդվածը, Վարչական օրենսգրքից հանել 15-օրյա կալանքի ենթարկելու հնարավորությունը, ինչը կիրառվեց նախագահական ընտրություններին հետեւած բողոքի ցույցերի մասնակիցների նկատմամբ: Առաջարկներ կան նաեւ մամուլի եւ էլեկտրոնային լրատվամիջոցների մասին օրենքների մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ:

Արմեն Ռուստամյանը «խելամիտ» չի համարում ժամկետը, որ առաջարկվում է այս ողջ փաթեթի ընդունման համար՝ մինչեւ 2004-ի առաջին եռամսյակի ավարտը:

Հիշեցմանը, թե Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի սեպտեմբերյան նստաշրջանից հետո Ազգային ժողովի փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը ասել էր, թե Ստրասբուրգում պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի պարտավորությունների կատարման ժամկետները երկարաձգել մինչեւ 2005 թվականի հունվարի 1-ը, Արմեն Ռուստամյանը պատասխանեց. - «Ոչ թե մեր առաջարկություններն են, որ հաշվի են առնվում, այլ իրենց որոշումներն են, որ դառնում են ի վերջո ժամկետ... Խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովը այս ժամկետները որոշել է»:

Ռուստամյանը, այդուհանդերձ, նշեց, որ եթե Հայաստանը չտեղավորվի նշված ժամկետներում, դրանք կարող են եւ փոխվել:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG