Մատչելիության հղումներ

logo-print

Նաիրի Հունանյանը պնդում է, թե իրենց նպատակը սոսկ Վազգեն Սարգսյանի պաշտոնանկությունն էր


«Հոկտեմբեր 27»-ի դատավարության այսօրվա նիստում ամբաստանյալ Նաիրի Հունանյանը, որը սկսեց իր ելույթը դատական վիճաբանությունների փուլում, հայտարարեց, թե 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովի դահլիճ զինված մուտք գործելու նպատակը Վազգեն Սարգսյանի եւ նրա գլխավորած կառավարության հրաժարականն էր:

Դատարանի դահլիճն այսօր լեփ-լեցուն էր. ներկա էին տուժողներ՝ պատգամավորներ, նախկին եւ ներկա նախարարներ: Կային նույնիսկ բոլորովին անծանոթ դեմքեր, ովքեր երեք տարվա ընթացքում երբեւէ չէին եկել այս դատավարության ընթացքին հետեւելու:

Ներկայացուցչական այս կազմը կարելի է բացատրել թերեւս նրանով, որ դատավարության վերջին փուլում ակնկալվում է, որ ամբաստանյալ Նաիրի Հունանյանը կարող է հերթական սենսացիոն հայտարարությունները հրապարակել: Չի բացառվում նաեւ, որ նման կազմը պատրաստ է կանխել ամբաստանյալի հնարավոր սադրիչ գործողությունները:

Նպատակ հետապնդելով ամեն գնով ապացուցել եւ հիմնավորել, որ իրենց սխալ հոդվածներով են մեղադրանք առաջադրել, որ հին ու նոր օրենսգրքերը սխալ են համապատասխանեցվել, ահաբեկիչների պարագլուխը ասաց, թե Ազգային ժողով զինված մտնելու նպատակը մեկն էր. - «Մենք նպատակ ենք հետապնդել հասնել վարչապետի հրաժարականին եւ նոր կառավարություն կազմել: Այսինքն՝ կատարել փոփոխություն, պետական իշխանության մասնիկ գործադիր իշխանությունում, այն էլ ոչ ամբողջությամբ, այլ՝ վարչապետի»:

Նրա խոսքերով, իրենք իշխանություն քայքայելու նպատակ չեն հետապնդել, զինված հարձակումը ուղղված է եղել միայն Վազգեն Սարգսյանի եւ նրա կողմնակիցների դեմ:

«Ուժով իշխանությունը զավթած բիրտ ուժի դեմ ուժ դնեմ, որ ժողովուրդը վերջապես կարողանա տեղից շարժվել եւ ինքն իր ճակատագիրը տնօրինելու իրավունքը վերագտնել», - հայտարարեց նա:

Հունանյանն իր ելույթը չվերջացրեց եւ այն կշարունակի վաղվա նիստում:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG