Մատչելիության հղումներ

Ինչպես երկուշաբթի օրը հաղորդել է կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը երեքշաբթի օրը կմեկնի «կարճատեւ արձակուրդ՝ այդ ընթացքում առողջության հետ կապված ընդհանուր հետազոտություն անցնելով Մոսկվայում»:

Հաղորդագրության մեջ նշված չէ, թե ինչով է պայմանավորված այդ հետազոտությունն անցնելու անհրաժեշտությունը: Ավելացված է սոսկ, որ մինչեւ Անդրանիկ Մարգարյանի վերադարձը՝ նոյեմբերի 18-ը, վարչապետի պարտականությունները ժամանակավորապես կկատարի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանը:

Իրազեկ աղբյուրի փոխանցմամբ, Ռուսաստանի մայրաքաղաքում հետազոտության է ենթարկվելու վարչապետի սիրտը: 52-ամյա վարչապետը չորս տարի առաջ սրտի վիրահատություն է տարել Երեւանում, իսկ անցած տարի մոտ երկու շաբաթ բուժվել է Ֆրանսիայում: Ըստ նույն աղբյուրի, Մոսկվայում եւս Անդրանիկ Մարգարյանը ստանալու է բուժման նույն կուրսը:


Էմիլ Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG