Մատչելիության հղումներ

Հայաստանը, ամենայն հավանականությամբ, կստանա հերթական վարկը Արժույթի միջազգային հիմնադրամից


Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Ջեյմս Մըք Հյուն ուրբաթ օրը դրական գնահատական տվեց երկրում հարկային հավաքագրումներին եւ մյուս մակրոտնտեսական ցուցանիշներին։ Դա նշանակում է, որ Արժույթի միջազգային հիմնադրամի՝ նոյեմբերի 24-ին կայանալիք տնօրենների խորհրդի հերթական նիստում կհաստատվի Հայաստանին հերթական 14 միլիոն դոլար վարկի հատկացման որոշումը։

Մըք Հյուն լրագրողներին հրավիրել էր ասուլիսի, որին մասնակցում էր նաեւ Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Էնրիկե Գելբարդը: Վերջինս Երեւան է ժամանել հիմնադրամի գործադիր տնօրեն Հորսթ Քոհլերի առաջիկա այցը նախապատրաստելու նպատակով:

Գելբարդի փոխանցմամբ, Քոհլերը Հայաստան է գալիս ճանաչողական այցով, որի ընթացքում հանդիպումներ կունենա երկրի ղեկավարների, տնտեսության ղեկավար պաշտոնյաների, հասարակական կազմակերպություների ներկայացուցիչների հետ:

Արդեն գալիք երկուշաբթի Հորսթ Քոհլերը Հայաստանի ղեկավարների հետ կքննարկի հիմնադրամի հետ հայաստանի համագործակցության հնարավոր հեռանկարները։ Հարկ է հիշել, որ ընթացքի մեջ գտնվող Աղքատության կրճատման եւ տնտեսական աճի օժանդակության 95 միլիոն դոլար արժողության եռամյա վարկային ծրագիրն ավարտվում է 2004 թվականին։

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե հնարավո՞ր է, որ գործողության մեջ դրվի Հայաստանի հետ Արժույթի միջազգային հիմնադրամի միջնաժամկետ համագործակցության նոր ծրագիր, Էնրիկե Գելբարդը պատասխանեց. - «Եթե Հայաստանը խնդրի նմանատիպ մի նոր պայմանավորվածություն, ապա հարցը կքննարկվի հիմնադրամի կողմից եւ դրանից հետո որոշում կկայացվի օգնության շարունակության վերաբերյալ։ Այնպես որ, գոյություն ունի եւս մեկ համաձայնության հնարավորություն, եթե Հայաստանի իշխանությունները նման ցանկություն հայտնեն»։

Որպես կանոն, երբ երկրները բարելավում են իրենց տնտեսական ցուցանիշները, այլեւս ազգային դրամի կայունացման վարկերի կարիք չեն զգում ու, բնականաբար, հրաժարվում են ԱՄՀ-ի ծառայություներից։ Արժույթի միջազգային հիմնադրամի հետ հարաբերությունները խզվում են նաեւ քաղաքական պատճառներով: Մերձբալթյան երկրները, օրինակ, հրաժարվեցին հիմնադրամի վարկերից՝ հայտարարելով, որ ԱՄՀ-ն չափից ավելի է միջամտում իրենց երկրների ներքին գործերին։ Ռուսաստանը եւս հրաժարավել է Արժույթի հիմնադրամի ծառայություններից։

Հայկական դրամն առայժմ ունի ԱՄՀ-ի կայունացման վարկերի կարիքը։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG