Մատչելիության հղումներ

logo-print

Վերահսկիչ պալատի նախագահը կրկին քննադատում է մասնավորեցման գործընթացը


Ազգային ժողովի վերահսկիչ պալատի նախագահ Գագիկ Ոսկանյանը ուրբաթ օրը կրկին խիստ քննադատություն ենթարկեց մասնավորեցման գործընթացը: Բազմաթիվ նոր սեփականատերեր, նրա խոսքերով, չեն կատարում իրենց պարտավորությունները՝ առանց որեւէ իրավական հետեւանքի:

«Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում Գագիկ Ոսկանյանը փոխանցեց, որ մեկ տարվա ընթացքում Վերահսկիչ պալատը 37 ուսումնասիրություն է կատարել: Դրանցից 25-ի վերաբերյալ հաշվետվություն է ներկայացվել Ազգային ժաղովին եւ կառավարությանը, 5 գործ ուղարկվել է գլխավոր դատախազություն:

Պալատի նախագահի խոսքերով, վերահսկողությունը իրականցվում է հիմնականում 4 ուղղություններով. բյուջեի եկամուտներ եւ ծախսեր, գույքի մասնավորեցում, արտաքին վարկային ծրագրեր եւ համայնքային բյուջե:

Լուրջ խնդիրներ կան գույքի մասնավորեցման հետ կապված՝ մասնավորեցումից հետո պարտավորությունների կատարաման առումով: «Այդ բնագավառում, ցավոք, շատ տխուր է իրավիճակը», - ասաց Ոսկանյանը: - «44 ընկերություններից 17-ը չեն կատարել իրենց վերցրած պարտավորությունները: 19 ընկերություններ, որոնք սոցիալական երաշխիքների առիթով են վերցրել պարտավորություններ, ընդհանրապես չեն կատարել»:

Որպես օրինակ բերվեց Աշտարակի «Տրանզիստոր» գործարանը, որը երեք տարի առաջա վաճառվել էր 761 հազար դոլարով (իրական գնի 8,5 տոկոսը): Այս տարի ավարտվում է 10 մլն դոլարի ներդրումային պարտավորությունների կատարման ժամկետը: «Բայց, պատկերացրեք, իրենք հաջողացրել են առաջին տարին ներակայացրել 1 մլն 641 հազարի ներդրում, եւ պետական գույքի կառավարման այն ժամանակվա նախարարությանը այդ ներդրումը ընդունել է որպես մտավոր ներդրում, որն իր մեջ պարունակում է երկու տեխնոլոգիա եւ ֆիրմայի անունը, ինչը անհեթեթ է»: Գործարանի նոր տերը չի կատարել նաեւ տարեկան 400 հազար դոլարի աշխատավարձ վճարելու եւ 150 աշխատատեղ ստեղծելու պարտավորությունները:

Ոսկանյանը լուրջ խնդիրներ մատնանշեց նաեւ առողջապահության բնագավառում: Երեւանի կենտրոնում գտնվող Կոսմետոլոգիայի ինստիտուտը, օրինակ, 1998-ին 100 տոկոսով մասնավորեցվել է՝ քառակուսի մետրը 20 դոլարով: Հարեւան շենքում գտնվող ատամնաբուժարանը արդեն 2000-ին մասնավորեցվել է քառակուսի մետրը ընդամենը 5 դոլարով:

Վերահսկիչ պալատի ուսումնասիրությունները ցույց են տվել նաեւ, որ համայնքներում բյուջե ընդհանրապես չի ձեւավորվում՝ հատկապես Արարատի, Լոռու, Սյունիքի համայնքներում: «Այն տպավորություն է ստեղծվում, որ համայնքները իրենց ամբողջ հույսը դրել են պետության կողմից ստացված դոտացիայի վրա», - ասաց Գագիկ Ոսկանյանը:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG