Մատչելիության հղումներ

Հայաստանն ու Ռուսաստանը ստորագրում են անվտանգության խորհուրդների համագործակցության 2004 թվականի ծրագիրը


Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Վլադիմիր Ռուշայլոյի եռօրյա այցի ավարտին ուրբաթ օրը վերջինս եւ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը ստորագրել են երկու երկրների անվտանգության խորհուրդների համագործակցության ծրագիրը 2004 թվականի համար:

«Մեր երկրները չունեն ընդհանուր սահման, բայց ունեն ընդհանուր նպատակներ եւ խնդիրներ Կովկասում կայունության եւ խաղաղության ապահովման առումով», - փաստաթղթի ստորագրումից հետո հրավիրված համատեղ ասուլիսում ասաց Վլադիմիր Ռուշայլոն:

Փաստաթուղթը, Հայաստանի պաշտպանության նախարարի փոխանցմամբ, ներառում է բազմաթիվ միջոցառումներ՝ «սկսած անվտանգության խորհրդի քարտուղարների փոխայցելություններից մինչեւ ընդհանուր տեսակետերի ձեւավորում, մինչեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկում»:

Սերժ Սարգսյանը նշեց, որ հայ-ռուսական հարաբերություններին վերաբերող ամենաէական պայմանագրերը ստորագրվել են անվտանգության խորհուրդների քարտուղարների կողմից: «Սա այն պարզ պատճառով, որ նրանք անմիջապես աշխատում են նախագահների հետ եւ իրագործում են նախագահների ծրագրերն ու կամքը», - բացատրեց նա:

Ամփոփելով իր եռօրյա այցի արդյունքները, Վլադիմիր Ռուշայլոն ասաց. - «Մենք եկանք միասնական կարծիքի, որ ժամանակակից կյանքում անվտանգությանը սպառնացող վտանգները պահանջում են մեր երկրների առավել ակտիվ եւ խորը համագործակցությունը բոլոր ուղղություններով եւ բոլոր մակարդակներում»:
Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի համոզմամբ, ելնելով Կովկասում ստեղծված իրավիճակից, անհրաժեշտ է ակտիվացնել համագործակցությունը հատկապես անվտանգության խորհուրդների շրջանակներում, ինչպես երկկողմանի, այնպես էլ բազմակողմ՝ Կովկասյան քառյակի ֆորմատով: Ռուշայլոն նաեւ տեղեկացրեց, որ առաջարկություն ունեն վրաց գործընկերների կողմից, եւ նախատեսում են 2004 թվականի առաջին կեսին Կովկասյան քառյակի հանդիպում կազմակերպել:

Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ տնտեսական համագործակցությունը, ըստ Վլադիմիր Ռուշայլոյի, ունի դրական տեղաշարժ հատկապես երկու երկրների նախագահների հանդիպումներից հետ: Նա նկատեց, որ վերջին երեք տարիների ընթացքում ապրանքաշրջանառությունը Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ էապես աճել է: «Տնտեսական համագործակցության ոլորտում առաջընթացը մեծ է հատկապես էներգետիկ ոլորտում», - ասաց Ռուշայլոն:

Վլադիմիր Ռուշայլոն չհերքեց, որ չլուծված հարցեր կան «Գույք՝ պարտքի դիմաց» ծրագրի իրագործման ճանապարհին՝ առանց, սակայն մանրամասնելու:

«Անկասկած, կան մի շարք չլուծված հարցեր», - ասաց նա: - «Բայց այդ իրավիճակի գնահատման եւ կանխատեսման խնդիրները լուծում են միջկառավարաման հանձնաժողովի աշխատանքային խմբի մասնագետները՝ փորձագետները»:

Անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, որ այցի ընթացքում քննարկվել է գրեթե բոլոր հանդիպումների ժամանակ, ռուսաստանցի պաշտոնյան, շեշտելով, որ Ռուսաստանը Մինսկի խմբի շրջանակներում մասնակից է գործընթացին, ասաց. - «Մենք աշխատում են այնպիսի դիրքրոշմամբ, որ մեր ազդեցությունը միայն դրական լինի, եւ չծանրացնի առանց այդ էլ բարդ իրավիճակը: Այժմ ստեղծվել է «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակ, եւ անկասկած այստեղ հիմնական դեր պետք է խաղան երկու երկրների՝ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների շփումները»:

«Ադրբեջանում նոր են կայացել նախագահական ընտրությունները եւ Իլհամ Հեյդարովիչ Ալիեւին դեռ ժամանակ է պետք, որպեսզի նա արձամբ՝ նախագահական մակարդակում զգա ու գնահատի իրավիճակը, եւ հանդես գա նաեւ ադրբեջանական կողմից ռեալ առաջարկներով ու դիրոքորշմամբ», - շարունակեց Ռուշայլոն՝ նշելով, որ Հայաստանի դիրքորոշումները հայտնի են: - «Ես չեմ կարծում, թե Ռուսաստանը պետք է այստեղ ճնշում գործադրի եւ պարտադրի ինչ-որ որոշումներ»:


Շաքե Ավոյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG